Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Հուլիս 25,2007 00:00

\"\"Ռեժիսոր-բեմադրիչ Կարեն Աբրահամյանին դա չի խանգարել ստեղծագործել

Երկարամյա աշխատանքային կենսագրություն ունեցող ռեժիսոր-բեմադրիչ Կարեն Աբրահամյանի հետ «Առավոտի» հանդիպման առիթը նրա անվան շուրջ կուլիսային այն խոսակցություններն էին, որ ժամանակին մշակույթի նախարարի վերաբերմունքից խոր հիասթափություն ապրելով, այդպես էլ արվեստագետը չկարողացավ իրեն գտնել, հիմնավորվել մի թատրոնում ու շարունակել ստեղծագործել:

Այս դիտարկմանն ի պատասխան, մեզ հետ զրույցի սկզբում ռեժիսորն ասաց. «Պայքարը բնորոշ է արվեստագետին: Կարիերայիս սկզբից՝ 1970-ականներից, պայքարում եմ: Աշխատում եմ հեռու մնալ ոչ մարդկային հարաբերություններից: Այո, ունեցել եմ հիասթափություն: Ցավն այն է, որ դա եկել է արվեստից հեռու, իմ դեպքում՝ թատերարվեստից «բոբիկ» չինովնիկից: Ավելացնեմ, որ ոչ միայն այդ «հրամանատարն» էր «բոբիկ», այլեւ իր ղեկավարած ողջ գերատեսչությունը»: Հարցապնդմանը, թե մշակույթի ո՞ր նախարարի մասին է խոսքը, պարոն Աբրահամյանը պատասխանեց՝ «հեռվից» գալով. «Գյումրիի, ապա Մայր թատրոնում աշխատելուց հետո, 1993թ. նշանակվեցի Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար: Թատրոնի կոլեկտիվը, այդ թվում «սյուները»՝ ժողովրդական դերասաններ Մարգո Բալասանյանը, Ժորա Մովսիսյանը, Բենիկ Օվչյանը, ջերմորեն ընդունեցին ինձ: Հասկանալի է. պատերազմական տարիներ էին եւ բնական է, որ կենցաղային, ֆինանսական պայմանները պետք է որ ծանր լինեին: Չեմ տրտնջում. ապրում, աշխատում էի թատրոնի իմ առանձնասենյակում: Հիմա արդեն դժվար է պատկերացնել, որ երբ ներկայացման սկզբում կամ ընթացքում տագնապ էր հայտարարվում, հանդիսատեսի հետ բոլորս գնում էինք ապաստարան, հետո գալիս էինք ու շարունակում, ավարտին հասցնում ներկայացումը: Բեմադրեցի Անանյանի «Թռչող ափսեից իջած մարդը», Հակոբյանի «Արցախյան բալլադը», Միքայելյանի «Վարազդատը» եւ այլն: Բայց եկեք տեսեք, ինչքան էլ նվիրված էի թատրոնին ու կոլեկտիվին եւ ինչքան աշխատանքս համարում էի պարտքի նման մի բան, չկարողացա տանել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախարար Նելլի Ոսկանյանի քմահաճույքները, մանավանդ որ, տիկինը իր ողջ աշխատակազմով հեռու էր արվեստից»: Անցյալ տարի ռեժիսորը հրավիրվել էր Ստեփանակերտի թատրոն եւ իրականացրել Շիրվանզադեի «Պատվի համարը»:

Տեղեկացնենք, որ Կ. Աբրահամյանը Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում 1974-89թթ. աշխատելու տարիներին էլ բեմադրել է շուրջ 30 աշխատանք, այդ թվում՝ Շիլլերի «Սեր եւ խարդավանք», Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ», Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան», Ալյոշինի «Ամեն ինչ մնում է մարդկանց»: 1989-92թթ. նա Մայր թատրոնում իրականացրել է Իբսենի «Դոկտոր Ստոկմանը», նույն թատրոնում աշխատել նաեւ որպես փոխտնօրեն: 1995-ին վերադառնալով Արցախից, դարձյալ շարունակել է աշխատանքը Մայր թատրոնում, 2000թ. հիմնել Աշտարակի քաղաքապետարանի դրամատիկական թատրոնը, որի մասին մեր զրուցակիցը չցանկացավ խոսել, միայն նշեց, որ իր ստեղծած թատրոնից հեռացել է ֆինանսական դժվարությունների պատճառով:

Կ. Աբրահամյանը տարիներ շարունակ դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Հետաքրքրությանը, թե ի՞նչ կարծիքի է դասախոսն ապագա թատերական գործիչների մասին, մեր զրուցակիցը հայտնեց. «Թեեւ մեծ հաշվով թատրոնն այսօր կորցրել է իր դաստիարակչական նշանակությունը, ամեն ինչ վերածվել է շոուի, ամենուր աստղեր են: Ես ու ուսանողներս պատահում է, որ հուսահատվում ենք, բայց աշխատում ենք վանել դա ու նորից սկսել պայքարել»:

Կարեն Աբրահամյանը հայտնեց, որ այս պահին աշխատում է նոր՝ ռուսալեզու ներկայացման վրա: Նա ձեռնպահ մնաց ներկայացման վերնագիրը եւ բեմադրման վայրը հայտնել՝ «որ չխանգարեն» պատճառաբանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել