Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՎԵԼՈ՞Ւ

Հուլիս 26,2007 00:00

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը երեկ կազմակերպել էր քննարկում՝ նվիրված Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացմանը Հայաստանում:

Քննարկման ընթացքում Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանին հիշեցնելով, որ այդ ծրագրում կարեւորված է հեռարձակող ոլորտի թվայնացումը՝ խնդրեց գնահատական տալ հետեւյալ երեւույթին. «Վերջերս մամուլից տեղեկացանք ՀՌԱՀ ղեկավար Գրիգոր Ամալյանի հայտարարությանը (այն հրապարակել ենք հուլիսի 13-ի «Առավոտում».- Ա. Ի.), որ այլեւս մրցույթներ չեն լինելու հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում, եւ դա կապված է ոլորտի թվայնացման հետ: Նախ՝ թվայնացման ծրագրի նախագիծը, որ պատրաստվում է կառավարությունում՝ շատ անավարտ տեսք ունի: Այսօր դրանով զբաղվում է նաեւ ԵԱՀԿ-ն, որի փորձագետները շատ լուրջ քննադատության են արժանացրել այդ ծրագիրը, եւ այնտեղ լուրջ խնդիրներ կան՝ ծրագրի ընդունման հետ կապված: Երկրորդը՝ Հայաստանում գործում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենք, որը ենթադրում է մրցույթներ: Եվ այդ օրենքի, համենայնդեպս՝ այդ կետերի փոփոխության հետ կապված որեւէ օրինագիծ չի գտնվում շրջանառության մեջ: Բայց համենայնդեպս՝ այդպիսի պատասխանատու հայտարարություն հնչել է եւ չի ստացել արձագանք ո՛չ ԱԺ-ից, ո՛չ կառավարական օղակներից»:

Պետք է արժանին մատուցել Արմեն Բայբուրդյանի դիվանագիտական հմտությանը. նրա պատասխանը տեւեց շուրջ 5 րոպե, որի ընթացքում ԱԳ փոխնախարարը չասաց գեթ մի նախադասություն, որը որեւէ առնչություն կունենար տրված հարցին:

Իսկ Բորիս Նավասարդյանը հետո նշեց. «Այս ամենի համատեքստում շատ միամիտ է հնչում Եվրոպայի խորհրդի մի շարք փաստաթղթերում կոչը ՀՀ իշխանություններին՝ հավասար հնարավորություններ ստեղծել «Ա1+» ընկերության համար՝ մասնակցելու մրցույթներին: Ուրեմն՝ Ստրասբուրգում անընդհատ կոչ են անում, թե ստեղծեք «Ա1+»-ի համար պայմաններ, բայց այստեղ արդեն որոշված է, որ մրցույթներ այլեւս չեն լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել