Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՈՎՅԱՆՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵՑ

Հուլիս 18,2007 00:00

Վանաձորի ամենահին վարժարանի շենքի մի մասը նոր տեր ունի, իսկ մյուս մասնաշենքի ճակատագիրն անորոշ է:

Վանաձորի Սողոմոն Աբովյանի անվան թիվ 1 ազգային վարժարանը տեղակայված լինելով քաղաքի կենտրոնում՝ Դպրոցի 20 հասցեում, «ախորժակ» էր գրգռում: Բնագիտական, հումանիտար, ֆիզմաթ, օտար լեզուների եւ ազգային արհեստների հոսքեր ունեցող կրթօջախը 2003-ին «տարրալուծվեց» Վանաձորի թիվ 20 եւ 1 դպրոցների մեջ, այնուհետեւ 2004-ին աճուրդի դրվեց: Դպրոցի կոլեկտիվը, ծնողներն ու աշակերտները դիմեցին տարբեր ատյաններին, Հայաստանի Հանրապետության առաջին դեմքերին, Ամենայն հայոց կաթողիկոսին, եւ աճուրդը ժամանակավորապես կասեցվեց:

Վերջերս շենքը նորից աճուրդի դրվեց ու նրա մի մասնաշենքը վաճառվեց ոմն Ռուբեն Պետրոսյանի, որի հետ ոչ մի կերպ չհաջողվեց կապվել՝ հեռախոսը չէր պատասխանում: Ափսոս, պրն Պետրոսյանից չհաջողվեց պարզել, թե ինչ նպատակով է նա օգտագործելու ձեռք բերած 1627 քմ տարածքը եւ արդյո՞ք տեղյակ է, որ, ըստ օրենքի, օպտիմալացման արդյունքում ազատված շինությունները, որտեղ կրթօջախներ են տեղակայված եղել, պետք է ծառայեն միայն կրթական նպատակներով:

Ս. Աբովյանի անվան վարժարանի 2 մասնաշենքերից մեկը, ըստ կրթօջախի արդեն նախկին փոխտնօրեն Սոֆյա Քալանթարյանի, պատմամշակութային արժեք է ներկայացնում: «Վարժարանի 2 մասնաշենքերից մեկը պատմամշակութային հուշարձան է համարվում, այն Ղարաքիլիսայի տոհմիկ բարերարների՝ Սողոմոն եւ Ալեքսանդր Աբովյանների կողմից 1912թ. նվիրատրվել էր Ղարաքիլիսայի դպրոցին եւ այդ օրվանից մինչեւ 2003թ. չարաբաստիկ օպտիմալացումը՝ ծառայել է զուտ կրթական նպատակների»,- փաստեց տիկ. Սոֆյան: «Վարժարանը իր կառուցվածքով տարբերվում էր մյուս բոլոր կրթական միավորներից նրանով, որ մեզ մոտ սովորում էին 9-10-րդ դասարանի երեխաներ՝ ողջ համայնքի դպրոցներից, իսկ ուսուցիչներն ու աշակերտները ընտրվում էին մրցույթով»,- հավելեց նա:

Լոռու մարզպետարանից փորձեցինք ճշտել, թե ինչ ճակատագիր է սպասվում օպտիմալացված վարժարանին: Կրթության բաժնի պետ Մինաս Սայադյանը «Առավոտին» հեռախոսով ասաց, որ ինքն առանձնապես տեղեկություն չունի, եւ ընդամենը տեղյակ է, որ հարցն ուսումնասիրվում է քաղաքապետարանում ու մարզպետարանում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանն էլ փոխանցեց. «Հին մասնաշենքը որպես հնություն առայժմ պահպանվում է փակի տակ ու պահակությամբ, մինչեւ տեսնենք՝ ինչ ճակատագիր կվճռենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031