Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՂՈՂԱՆՋՈՒՄ ԶԱՆԳԸ»

Հուլիս 24,2007 00:00

\"\"Ո՞վ կարող է ասել՝ «Սա մեր երկիրն է»

Հարցը հռետորական չէ: Բայց՝ հրատապ է:

Երկրի մասին ու հատկապես ժողովրդի անունից խոսելն արդեն դարձել է վտանգավոր սովորույթ բոլորի համար, ովքեր խոսափող են գտնում: Ու՝ սկսվում է սեփական բարբաջանքը ժողովրդի դարավոր իղձերի իրականացում ներկայացնելը: Դա իրապես վտանգավոր է, որովհետեւ արժեզրկում է խոսքը:

Այս պարագայում բոլորովին այլ պատկեր է՝ «Սա մեր երկիրն է», այսպես է կոչվում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի գիրքը, որ տրամաբանական շարունակությունն է նախորդ գրքի՝ «Ճշմարտությունից վեր ոչինչ չկա» (2002 թ.), եւ ամփոփում է 2002 թվականից հետո նրա հոդվածները, հարցազրույցները, ելույթները:

Քաղաքական գործիչների գրքերի նկատմամբ եւս վերապահում կա արդեն, որովհետեւ մերօրյա քաղաքական գործիչները հարկ են համարում իրենց հաստափոր հատորներում ներկայացնել ծննդից սկսած իրենց պայծառ ու անբիծ կենսագրությունը, որ նվիրում է առ ժողովուրդն ու իրենց գաղափարի համար աննահանջ պայքարը: Ու դա էլ արդեն դառնում է վտանգավոր, որովհետեւ խոսքի ու գործի հակասությունը վերստին արժեզրկում է խոսքը:

Այս պարագայում եւս բոլորովին այլ պատկեր է՝ «Սա մեր երկիրն է» գրքում իրապես մեր երկիրն է ներկայացված ու մեր կյանքը՝ երկրի ու կյանքի իրական պատկերով ու այդ պատկերի փոփոխության անհրաժեշտության հիմնավորմամբ:

2002-2007 թվականները Հայաստանի կյանքում ապագայի պատմաբանները գուցե կանվանեն փոփոխությունների ու շրջադարձային, գուցե լճացման ու տեղապտույտի, բայց դա կլինի շատ տարիներ հետո: Իսկ մենք, որ ապրել ու ապրում ենք այդ տարիները, հաճախ, խրված իրադարձությունների մեջ, ժամանակ ու հնարավորություն չենք ունենում՝ իմաստավորել մեր ապրած օրն ու կարողանալ՝ կողքից նայելով պատճառներն ու հետեւանքները տեսնել: Նաեւ՝ արձանագրել յուրաքանչյուրիս պատասխանատվությունը այդ պատճառների ու հետեւանքների մեջ: «Սա մեր երկիրն է» գիրքը հենց այդ հնարավորությունն է՝ իրադարձությունների մեջ գտնվելով՝ կողքից հայացք այդ իրադարձություններին, ու՝ գնահատական նաեւ: Այս գիրքը յուրատեսակ ախտորոշումն է մեր հասարակական կյանքի, որ հազիվ թե հնարավոր է անվանել կայուն ու զարգացող, ախտորոշումը, բայց՝ ոչ դատավճիռը, որովհետեւ հեղինակը նախ իրեն չի վերագրում դատավորի դեր, ապա՝ առաջնորդվում է լույսի ու սիրո հաղթանակի անխուսափելիության գաղափարով: Գուցե նրան կարելի է անվանել անհիմն լավատես, բայց որ երբեք պայքարից խուսափող ու անտարբեր մարդ: Իսկ մեր հոգնած ու անտարբեր ժամանակներում դա ամենակարեւորն է՝ որ կա ինչ-որ մեկը, որ պատրաստ է առաջ գնալ ու առաջ տանել, նույնիսկ այն պարագայում, երբ բոլորին թվում է, թե փակ են բոլոր ճանապարհները:

…«Ամենակարեւորը՝ երկիրը սիրելն է:

Սա ռոմանտիկա չէ, սա պարտադիր պայման է ցանկացած մակարդակի իշխանավորի համար:

Որովհետեւ, երբ սիրում ես երկիրդ, այն չես աղտոտում, որովհետեւ քեզ պատասխանատու ես զգում ամեն ինչի համար ու պատճառներ-պատրվակներ-թշնամիներ չես որոնում երկրիդ ներսում քո չարած գործերն արդարացնելու համար, այլ տեսնում ես երկիրդ ժամանակ-տարածություն-մարդ եռամիասնության մեջ:

Եվ ամեն ինչ անում ես սիրով ու սիրելով:

Ու՝ ստացվում է:

Նախադեպերը կան: Եվ կա նախադեպերը կրկնելու ոչ միայն կամքը, անհրաժեշտությունը, այլեւ՝ իրական հնարավորությունը»:

…«Մեր վաղվա օրվա պատմությունը նոր տողից պետք է սկսվի ու ճիշտ, որ ճիշտ էլ գնա:

Թե չէ երեկվանը, որ սխալ ու խոտոր է սկսվել, ինչքան ուզում ես շտկիր, փոխիր, նոր ստորակետ-կետ-բութ ավելացրու, սարքիր բարդ համաստորադասական կամ էլ եսիմ ուրիշ ինչ նախադասություն, մեկ է՝ ծուռ ու սխալ սկսվածը սխալ էլ գնալու է: Ու էդպես էլ կավարտվի:

Վերջակետի ժամանակն է: Սխալն էլ է մերը, բայց ժամանակին վերջակետ դնելն է կարեւոր: Պետք է սխալ նախադասության վերջակետը դնել ու անցնել նոր տողին:

Ու ճիշտ սկսենք, որ ճիշտ գնա:

Եթե սխալը մերն էր, ճիշտը՝ մերը ու մերը կլինի:

Ու դասն էլ մերը կդառնա. մեզ ոչ թե իշխող մարդիկ կամ կուսակցություններ են պետք, այլ՝ երկիրը Հայրենիք դարձնողներ:

Կարդացեք մեր մեծերին՝ Նարեկացի, Թումանյան, Չարենց, Մաթեւոսյան…

Ու շատ հետաքրքիր նորություններ կհայտնաբերեք. առաջին հերթին այն, որ մեզ տանջող բոլոր հարցերի բոլոր պատասխանները հստակ ու աներկբա տրված են, կան:

Իսկ չենք գտնում՝ մի շատ անհեթեթ պատճառով:

Պարզվում է, հարցերն են, որ ձեւակերպված չեն:

Ձեւակերպենք դրանք:

Բայց ճիշտ ու հստակ: Որ ճշգրիտ պատասխանները գտնվեն:

Ես էլ ձեզանից մեկը:

Ինչպես կասեր Հեմինգուեյը.«Ու մի հարցրու, թե ում համար են ղողանջում զանգերը. դրանք ղողանջում են հենց քեզ համար»:

…«Հանրապետությունը» որեւէ մեկի կամ որեւէ ուժի դեմ չէ. դեմի դեպքում այլ քայլեր են ձեռնարկվում, կուսակցություններ չեն ստեղծում: «Հանրապետությունը» ստեղծվել է հանուն. հանուն Արցախի ազատամարտի զոհերի, հանուն Վազգենի, հանուն այն գաղափարի, որի համար զոհվեցին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, «Միասնության» անդամները, հանուն 1988 թ. սկսված շարժման գաղափարախոսության պաշտպանության, հանուն Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման, հանուն 21-րդ դարը իսկապես Հայաստանինը ու հայերինս դարձնելու, հանուն երկրի ու ժողովրդի»:

Պարզ ճշմարտություննե՞ր են: Իսկ կյանքը ընդհանրապես այնքան էլ բարդ չէ, որքան բարդացնում ենք մենք մեր հավերժական սպասողականությամբ, այսօրվա անելիքը վաղվան թողնելով ու այդ վաղվա առաջ ունեցած տագնապով:

Եվ երբ մեզնից յուրաքանչյուրը ուժ ու խիզախություն ունենա ասելու ու հասկանալու, որ ՍԱ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ Է, ոչ եկվորներինը ու անցվորներինը, երկիրը իսկապես կդառնա մերը:

Առայժմ դա ասում է միայն Արամ Սարգսյանը եւ առայժմ… մենք միայն կարդում ենք նրա գիրքը:

Իսկ վա՞ղը… Լավագույն գրքերը նրանք են, որոնց շարունակությունը դառնում է կյանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել