Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզը կփակե՞ն

Հուլիս 17,2007 00:00

Թիվ 76 մանկապարտեզի տարածքը «համեղ պատառ» է էլիտար շենքեր կառուցողների համար:

Արդեն մի քանի օր է՝ Փափազյան 8 հասցեում գործող թիվ 76 մսուր-մանկապարտեզի երեխաներն իրենց անհոգ խաղը թողած՝ դաստիարակ-դայակների ու ծնողների հետ մանկապարտեզը փակելու դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպում: Նրանց խիստ անհանգստացնում է այն, որ վերջերս մանկապարտեզում ստուգումները հաճախակիացել են, ինչը, ըստ տնօրեն Զվարթ Զաքարյանի, նշանակում է, որ ստուգող մարմինները մանկապարտեզի վրա «կեղտ» են ման գալիս, որպեսզի այն փակեն:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմեց մանկապարտեզի տնօրենը, մի քանի ամիս է՝ իրենց հանգիստ չեն տալիս կրթության եւ գիտության տեսուչները, սանէպիդծառայության, ֆինանսների նախարարության ու Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում մանկապարտեզում թերություններ հայտնաբերելու համար. «Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Երբ 5 ամիս առաջ սանէպիդկայանից եկան՝ ընդամենը մի քանի թերություն նշեցին. միջանցքներում ջերմաստիճանը ցածր էր, ծորակներից տաք ջուր չէր գալիս, սննդի կալորիականությունը ցածր էր: Հունիս ամսին այդ նույն սանէպիդից եկել էին ու 34 թերություն են նշել, ինչպես այդքան կետեր ավելացան՝ չհասկացա: Դրանց մեջ գրված էր նաեւ, որ մեր մանկապարտեզի շենքը պետք է հիմնովին նորոգվի: Իսկ ինձ որտեղի՞ց գումար, որ շենքն էլ վերանորոգեմ»: Մանկապարտեզը վերանորոգելու խնդրանքով Զ. Զաքարյանը դիմել է ՀՀ նախագահի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին, ինչին ի պատասխան՝ Արաբկիրի թաղապետարանից նրան նամակ է եկել, որ թիվ 76 մանկապարտեզի շենքը սեյսմակայուն չէ եւ այն պետք է հիմնովին վերակառուցվի: Տնօրենի ներկայացմամբ. «Անգամ գումար չունենք վերանորոգման համար, էլ ուր մնաց վերակառուցելու: Արաբկիրի թաղապետարանից էլ այսօր պետք է գան ֆինանսական ծախսերը ստուգելու, ի՞նչ ֆինանսի մասին է խոսքը, երբ թաղապետարանը մեզ ֆինանսավորում է կիսով չափ, այսինքն՝ մեր դաստիարակներին վճարում են 20-հազարական դրամ, այլ ոչ թե՝ 40 հազար: Իրենց տվա՞ծն են ստուգելու, չեմ թողնի, ընդամենը 3 օր առաջ եմ կրթության նախարարության տեսուչներին ճանապարհել: Ամենայն հավանականությամբ, օլիգարխներից մեկն այս տարածքի վրա աչք ունի, քանի որ մանկապարտեզի կողքով պողոտա է կառուցվում ու կողքի տարածքներն էլ արդեն վաճառված են: Այս ամենը կազմակերպում են, որ ինձ վտարեն ու տարածքը վաճառեն»:

Տիկին Զաքարյանի ներկայացմամբ, ստուգման գնալիս օրենքով նախատեսված է 3 աշխատանքային օր առաջ գրավոր նախազգուշացնել. «Իսկ թաղապետարանի ստուգողները միայն նախորդ օրն են բանավոր նախազգուշացրել ու ծանուցագիրն էլ բերել են գալու օրը՝ առավոտյան, որն էլ կազմված էր հետին ամսաթվով»: Մեր այցելության պահին երեխաների ծնողներն ու դաստիարակները աղմուկ-աղաղակով մանկապարտեզի դարպասներից ներս չէին թողնում Արաբկիրի թաղապետարանի աուդիտի գլխավոր մասնագետին ու նրան ուղեկցողներին: Չնայած դրան՝ նրանք մուտք գործեցին տիկին Զաքարյանի աշխատասենյակ ու պահանջեցին անհրաժեշտ փաստաթղթերը: Մանուկներին սատարելու էր եկել ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Նա իր հետ բերել էր «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքը, որից մեջբերումներ էր անում՝ ապացուցելու, որ թաղապետարանն իրավունք չունի հուլիսի 16-ից շուտ թիվ 76 մանկապարտեզում ստուգումներ անցկացնել: «Առավոտը» թաղապետարանի գլխավոր աուդիտոր Ջանիբեկ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են այս մանկապարտեզում այդքան հաճախակի ստուգումներ անցկացնում: Ջ. Սահակյանի վստահեցմամբ, իրենք վերջին անգամ այս մանկապարտեզը ստուգել են մեկ ու կես տարի առաջ:

Արաբկիրի թաղապետարանից այս առնչությամբ պարզաբանեցին, որ մանկապարտեզի տարածքը չի վաճառվելու եւ որ ստուգումների ավարտին իրենք «Առավոտին» կտրամադրեն դրանց արդյունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել