Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ» ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ ԷՐ

Հուլիս 25,2007 00:00

\"\"Հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամները դատական ատյաններում դեռ վիճարկում են մարտի 23-ի հանրահավաքն արգելելու հիմքերի օրինականությունը:

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամներն այս տարվա մարտի 23-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար ժամանակին դիմել էին Երեւանի քաղաքապետին: Քաղաքապետարանը, սակայն, հանրահավաքի նախաձեռնողներին պատասխանել էր, թե նպատակահարմար չեն գտնում հանրահավաքի անցկացումը, ու արգելել էին: «Այլընտրանքի» ներկայացուցիչները դիմել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ վիճարկելու քաղաքապետի որոշման օրինականությունը: Դատարանն իր մարտի 22-ի վճռով մերժել էր հայցը: Ու թեեւ հիշյալ հանրահավաքն, այդուհանդերձ, կայացել էր եւ հե՛նց Ազատության հրապարակում, բայց «Այլընտրանքի» անդամները հետեւողականություն էին դրսեւորել եւ ապրիլի 6-ին դիմել էին արդեն Վերաքննիչ դատարան: Այդ օրվանից անցել է մոտ 3 ամիս: Եվ միայն երեկ է Վերաքննիչ դատարանում լսվել «Այլընտրանքի» հիմնադիր անդամներ Պետրոս Մակեյանի եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի ու Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ վճռի:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե հայցի քննարկումը Վերաքննիչում ժամանակավրեպ է, որովհետեւ «չարտոնված» հանրահավաքը միեւնույն է՝ կայացել է, մյուս կողմից՝ եթե հայցն անգամ բավարարվի, ետին թվով «արտոնված» հանրահավաք անցկացնելն այլեւս անհնարին է: Ուրեմն, ինչո՞ւ էին «Այլընտրանքի» ներկայացուցիչները, ի տարբերություն պատասխանող կողմի՝ քաղաքապետարանի ներկայացուցչի, պարտաճանաչորեն ներկայացել երեկվա դատական նիստին: Նախաձեռնության անդամների ասելով՝ մի քանի պատճառներով: Ըստ Ն. Փաշինյանի, նախ ապացուցելու համար, որ Հայաստանում քաղաքացին իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն չունի, չկա իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ: Վահագն Խաչատրյանի փոխանցմամբ՝ պարզելու համար, թե Վերաքննիչ դատարանն ի վիճակի՞ է արդար վճիռ կայացնել:

Վ. Խաչատրյանի ասելով, եթե Վերաքննիչը բավարարի «Այլընտրանքի» ներկայացուցիչների հայցը, ապա դրա հետեւանքն այն կլինի, որ «սրանից հետո քաղաքապետարանը կամ առաջին ատյանի դատարանը մեկընդմիշտ կիմանան, որ նմանօրինակ որոշումներն անօրինական են: Ի վերջո, կա նաեւ նախադեպի խնդիր: Հիմա Հայաստանում նախադեպը դատական համակարգում դարձել է կիրառելի մեթոդ: Հետագայում, համոզված եմ, մենք էլի պիտի դիմենք քաղաքապետարանին, նրանք էլի պիտի մերժեն, բայց մենք նման դեպքերի՝ որոշումների եւ վճիռների համար նախադեպ կունենանք»:

Պետրոս Մակեյանի մատուցմամբ՝ իրենք, բնականաբար, հանրահավաք անելու խնդիր չեն լուծում, որովհետեւ, ինչպես մեր զրուցակիցն ասաց՝ «այդ օրը մենք հանրահավաքն արեցինք: Մենք փորձում ենք կանխել անօրինականությունների շարքը եւ արդյունքի հասնելու համար գնալու ենք իրավական բոլոր հնարավոր ճանապարհներով»: Պ. Մակեյանը նաեւ նկատեց, թե փորձը ցույց է տալիս, որ «իրավական ճանապարհները Հայաստանում որեւէ ապագա չունեն»: Իր այս տեսակետը պարոն Մակեյանը փաստարկեց նրանով, որ մարտի 23-ի հանրահավաքի կազմակերպման համար իրենք արդեն երեք ամիս այդ հարցը քննարկում են հայաստանյան դատական ատյաններում, եւ որոշում դեռ չկա: «Այսպիսին է քաղաքացու դատական պաշտպանության վիճակը Հայաստանում»,- հավելեց Պ. Մակեյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք հայցվոր կողմը՝ տվյալ դեպքում Ն. Փաշինյանն ու ինքը, նաեւ, իրենց ձեւակերպմամբ, անօրինական որոշումներ եւ վճիռներ կայացնողների համար պատասխանատվությո՞ւն են ակնկալում, Պ. Մակեյանը պատասխանեց. «Պարզ է, որ եթե մեր հայցը բավարարվի՝ իրավական որոշակի հետեւանքներ պետք է որ առաջացնի նաեւ անօրինականություններ կատարած պաշտոնատար անձանց մասով»: Այս տեսակետը հայտնեց նաեւ Վ. Խաչատրյանը:

Մենք փորձեցինք ճշտել նաեւ, թե ինչու է ապրիլի 6-ին Վերաքննիչին ուղղված հայցը լսվում միայն երեք ամիս անց, եւ արդյոք այստեղ օրինախախտում չկա՞: Պ. Մակեյանը, վկայակոչելով համապատասխան օրենքը, ասաց, թե խախտում եղել է, «որովհետեւ օրենքն ասում է, որ 3 օրվա ընթացքում պետք է որոշվի՝ գործը վարույթ ընդունվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե մերժման պատասխան չի ստացվում, ապա դիմելու օրվանից 2 ամսվա ընթացքում պետք է հայցի վերաբերյալ որոշում կայացվի»: Երեկ դատարանում հայցվորները փորձել են իմանալ կատարված օրինախախտման պատճառը: Վերաքննիչ դատարանի դատավորն ի պատասխան ասել է, թե մեղավորը 1-ին ատյանի դատարանն է, որը գործի նյութերն ուշացումով է ուղարկել Վերաքննիչին:

Բոլոր դեպքերում՝ երեկվա դատական նիստը կողմերի փոխհամաձայնությամբ հետաձգվել է քաղաքապետարանի ներկայացուցչի՝ առանց պատճառաբանության բացակայության պատճառով: Հաջորդ նիստը տեղի կունենա ուրբաթ՝ հուլիսի 27-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031