Լրահոս
Օրվա լրահոսը

Քարտուղարից՝ խորհրդական

Հուլիս 21,2007 00:00

Մարզպետներն ազատվելով մամուլի քարտուղարներից՝ դարձել են անհասանելի

Մոտ մեկ տարի առաջ կառավարությունը որոշեց հանրապետության 10 մարզպետարաններում մամուլի քարտուղարների հաստիքը կրճատել եւ նրանց պարտականությունները դնել կամ հասարակայնության եւ լրատվության բաժնի պետի, կամ էլ մարզպետների խորհրդականների վրա:

Կառավարության այս որոշումը, ըստ մարզպետարանի մամուլի պատասխանատուների, իրենց համար մի շարք անհարմարություններ է առաջացնում: «Առավոտի» հետ զրույցում Գեղարքունիքի մարզի հասարակայնության եւ լրատվության բաժնի վարիչ Հասմիկ Շահբազյանը, կարեւորելով մարզպետարանում մամուլի քարտուղարի առկայությունը, ասաց, որ իրենց բաժինը նախկինում շատ լավ համագործակցել է մամուլի քարտուղարի հետ եւ մարզպետին առնչվող ցանկացած տեղեկությանը մամուլի քարտուղարի միջոցով իրազեկ են եղել. «Այժմ մամուլի քարտուղարի հաստիքն ինչ-որ տեղ բաց է մնացել, յուրաքանչյուրս իր գործը պիտի ունենա, չեմ կարող ասել, որ հիմա ես իմ գործառույթներով կարող եմ փոխարինել մամուլի քարտուղարին»: Նրա խոսքերով, առանց այդ էլ մարզպետարանում բավարար պայմաններ չկան աշխատանքը նորմալ կատարելու համար. «Մենք չունենք առանձին ինտերնետային էջ, տեխնիկական միջոցները բացակայում են, հատկապես ավտոմեքենայի խնդիր ունենք, որ մարզպետի շրջայցերի ժամանակ իր հետ լինենք, չունենք հեռախոսակապ, միայն գործում է ներքին հեռախոսացանցը: Էլ չեմ ասում աշխատասենյակների կահավորանքի մասին»: Գեղարքունիքի մարզպետի նախկին մամուլի քարտուղար Խոսրով Խլղաթյանն էլ, որն այժմ մարզպետի օգնականն է, նույնպես գտնում է, որ այդ հաստիքը վերացնելը սխալ էր. «Այժմ էլ եմ իրականացնում մամուլի քարտուղարի գործառույթը, սակայն արդեն օգնականի հաստիքով: Քաղծառայության մասին օրենքում մարզպետը համարվում է քաղաքական պաշտոն, մամուլի քարտուղարը՝ հայեցողական: Մարզերում տարածքային կառավարում իրականացնելու մասին ՀՀ նախագահի հրամանագրով էլ սահմանված էր, որ մարզպետը պետք է ունենա օգնական, խորհրդական եւ մամուլի քարտուղար: Սակայն օրենքի հետագա փոփոխություններով մամուլի քարտուղարը հայեցողական պաշտոնի ցանկից դուրս է բերվել եւ մտցվել տեխնիկական սպասարկման կազմի մեջ: Այս փոփոխությունը, սակայն, չի հստակեցվել Քաղծառայության մասին օրենքում, որ կոնկրետ մարզպետարանները չպետք է մամուլի քարտուղարներ ունենան: Ամենամեծ խայտառակությունը սա է, որ մինչեւ օրս էլ հստակ չէ»:

Արարատի մարզպետարանի լրատվության բաժնի աշխատակից Քրիստինե Խաչատրյանի խոսքերով էլ. «Ավելի լավ կլիներ մարզպետարանի կազմում ստեղծվի առանձին բաժին, որպեսզի մարզում կատարվելիք ցանկացած իրադարձության ճիշտ ժամանակին արձագանքենք»:

Արագածոտնի մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի գծով գլխավոր մասնագետ Սաթենիկ Զորյանը նույնպես նշեց, որ մամուլի քարտուղարի կարիքը խիստ զգացվում է. «Կարծում եմ, որ մարզպետարանի համար լրատվության գծով մի աշխատողը քիչ է, լրատվական ծառայությունը մի անձով բավարարվել չի կարող, օրինակ ես՝ օգնող ձեռքի կարիք եմ զգում»:

Լուռու մարզպետի օգնական Էդիկ Հովսեփյանի համոզմամբ, մեր երկրում այդ ինստիտուտը կայացած չէ, քանի որ, ըստ նրա, մարզպետարանների լիազորությունները հստակ չեն եւ կարգավորվում են երկրի նախագահի որոշումներով. «Մարզպետարանը որպես պետական կառույց չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, որպեսզի լրատվության հետ իրենց խնդիրներն իրենք ինքնուրույն լուծեն եւ ցանկացած հայտարարություն տարածելու համար հեռուստաընկերություններին կամ թերթերին՝ ծանոթ-բարեկամի միջոցով չխնդրեն, որ անվճար տեղադրեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել