Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզողները շատ են, բայց ամուսնանալ չի ուզում

Հուլիս 13,2007 00:00

«ՎիվաՍելլի» ծնողներն առայժմ դեմ են նրան ամուսնացնելուն

«Մեր ընկերությունը նման է մի սիրուն աղջկա, որը 18 տարեկան է: Նրա շուրջը տարբեր փեսաներ են պտտվում, զանգահարում են, ուզում են հանդիպել, ծանոթանալ, սիրտը գրավել, սակայն այս աղջիկը չի ուզում ամուսնանալ եւ փեսացուներին ասում է՝ ես իմ կյանքը առջեւս ունեմ, ուզում եմ ապրել, մի քիչ ժամանակ տվեք, շատ անելու բաներ ունեմ, դեռ հասունացած չեմ ամուսնանալու համար»,- երեկ բջջային կապի երկրորդ օպերատոր «ՎիվաՍելլ» ընկերության 2-ամյակի միջոցառման ժամանակ ընկերության հնարավոր վաճառքի հետ կապված «Առավոտի» հարցին այսպես պատասխանեց «ՎիվաՍելլի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում «ՎիվաՍելլով» հետաքրքրված պոտենցիալ «փեսացուներն» էին ռուսական MTC եւ «Մեգաֆոն» բջջային օպերատորները: Սակայն, ինչպես նշեց պարոն Յիրիկյանը, «ՎիվաՍելլն» առայժմ ուզում է հորական տանը կյանք անել եւ ամուսնանալու մտադրություն չունի: Իսկ թե ո՞ր արժանիքների համար են «ուզողները» երիտասարդ հարսնացուի դռները ջարդում, պարզվում է՝ այդ արժանիքները քիչ չեն: «Մոտավորապես 1 միլիոն ու 50 հազար բաժանորդ ունենք, որից 200 հազարից ավելին կլասիկ քարտի բաժանորդներն են»,- տեղեկացրեց պարոն Յիրիկյանը: Նկատենք, որ «ՎիվաՍելլը» տան «թաք» աղջիկն է, քույր-եղբայր չունի, ուստի հարցին, թե չե՞ք ուզում մի աղջիկ էլ ունենաք՝ «ԱրմենՏելը» գնել, Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց. «Մենք նման տրամադրվածություն չունենք: Մեր նպատակն է աշխուժացնել շուկան: Եթե ուզենք վերցնել «ԱրմենՏելը», ապա պիտի վերդառնանք մենաշնորհային վիճակին, որին մենք չենք ձգտում: Դրա վկայությունն է սակագների բարելավումը»:

Հարսնացուի ծննդյան տոնին մասնակցելու համար Հայաստան է եկել «ՎիվաՍելլի», կարելի է ասել, ամբողջ ցեղը՝ ընկերության լիբանանցի սեփականատեր, տնօրենների խորհրդի նախագահ Պիեր Ֆաթուշի գլխավորությամբ: Նա իր ելույթում «անող-դնող» հարսնացուի մասին այնքան գովեստի խոսքեր ասաց, որ հնարավոր է շուտով «ՎիվաՍելլի» փեսացուների թիվը մի քանիսով ավելանա: Պ. Ֆաթուշի խոսքերով՝ «Մենք շարունակելու ենք բջջային հեռահաղորդակցության ոլորտում լինել առաջինը, մանավանդ որ արդեն գրավել ենք բաժանորդների 67%-ը: Այս 2 տարիների ընթացքում մենք հասցրել ենք ներդնել 250 միլիոն եվրո: 1 միլիոն բաժանորդների ընտրությանն արժանանալն ընդամենը սկիզբն է, մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր ցանցի հնարավորությունները»:

Ինչ վերաբերում է «ԱրմենՏելի» ձեռքբերումներին, ըստ Ռալֆ Յիրիկյանի, ռուսների ղեկավարության օրոք ընկերությունը ավելի ակտիվ գործունեություն է ծավալում, քան հույների ժամանակ էր, այնուամենայնիվ, «ՎիվաՍելլը», ըստ պարոն Յիրիկյանի, նրանից առաջ է. «ԱրմենՏելը» նոր ծառայություններ է ներդնում միայն մեզանից հետո, մենք ենք անում, նոր՝ նրանք: Մենք ավելի ագրեսիվ ռազմավարություն ենք վարում: «ՎիվաՍելլն» արդեն աշխատում է երրորդ սերնդի ծառայությունների ներդման ուղղությամբ, իսկ «ԱրմենՏելը» դեռ ավարտում է աշխատանքները երկրորդ սերնդի ծառայությունների վրա»: Նա ասաց նաեւ, որ հաջորդ տարի իրենց ընկերության բաժնետերերը պատրաստվում են բաժնետոմսերը հանել ֆոնդային բորսա՝ վաճառքի. «Այդպես մեր բաժանորդները կդառնան «ՎիվաՍելլի» բաժնետեր»:

Հուլիսի 1-ից արդեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, ինչպես «ալո», այնպես էլ «իզի» եւ «գոու» կանխավճարային քարտեր ձեռք բերելու համար բաժանորդները պետք է ընկերության հետ գրավոր պայմանագիր կնքեն: «Առավոտի» հարցին՝ հանձնաժողովի որոշման հետ կապված բաժանորդների հետ խնդիրներ չե՞ն առաջանում՝ պարոն Յիրիկյանը պատասխանեց, որ իրենց բաժանորդների թիվը դրանից չի նվազել. «Դա ամենեւին էլ չի վնասում մեր աշխատանքին, մարդիկ պատրաստ են դրան, շատ հանգիստ անձնագրերի պատճենները ձեռքներին գալիս են պայմանագիրը կնքելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել