Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգը խախտելուն նպաստող պայմաններ

Հուլիս 20,2007 00:00

\"\"Ոմանց կարծիքով՝ դրանք ստեղծվեցին «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից ավարտական եւ միասնական էքստեռն քննության կենտրոններում:

Հունիսի 1-ին «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից ավարտական եւ միասնական քննություններին մասնակցեց 292 էքստեռն քննություն հանձնող: Նրանցից 252-ը մասնակցեց միայն ավարտական քննությանը, իսկ 44-ը՝ միասնականին: Ոմանց կարծիքով՝ էքստեռն ասվածը մի միջոց է, որը ինչ-ինչ լծակներ ունեցող ծնողներին հնարավորություն է տալիս երեխայի համար հինգերով ատեստատ ապահովել: ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ էքստեռն քննության միջոցով ժամանակին ընդհանուր համակարգից դուրս մնացած անձինք կարող են ատեստատ ստանալ: «Էքստեռն քննություն կարող է հանձնել ե՛ւ 30 տարեկանը, ե՛ւ 18-ը»,- պատասխանեց տիկ. Հովհաննիսյանը:

Վերջերս հրավիրված ասուլիսում գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանը հայտարարել էր, թե «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից էքստեռն քննությունն անցկացվել է առանձին քննական կենտրոններում եւ հատուկ պայմաններում: Այդ պատճառով էլ որոշ ծնողներ անհանգստացած էին, որ այդ «հատուկ» պայմանները կնպաստեն կարգը խախտելուն: Մանավանդ՝ քննասենյակում ոչ տեսախցիկ է եղել տեղադրված, ոչ էլ վարչապետն է այցելել: Միայն ավարտականի մասով էքստեռն քննություն հունիսի 1-ին հանձնեցին Երեւանում Շավարշ Սիմոնյանի անվան թիվ 112 դպրոցում: Տնօրեն Սարգիս Քարամյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ էքստեռն քննությունը շատ ավելի խիստ է անցկացվել, քան մյուս դպրոցներում կազմակերպված ավարտական քննությունը. «Եթե այլ տեղերում թեստավորման կենտրոնից եւ նախարարությունից լիազոր ներկայացուցիչներ չեն եղել, ապա մեզ մոտ նրանք ներկա էին: Չնայած դրան, քննությանը մարդասիրական մոտեցում ենք ցուցաբերել, քանի որ քննություն հանձնողների մեծամասնությունը 80-ականներին ծնված մարդիկ էին, որոնք հասկանալի պատճառներով շատ թեմաների անծանոթ էին: Ունեցանք քննություն հանձնողներ, որոնք 1971-1974թթ. ծնվածներ էին, թեեւ ԳԹԿ-ում ասել էին, որ ծրագիրն ավելի ուշ ծնվածների համար է»:

Ի դեպ, էքստեռն քննություն հանձնողների համար ոչ մի հատուկ պայման էլ չի ստեղծվել: Դա հաստատեց նաեւ Ն. Հովհաննիսյանը եւ հավելեց. «Պարզապես քննությունից մի քանի օր առաջ էքստեռն հանձնողների հետ դպրոցում կոնսուլտացիաներ են կազմակերպվել»: Սակայն այս պարագայում էլ քննության արդյունքները՝ ըստ Ս. Քարամյանի, միջին մակարդակի էին. «8 հոգի անբավարար ստացավ, գերակշռում էին 14-17 գնահատականները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել