Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկլարատիվ հայտարարություններ

Հուլիս 26,2007 00:00

Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ներկայացրեց իրենց ցանկությունները:

«Մեր նպատակն է՝ նպաստել, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայ երիտասարդությունը համախմբվի համազգային շահերի շուրջ: Հատուկ ենք ընտրել երիտասարդությանը, քանի որ ներկայիս կոնֆլիկտային աշխարհում բոլոր բռնություններից, ընդհարումներից առաջինը նրանք են տուժում: Երիտասարդությունն ինքը պիտի խաղաղության պահպանության լուծը վերցնի իր ուսերին, փնտրի կայուն զարգացման ծրագրեր»,- երեկ այդ մասին հրավիրած ասուլիսում հայտարարեց Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը՝ ամփոփելով օրերս Երեւանում ավարտված «21-րդ դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» թեմայով խորհրդաժողովի արդյունքները: «Մեր կազմակերպությունը մի շարք ծրագրեր է դրել իր առաջ, այն է՝ հայ ժողովրդի միասնության ապահովում, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին նպաստում, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դրա հետեւանքների վերացում, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդում»,- ամեն ինչ շատ դեկլարատիվ ներկայացրեց պրն Աղայանը: Լրագրողներից մեկի հարցին, թե Սփյուռքից ժամանած երիտասարդները գործնականում ի՞նչ պատկերացում ունեն Ղարաբաղի հարցի կարգավորման, Ցեղասպանության ճանաչման խնդրի վերաբերյալ, Վ. Աղայանը պատասխանեց. «Մեր քննարկումների ժամանակ, օրինակ, Արցախի հարցում որոշվեց, որ յուրաքանչյուր երիտասարդ իր ապրած երկրում կարողանա հասարակական կարծիքի բարենպաստ մթնոլորտ ստեղծել: Խոսքը հատկապես այն երկրների մասին է, որոնց ղեկավարներից է կախված Ղարաբաղի ճակատագիրը: Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, ապա այս առումով էլ օտարերկրացի հայ երիտասարդներն իրենց բնակության երկրներում ջանքեր չեն խնայելու, որպեսզի հասարակության լայն շերտերին իրազեկեն»: Վ. Աղայանը հույս հայտնեց, որ երբ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, օտար ափերից շատ հայ երիտասարդներ կվերադառնան հայրենիք: «Առավոտի» հարցին, եթե գա մի օր, եւ շատերը իսկապես հայրենիք վերադառնան, Համաշխարհային հայկական կոնգրեսը կբարձրացնի՞ Թուրքիայից հողային պահանջատիրության հարցը, Վ. Աղայանը պատասխանեց. «Դա շատ նուրբ հարց է: Մենք դեռեւս միջազգայնորեն ճանաչման խնդիրն ենք մեր առաջ դնում, երկրորդ էտապում աշխարհաքաղաքային իրողությունները կթելադրեն մեր հաջորդ քայլը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել