Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԲՈՂՈՔՆԵՐ ԼՂՀ-ԻՑ

Հուլիս 17,2007 00:00

ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Յուրի Զաքարյանը երեկ եւս մի՝ արդեն 3-րդ դիմում-բողոքն է ուղարկել ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանին:

Այս նոր բողոքում մասնավորապես նշված է, թե «հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի հաղթանակն ապահովելու համար ԼՂՀ որոշ շրջաններում լայնորեն կիրառվում է ընտրացուցակների արհեստական ուռճացումը: Այսպես, մասնավորապես ԼՂՀ Քաշաթաղի, Շուշիի եւ Շահումյանի շրջաններում տեղի վարչական եւ ուժային ղեկավարության ճնշմամբ ՀՀ-ից տարածք են փոխադրվում ԼՂՀ քաղաքացի չհանդիսացող եւ հանրապետությունում չբնակվող անձինք, որոնց անձնագրերում դրվում է ԼՂՀ ժամանակավոր հաշվառման կնիքը՝ ընտրությունների հնարավոր կեղծման համար հող նախապատրաստելու համար: Այսպես, օրինակ, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքի ընտրողների թիվը հուլիսի 14-ի դրությամբ աճել 15%-ով: Հավաքագրվում են Ստեփանակերտում հաշվառված այն անձանց անձնագրերը, որոնք մշտապես բնակվում են Ասկերանի շրջանում՝ ակնհայտորեն ստեղծելով զանգված՝ ապօրինի հնարավոր «լցոնումների» համար»:

Դիմումում նաեւ հիշատակված են նոր փաստեր ընտրախախտումների մասին. «Նախագահի թեկնածու Բակո Սահակյանի՝ հուլիսի 14-ին հանրապետական «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում, ի խախտումն ընտրական օրենսգրքի պահանջների՝ հերթական անգամ տրվել են նյութական կարգի խոստումներ՝ նորակազմ ընտանիքներին 300 հազարական դրամ, իսկ ընտանիքում ծնվող 3-րդ ու 4-րդ երեխայի համար համապատասխանաբար՝ 3 եւ 4 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ: Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի ընտրական տեղամասի շենքի ճակատին կպցված են ԿԸՀ-ի կոչը եւ թեկնածու Բակո Սահակյանի քարոզչապաստառը (լուսանկարը առկա է)»:

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանից երեկ «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբի բողոքների կապակցությամբ, սակայն նա ասաց, որ դիմումներն առայժմ ուսումնասիրվում են, եւ քննարկելուց հետո, անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկվեն միջոցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել