Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՖԻԼՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ

Հուլիս 12,2007 00:00

\"\"Մալխասյանը կտա ապացույցները հետազոտելուց հետո, Արոյանն ընդունեց զենքի մասով մեղադրանքը

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, Մնաց Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի դեմ քրեական գործի դատաքննությունը:

Դատական նիստերի դահլիճը փոխվել էր, զգալիորեն «համեստացել էր» չափերի առումով, եւ մարդիկ հարցնում էին. «Հինգ հոգանոց կաբինետ մեզ ինչո՞ւ եք բերել»:

Մեղադրող Արթուր Մկրտչյանը (Արցախի նախկին ղեկավարի անվան եւ ազգանվան վրա ուշադրություն հրավիրեց նաեւ Սեֆիլյանը) հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ Ժ. Սեֆիլյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի կոչերով տապալելու եւ ապօրինի զենք կրելու մեջ: Մալխասյանի վրա զենքի հոդված չկար, նա Սեֆիլյանի նման մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչերի համար: Իսկ Վահան Արոյանը մեղադրվում էր անօրինական զենք պահելու մեջ: Ժ. Սեֆիլյանն իրեն մեղավոր չճանաչեց, ասաց. «Մեղադրանքն իրավաբանական մասով անհեթեթ է, իսկ քաղաքական մասով՝ հասկանալի»: Սեֆիլյանը հրաժարվեց ցուցմունք տալ եւ հանդես եկավ հայտարարությամբ:

Մալխասյանն իրեն մեղավոր չճանաչեց եւ ասաց, որ ունի ապացույցներ, անհերքելի հիմնավորումներ, որ իրենց նկատմամբ իրականացվում է քաղաքական պատվեր, ինչի արդյունքում իրենք 8 ամիս է՝ զրկված են ազատությունից: Վահան Արոյանը, որը կրկին զինվորական համազգեստով էր եկել դատարան, երեկ ասաց, որ մեղավոր է, քանի որ պահել է օրենքով չգրանցված զենք ու զինամթերք: Սակայն որպես ազատամարտիկ ու սահմանամերձ բնակավայրի բնակիչ, գտնում էր, որ պետք է պատրաստ լինել երկիրն ու օջախը պաշտպանելու: Վահանից առգրավված զենքի հավաքածուի մեջ կային նագաններ, ատրճանակներ, հրացաններ, ինքնաձիգ, փամփուշտ, իսկ ժամանակագրական առումով ամենահին զենքը 1942թ. արտադրության էր:

Ժիրայր Սեֆիլյանն ունի երկու պաշտպան. փաստաբաններ Արա Զաքարյանն ու Վահե Գրիգորյանը, Մալխասյանի պաշտպանությունն իրականացնում է Մուշեղ Շուշանյանը, իսկ Արոյանը պաշտպան չունի: Պաշտպանական կողմն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սեֆիլյանի, Մալխասյանի, Արոյանի, ինչպես նաեւ Արմեն Եղյանի, Արմեն Աղայանի, Արայիկ Սողոմոնյանի, Արմեն Ավագյանի, Գրիգոր Մարտիրոսյանի բնակարանների խուզարկությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության քննիչներ, որոնք քննչական խմբի անդամ չեն եղել: Ուստի փաստաբանները առաջ քաշեցին այդ ճանապարհով ձեռք բերված ապացույցների օգտագործման անթույլատրելիության հարցը: Դատավոր Մնաց Մարտիրոսյանը ցանկացած միջնորդության համար ասում էր, որ ժամանակին չի արված: Ի դեպ, պաշտպանական կողմը նրան համարեց զգացմունքներով առաջնորդվող դատավոր:

Փաստաբաններ Արա Զաքարյանն ու Վահե Գրիգորյանը միջնորդեցին Սեֆիլյանի նկատմամբ կալանքը փոխարինել երաշխավորությամբ (ներկայացվեց ԱԺ 7 պատգամավորի երաշխավորագիրը) կամ գրավով, նաեւ ակնարկեցին, որ առարկության դեպքում լիարժեք պատասխանվի հետեւյալ հարցերին. քրգործով ո՞ր նյութերն են հիմք տրվել կալանքին, գրավ ինչո՞ւ չի կիրառվում, ի՞նչ կարող է անել Սեֆիլյանը ազատության մեջ գտնվելով: Սեֆիլյանի պաշտպանների կարծիքով՝ իրենց պաշտպանյալի գործողություններում հանցակազմ չկա: Դատավորն ասաց, որ միջնորդությունը կքննարկվի ապացույցների հետազոտումից հետո:

Նկատենք, որ նախաքննական մարմինը, երբ դիմել է այս նույն դատարան՝ կալանք ընտրելու հարցով, այս նույն դատարանում որեւէ ապացույց չի եղել: Երեկ հրապարակվեց անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին դատարանի կողմից ընդունված որոշումը՝ գաղտնալսման մասին: Գաղտնալսվել է դեկտեմբերի 2-ի «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության հավաքը՝ պարարվեստի ուսումնարանում, իսկ դեկտեմբերի 10-ին ձերբակալվել է Սեֆիլյանը, խուզարկվել են նրա համակիրների բնակարանները: Ուշադրության արժանի է այն, որ Կենտրոնի դատարանի դեկտեմբերի 1-ի գաղտնալսման թույլտվության մասին որոշման մեջ նշված է. «Մի խումբ անձինք ծայրահեղական վերաբերմունք ունեն իշխանությունների վերաբերյալ, զանգվածային միջոցներով կոչեր են արել»: Սակայն ոչ կոչն էր այդ ժամանակ հնչել ու ոչ էլ հավաքը եղել: Պաշտպանները հաջորդ նիստին կբերեն լեզվաբանական բառարաններ, ուր կտրվի նաեւ կոչի պարզաբանումը:

Երեկ դատարան բերված հայտնի հավաքի տեսաերիզն ու ձայներիզը միմյանցից տարբերվում էին: Մասնավորապես, Վարդան Մալխասյանը տեսագրության մեջ ասում էր. «Սրանց դեմ պետք է պայքարել իրենց զենքով», իսկ ձայնագրության մեջ՝ «Սրանց դեմ պետք է պայքարել միայն զենքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031