Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՇԱՏ ՉԵՆ

Հուլիս 26,2007 00:00

\"\"Արշակ Սադոյանը ՀՀ նախագահի բոլոր հավանական թեկնածուներին լավ է ճանաչում

ՕԵԿ-ը երեկ հրապարակեց ՀՀ նախագահի թեկնածուի իր պատկերացումները՝ տարիքը, կենսագրությունը, հասարակության կողմից ընդունվածությունը եւ այլն: Եվ, հասկանալի է, ՕԵԿ-ի համար այդ բոլոր արժանիքներն ունի իր նախագահը: Իսկ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի պատկերացումները թեպետ սկզբունքային կետերում գրեթե չեն տարբերվում վերը ասվածից, սակայն թեկնածության հարցում տարբերությունը սկզբունքային է: «Ես կարծում եմ, որ նա պետք է լինի մեծ փորձ, ճանաչվածության բարձր աստիճան ունեցող քաղաքական գործիչ: Համեմատելով այսօր առկա նախագահական թեկնածուներին՝ հանգել եմ այն եզրակացության, որ լավագույն տարբերակը Վազգեն Մանուկյանի թեկնածությունն է՝ որպես առանցքային թեկնածու: Բնական է, որ այս խնդիրը պետք է լուծվի ավելի մեծ ֆորմատով քննարկելուց հետո»: Արշակ Սադոյանը մյուս թեկնածուների մասին իր կարծիքն ունի եւ մեզ հետ զրույցում չթաքցրեց այն: Նրա կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի էլ ցանկանում վերադառնալ քաղաքական դաշտ. «Նա բավական հստակ հասկանում է, որ չի կարելի քաղաքական այսօրվա իրավիճակում ղեկավարվել «Եկա, տեսա, հաղթեցի» սկզբունքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը լավ հասկանում է, որ շանսեր կարող են ունենալ միայն բավական լուրջ, երկարատեւ քաղաքական ակտիվ գործընթացների շնորհիվ, եւ եթե նա նախագահական թեկնածու լինելու հավակնություն ուներ, ապա դրա մասին պետք է արտահայտված լիներ 2006-ի ամենաուշը առաջին կեսին, եւ եթե մինչեւ հիմա լռում է, ուրեմն նա չի էլ ցանկանում վերադառնալ»: Արթուր Բաղդասարյանը, ըստ Արշակ Սադոյանի, մի փոքր այլ է. «Բոլոր դեպքերում նա այս ընթացքում շատ ավելի ակտիվ քաղաքական գործիչ է, քան Տեր-Պետրոսյանը, չնայած, կարծում եմ, առանցքային թեկնածուն պետք է ընդունելի լինի շատերի կողմից, չի կարող լինել այնպիսին, որ շեշտված միակողմանի մոտեցումներ ունենա, առավել եւս՝ այնպիսի մեկը, որը դեռ այսօր էլ կասկածվում է, այսպես ասած՝ պահի ազդեցության տակ այս կամ այն ֆրոնտ անցնելու հավանականության մեջ: Այդ տեսակետից, կարծում եմ, Արթուր Բաղդասարյանը շատ ավելի դժվարությամբ կընդունվի որպես առանցքային թեկնածու, քան Վազգեն Մանուկյանը»: Արտաշես Գեղամյանը եւ Ստեփան Դեմիրճյանը, ըստ ԱԺԴ նախագահի, չեն կարող առանցքային թեկնածու լինել, Արամ Զավենի Սարգսյանը «որոշակի դժվարություններ ունի անցած ուղու տեսակետից (նկատի ունի ԱԺ անցած գումարման աշխատանքները ամբողջությամբ բոյկոտելը- Մ. Ե.)»: Րաֆֆի Հովհաննիսյանը իրավական խնդիրներ ունի, եւ եթե «այդ պրոբլեմները լուծվեն, ապա բոլորի կողմից դա կդիտարկվի, որ իշխանությունները այս կամ այն պատճառով դա թույլ տվեցին, եւ սա բավական կիջեցնի նրա վարկանիշը»:

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը չհերքեց նաեւ, որ զրույցներ եւ քննարկումներ են ընթանում իր, Վազգեն Մանուկյանի եւ էլի մի շարք այլ գործիչների միջեւ՝ ԱԺՄ-ի վերամիավորման հարցերի շուրջ: Սակայն դա կարծես չի լինելու վերակենդանացած կամ վերամիավորված ԱԺՄ, այլ Արշակ Սադոյանը հակված է, որ դա լինի ազգային ժողովրդավարների դաշինք: Մեզ հետ զրույցում Արշակ Սադոյանը ասաց նաեւ, որ այս հարցերը ինքն անձամբ չի քննարկել ԱԺՄ-ի մեկ այլ բեկորի՝ Շավարշ Քոչարյանի հետ: Արշակ Սադոյանի ներկայացմամբ, ազգային ժողովրդավարության սկզբունքով գործող կուսակցությունները «ակունքում եղել են միասին, առավել եւս, երբ բաժանման պատճառը եղել է այն, որը հետագայում հաղթահարվել է հենց մայր կուսակցության կողմից, խոսքը Սեյրան Ավագյանի (այժմ՝ ՀԺԱՄ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական- Մ. Ե.), Ֆիլարետ Բերիկյանի (այժմ՝ ՀՀԿ-ական, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար- Մ. Ե.) եւ մյուսների մասին է, որոնց պատճառով կուսակցությունը տրոհվեց, եւ հիմա բնական է, որ գաղափարական մոտեցումներով ընդհանրություններ ունեցող կուսակցությունների՝ ԱԺՄ, ԱԺԴ եւ ԱԺԿ, փոխհամագործակցության խնդիրը հասունացել է, այլ հարց է, թե դա ինչ ձեւ կստանա: Եվ քանի որ նախագահական ընտրությունների շեմին ենք, այդ տեսակետից որոշակի կոնսոլիդացիան, կարծում եմ, նպատակահարմար է: Եվ այս հարցերը անընդհատ քննարկվում են ոչ պաշտոնական մակարդակով: Ես Վազգեն Մանուկյանի հետ բազմիցս քննարկումների եղել եմ, նաեւ՝ այլ շրջանակներում, ավելի լայն շրջանակում, որովհետեւ Հայաստանում դաշինքային պրոցեսների անհրաժեշտություն կա»: Արշակ Սադոյանը միայն մեկ բան է պրոբլեմ համարում՝ գործընթացների արդյունավետության խնդիրը, սակայն ուզում է հավատալ, որ արդյունավետությունը ապահովված կլինի:

ԱԺՄ-ի վերահամախմբման գաղափարը մեր զրուցակցի ներկայացմամբ՝ «օդի մեջ կախված էր դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ»:

Հ. Գ. Արշակ Սադոյանը չթաքցրեց, որ կարոտում է իր 4-րդ խոսափողը, եւ չբացառեց, որ ինքն առաջիկայում ձեւը կգտնի ԱԺ-ում հաճախ լինելու եւ աշխատելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել