Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՆԴԻՐԸ ՄԱՐԶԻՉՆԵՐՆ ԵՆ»

Հուլիս 18,2007 00:00

\"\"«Պեկին-2008» օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականների աշխատանքները համադասող շտաբի նիստում համոզմունք հայտնեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նիստի օրակարգում դրված էին Եվրոպայի ա ռաջնություններին ազատ, հունահռոմեական, ձյուդո ըմբշամարտերի, ծանրամարտի եւ բռնցքամարտի Հայաստանի մարզիկների մասնակցության արդյունքների, ինչպես նաեւ աշխարհի առաջնությունների մասնակցության նախապատրաստական աշխատանքների մասին քննարկումները:

Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ էլ հիշեցրեց, որ այսօր պետությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Աթենքից հետո անցած երեք տարիների ընթացքում արել են հնարավոր ամեն բան՝ հատկապես մեր հենակետային մարզաձեւերի հավաքականների համար մարզումային բոլոր պայմաններն ապահովելու համար: «Եթե առաջ մարզիկները ջեռուցում, լույս, ջրամատակարարում չլինելու պատճառով տարվա ընթացքում մարզվում էին 6-7 ամիս, ու դրա համար էլ սպասվող արդյունքները չէին արձանագրվում,- հայտարարեց Գ. Ծառուկյանը,- հիմա նման խնդիր գոյություն չունի: Հետեւաբար, եթե այսօր տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում մեր առաջատար մարզիկները ձախողվում են, դա նախ եւ առաջ մարզիչների մեղավորությունն է: Աթենքից հետո պետությունը որդեգրել է մի նոր քաղաքականություն. ֆեդերացիաները, հավաքականների մարզիչները պետության ու ՀԱՕԿ-ի առջեւ կոնկրետ պարտավորություններ են ստանձնել: Բայց, ցավոք, բացի ծանրորդներից՝ ոչ ոք իր խոստումները չի կատարել»:

Այնուհետեւ վերոնշյալ մարզաձեւերի հավաքականների գլխավոր մարզիչները հաշվետու եղան անցած ամիսներին կատարած աշխատանքների համար, ներկայացրին առաջիկայում կատարելիք աշխատանքների ծրագրերը: Սակայն հարկ է նշել, որ ելույթ ունեցողներից ոչ ոք այդպես էլ անհաջողությունների պատճառների լուրջ վերլուծություն չկատարեց՝ բավարարվելով միայն վաղուց բոլորին հայտնի վիճակագրական տվյալները կրկնելով, որոնց մարզասերները տեղյակ են լրատվամիջոցների հրապարակումներից: Ինքնաքննադատական ոչ մի խոսք չասվեց նաեւ կատարած աշխատանքները պլանավորելու, ուսումնամարզական հավաքների ժամանակ թույլ տրված հնարավոր բացթողումների, վրիպումների մասին: Ճիշտ է, առաջատար համարվող բոլոր մարզաձեւերում էլ դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, նկատվում է, սակայն տպավորություն է ստեղծվում, որ առաջընթացի դանդաղ տեմպերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, վարկանիշային մրցաշարերում ակնկալվող կայուն արդյունքների բացակայության համար մեղավոր են բոլորը, բայց ոչ մեր մարզիչներն ու ֆեդերացիաները:

Պարոն Ծառուկյանը ներկաներին մեկ անգամ էլ հիշեցրեց, որ ամառային օլիմպիական խաղերին արդեն քիչ ժամանակ է մնում. «Կրկնում եմ, այսօր ձեզ համար ստեղծված են բոլոր պայմանները, ոչ մի բանի պակաս չունեք ու չեք ունենալու,- ասաց նա:- Ավելին, պետությունն արդեն մարզիկների ու մարզիչների պարգեւատրման ֆոնդը սահմանել է մեկ միլիարդ դրամ: Դա, ընդունեք, Հայաստանի նման երկրի համար շատ մեծ գումար է: Ես էլ, որպես օլիմպիական կոմիտեի նախագահ, իմ անձնական միջոցներից շատ մեծ գումարներ եմ հատկացնում: Սրանից հետո պատրաստ եմ նաեւ ավելին անել: Դրա համար էլ ասել ու ասում եմ. ի՞նչն է պակասում, ի՞նչ խնդիրներ կան լուծելու: Շատ քիչ ժամանակ է մնում: Ասեք, որպեսզի բոլոր հարցերը տեղում կարգավորենք, քանի դեռ ուշ չէ: Ես ուզում եմ, որպեսզի Պեկինում հնարավորին չափ շատ թվով մասնակիցներ, մրցանակակիրներ ունենանք: Ու այդ մարզիկները լինեն նախ եւ առաջ հայաստանցիները: Հակառակ դեպքում էլի դրսից կհրավիրենք: Դա խնդիր չէ: Ու օլիմպիական մեդալ Պեկինում անպայման կունենանք: Ես դա խոստացել եմ ու խոստումս կատարելու համար ոչինչ չեմ խնայի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031