Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանգուն չի մնա տունը, որ բաժանված է ներսից»

Հուլիս 26,2007 00:00

Աստվածաշնչյան այս ճշմարտությունն է հիշեցնում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

Վերջին ամիսների ընթացքում անընդհատ քննարկվող ՀՀ նախագահի միասնական թեկնածուի գաղափարի վերաբերյալ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանն «Առավոտին» ասաց. «Երբ հանգամանորեն վերլուծության ես ենթարկում տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք ընթանում են այս օրերին, այնուհետեւ մտովի տեղափոխվում Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին, ապա տարակուսում ես, ավելին՝ զարհուրում: Ինչպե՞ս կարելի է՝ գիտակցելով, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանին սպասվում են դրսից պարտադրված մարտահրավերներ, մեր հեռուստաալիքները, ընդդիմադիր ու իշխանական մամուլը ողողել մարդկանց ուշադրությունը շեղող անպտուղ բանավեճերով, թե արդյոք առաջիկա ընտրություններում ընդդիմությունը հանդես կգա՞ միասնական թեկնածուով կամ ոչ, ո՞րն է ճիշտ՝ միասնակա՞նը, թե՞ առանձին-առանձինը, իշխանությունն արդյոք միասնական թեկնածուով հանդես կգա՞, թե՞ ոչ: Եվ մտածում ես, թե ինչպե՞ս կարելի է առկա բարդ իրավիճակը հանգեցնել նման անպտուղ բանավեճերի, որոնց արդյունքում կարող է ծնվել ոչ թե մարտահրավերների առաջն առնելու բանաձեւ, այլ լավագույն դեպքում՝ ուրվագծվել դրանց առաջն առնելու հնարավոր մեխանիզմներից մեկը»:

Տարածված լուրը, թե առաջիկա օրերին ստեղծվելու է նախագահական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու կողմնակիցների խորհրդակցական մարմին, որի կազմում ընդգրկված է նաեւ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը՝ վերջինս այսպես մեկնաբանեց. «Քանի որ բոլորը խոսում են այդ տեսանկյունից, թերեւս այդպես է սպրդել տեղեկատվությունը: Իսկ ես հակված եմ նման հանդիպումները ծառայեցնել երկրի շուրջ ստեղծված տագնապահարույց վիճակից դուրս գալու ելքերի քննարկմանը: Մենք պետք է գիտակցենք, որ պարտադրված ենք կարողանալ ազգովին փրկել հայոց պետականության նավը, որն այսօր կանգնած է փոթորկահույզ եւ կործանարար փորձությունների շեմին: Եվ մեր կոչը՝ «Ազգային միաբանությամբ փրկենք Հայրենիքը», որով մասնակցում էինք ԱԺ ընտրություններին, եւ որն, ավա՜ղ, ըմբռնում չստացավ թե՛ իշխանությունների, թե՛ մեր ընդդիմադիր գործընկերների կողմից՝ հիմա առավել քան արդիական է: Խոսքը ոչ թե մեր կուսակցության, այլ իրո՛ք ազգային միաբանության ընդարձակ գաղափարի մասին է, որն այսօր թերեւս ամենապահանջվածն է: Հետաքրքրական է, որ թերեւս այս ամենի վտանգը՝ ասես թե դարերից եկող ինքնապաշտպանության բնազդով, թե ի վերուստ տրված՝ Տիրոջ նախախնամությամբ, վերջերս գիտակցեցին մեր եղբայրներն Արցախում, երբ անցած նախագահական ընտրությունների ժամանակ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հանդես եկան նախագահի միասնական թեկնածուով: Հիրավի, այս բախտորոշ օրերին չնմանվենք կույր առաջնորդներ ունեցող, կուրացած հանրության: Սթափվե՛նք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել