Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ԵՎ ԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ

Հուլիս 20,2007 00:00

\"\"Իսկ Հայաստանից դուրս էլ՝ քաղաքական վտարանդիներ

Օրերս թերթերը գրեցին, թե Հայաստան այցելած Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենի հետ զրույցում Տիգրան Թորոսյանը հայտարարել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Տպավորությունս այնպիսին է, թե Հայաստանում ով իշխանության մեջ է հայտնվում՝ միանգամից ու անվերապահ կորցնում է ոչ միայն անկողմնակալ դատողություններ անելու, այլեւ վաղուց արդեն մշակված հասկացություններից օգտվելու կարողությունը։

Հայաստանում, իհարկե, կան քաղբանտարկյալներ։ Այդպիսիք, կարճատեւ ընդմիջումներով, երկրում եղել են՝ սկսած 1994թ.: Միջազգային չափորոշիչներով «քաղբանտարկյալ» անվանում են մարդկանց, ում գլխին, անմեղ տեղը՝ քաղաքական նկատառումներից ելնելով, գործ են սարքում:

Եվ քանի որ.

ա) «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը ոչ հայերն են առաջ քաշել եւ ոչ էլ «մեծ ախպեր» ռուսները, այլ մարդու իրավունքներին վերաբերող վերպետական, միջպետական ու ներպետական հարաբերություններում կիրառվող հասկացություն է,

բ) միջազգային հարաբերությունները կարգավորող միջպետական ու վերպետական նորմատիվային փաստաթղթերի պաշտոնական լեզուն, ինչպես նաեւ քաղաքագիտական գրականության հիմնական լեզուն անգլերենն է,

գ) «քաղաքական բանտարկյալ» հասկացության կոնտեքստում վճռորոշը արհեստականորեն, կեղծ հիմքով «դատական գործ սարքելու», «իրավական փաստաթուղթ կեղծելու», «խեղաթյուրելու» հիմքերի առկայությունն է, իսկ դրանք անգլերեն լեզվում արտահայտվում ու թարգմանվում են մի ընդհանուր եւ ընդգրկուն բառով՝ fabricate,

դ) անգլերեն լեզվի՝ աշխարհում ամենահայտնի ու համընդգրկուն բացատրական բառարանը հռչակավոր Websters հանրագիտարանն է:

Փորձենք տեսնել, թե ինչ օրինակի վրա է անգլերեն լեզվի Websters բացատրական բառարանը մեկնաբանում «քաղբանտարկյալ» եզրույթի գնահատման համար անհրաժեշտ «fabricate» հասկացությունը։ Հետեւելով տողերին, կկարդանք. «Non fiction Usage-Fabricate, Subject-Humar Rights, Topic-Armenia, Quote – For example, chief defendant Nairi Hunanian claimed he was threatened and tortured in jail by Military Prosecutor Jhangirian and other investigators, who forced him to testify against presidential advisor Alexan Harutyunian, MP Mushegh Movsisian, and journalists Harutyun Harutyunian and Nairi Badalian, in the process of trying to fabricate a case against President Kocharian»: Տես՝ https://www.websters-online-dictionary.org/definition/fabricate:

Թարգմանում եմ բառացի։ «Կեղծել» (fabricate) – Բառի ուղղակի, ոչ փոխաբերական իմաստով կիրառում, Սուբյեկտը՝ Մարդու իրավունքներ, Թեման (Առարկան) -Հայաստան, Մեջբերում – Օրինակ, մեղադրյալների ղեկավար Նաիրի Հունանյանը հայտարարել է, որ նա մեկուսարանում սպառնալիքների ու խոշտանգումների է ենթարկվել Ռազմական դատախազ Ջհանգիրյանի եւ այլ քննիչների կողմից, որոնք նրան ստիպել են ցուցմունքներ տալ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի, Խորհրդարանի անդամ Մուշեղ Մովսիսյանի եւ լրագրողներ Հարություն Հարությունյանի ու Նաիրի Բադալյանի դեմ՝ նախագահ Քոչարյանի դեմ քրեական գործ սարքելու (կեղծելու) գործընթացի ընթացքում»:

Մարդկության պատմության ընթացքում աշխարհում կատարված հարյուր միլիարդավոր կեղծումներից ու խեղաթյուրումներից ինչու է «գործ կեղծել» հասկացության համար ամենատիպական դեպքը հռչակավոր բառարանը վերցրել հենց այս մեկը, դա էլ արդեն թողնում եմ Տիգրան Թորոսյանի, նախկին ու ներկա ղեկավարների խղճին։ Ու նույնիսկ այն, որ այս մեջբերումը բառարանի կողմից ուղղակիորեն վերցված է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի՝ աշխարհի երկրներում Մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2001թ. տարեկան զեկույցից, էլի այդ հարցի պատասխանը չի տալիս՝ աշխարհում երկրները շատ են, ԱՄՆ պետդեպն էլ ամեն տարի նման զեկույցներ է հրապարակում հազարավոր նման փաստերի վերաբերյալ։ Ինչու այս մեկն ընտրեցին։ Ինչպես ասում են՝ «իրենք ավելի լավ գիտեն»։

ԱԺ ներկայիս նախագահին պետք է որ լավ հայտնի լինի՝ իմ վրա ակնհայտ կեղծ քրեական գործ սարքելու վերաբերյալ իմ անվան հստակ մատնանշումով առկա են շուրջ երկու տասնյակ միջազգային փաստաթղթեր, մասնավորապես Amnesty International, Human Rights Watch, Helsinki Internatioanl Federation միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ տարեկան եւ թեմատիկ զեկույցներ: Դրանցից որոշներում իմ հետ կապված տեղեկատվությունը ընդհուպ հիմնական, կենտրոնական տեղ է ունեցել։ Ուրիշ բան, որ Հայաստանում այդ մասին ոչ մեկը չգիտի կամ չի ուզում իմանալ, քանի որ վերջին ութ տարիներին ես ուղղակի ինֆորմացիոն բլոկադայի եմ ենթարկված՝ «իր մասին կամ վատը, կամ ոչինչ» սկզբունքով, եւ եթե անգամ վերոնշյալ զեկույցներին հայաստանյան մամուլում անդրադարձ եղել է, ապա դրանցից պարտադիր իմ անունը հանվել է եւ այնպես է արվել, որ ոչ ոք այդ մասին չիմանա։

Այսօր ինձ համար դա չէ էականը։ Վերադառնալով հրապարակման սկզբի թեմային, ուզում եմ ասել, որ Հայաստանում ոչ միայն քաղբանտարկյալներ կային, որոնցից մեկն էլ ես եմ եղել, այլեւ այսօր էլ կան։ Ավելին՝ Հայաստանից դուրս էլ այսօր կան Հայաստանի քաղաքացի քաղաքական վտարանդիներ, ովքեր նույնպես հակաօրինական ոչինչ չեն արել, բայց ում կյանքը եւ ապրելու սահմանադրական անօտարելի իրավունքը իշխանության գործունեության արդյունքում Հայաստան անունը կրող «խիստ ժողովրդավարական» երկրում ուղղակի ֆիզիկապես անհնարին էր դարձել եւ նրանք իրենց կյանքը փրկելու համար ուղղակի ստիպված են եղել երկրից հեռանալ։ Այդ քաղաքական վտարանդիներից մեկն էլի ես եմ։ Եվ դա իմ գնահատականը չէ։ Դա ես չէ, որ ասում եմ։ Իմ այսօրվա կարգավիճակն այդպես է գնահատել ամերիկյան ֆեդերալ դատարանը՝ Միացյալ Նահանգներում ինձ տրամադրելով քաղաքական ապաստան։

Բայց այդ մասին՝ հաջորդ հոդվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել