Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 13,2007 00:00

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԸ ՉԵՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԻ

Երկու օր առաջ Հակոբյան թիվ 9 եւ 11 շենքերի երեխաներն իրենց բակի խաղահրապարակի մոտ ցույցի էին դուրս եկել: Պատճառն այն էր, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Արաբկիրի ոստիկանության որոշ աշխատակիցներ փորձել էին իրենց խաղահրապարակի ցանկապատը քանդել, ծառերը կտրել ու անգամ կարուսելներն ու ճոճանակները քանդել: Այս մասին արդեն անդրադարձել ենք «Առավոտի» երեկվա համարում: Երեկ մեր թերթին տված պարզաբանման ժամանակ Արաբկիր համայնքի թաղապետարանի լրատվական ծառայությունից հավաստիացրին, որ թաղապետը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իրենց փողով բարեկարգված խաղահրապարակը քանդեն: Ըստ նրանց, կառուցվող խանութի տարածքը ոչ մի կապ չունի խաղահրապարակի հետ: Դրանք պարզապես հարակից տարածքներ են: Նրանց մեկնաբանմամբ՝ «Այս տարվա գարնանը Հակոբյան փողոցի բնակիչները դիմել էին թաղապետարան՝ թիվ 9 եւ 11 շենքերի հարակից տարածքը խաղահրապարակ դարձնելու համար: Թաղապետարանի ֆինանսավորմամբ տարածքը բարեկարգվել է, տեղադրվել են ճոճանակներ, նաեւ հանգստի համար տաղավար եւ նստարաններ: Խաղահրապարակի հարակից տարածքը 10 տարի շարունակ վարձակալությամբ տրված է եղել «Ափունց» ՍՊԸ-ին: Չնայած ՍՊԸ-ն այդ տարածքում շինարարության թույլտվություն է ունեցել, սակայն տարածքն այդ նպատակով երբեւէ չի օգտագործել»: Թաղապետարանի տվյալներով՝ 2004-ից քաղաքապետի թիվ 60 որոշմամբ՝ «Ափունց» ՍՊԸ-ի վարձակալած տարածքը վաճառվել է անհատ ձեռներեց Վասպուր Վարդանյանին, որն էլ իրեն պատկանող 40 քմ տարածքում խանութ է կառուցելու:

Գ. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել