Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հուլիս 27,2007 00:00

Արմեն Ղազարյանն ինքն իրեն հեռացրեց ծանրամարտից

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը դիմել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիա (IWF) եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե (ՀԱՕԿ)՝ առաջարկելով սպիտակցի ծանրորդ, 69 կիլոգրամ քաշային Արմեն Ղազարյանին հանել Հայաստանը ներկայացնող ծանրորդների պաշտոնական ցուցակից: Իսկ դա նշանակում է, որ մարզիկն այլեւս Հայաստանը չի կարող ներկայացնել IWF-ի հովանու ներքո անցկացվող մրցումներում:

Ֆեդերացիայի նախագահն այդ քայլն «Առավոտին» մեկնաբանեց այսպես. «Արմեն Ղազարյանը, անշուշտ, օժտված ծանրորդ է: Նա կարող էր սպորտում ավելի բարձր արդյունքների հասնել, եթե պահպաներ մարզիկին ներկայացվող մասնագիտական եւ էթիկայի պահանջները: Կատարվածի մեղավորը հենց ինքն է: Չնայած 2006 թվականին Սանտո Դոմինգոյում անցկացված աշխարհի առաջնությունում նա «զրո» ստացավ, ազգային հավաքականի մարզիչները նրան մշտապես հրավիրել են ուսումնամարզական հավաքների, ինչը մարզիկը, առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության, ամեն անգամ արհամարհել է: Ավելին, նա անցած այս ամբողջ ընթացքում չի մասնակցել Հայաստանի առաջնություններին, հանրապետության գավաթի խաղարկություններին, որոնց արդյունքներով են որոշվում ազգային հավաքականի անդամները: Ֆեդերացիան գտնում է, որ Արմեն Ղազարյանի պահվածքը վիրավորական է մեր մյուս ծանրորդների համար, որոնք նրանից պակաս օժտված չեն, ինչն արդեն գործնականորեն ապացուցում են աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում: Մեր ֆեդերացիայում սահմանված կարգ է. բոլորն էլ հավասար են, չկան արտոնյալներ: Յուրաքանչյուրն իր արժանիքները պետք է ապացուցի ամենօրյա աշխատանքով ու կոնկրետ կիլոգրամներով:

Ֆեդերացիայի ղեկն իմ ստանձնելուց հետո Հայաստանի ծանրորդները բավականին լուրջ արդյունքներ են արձանագրել: Եվ, որ ամենակարեւորն է, դրանք ձեռք են բերվել արդար քրտինքով, բացառելով արգելված դեղամիջոցների եւ խթանիչների օգտագործումը: Դա ամբողջ ֆեդերացիայի, մարզիչների համատեղ աշխատանքի արդյունքն է: Մեր առաջատար մարզիկները մշտապես հավաքականի մարզիչների, բժիշկների հսկողության տակ են: Արմեն Ղազարյանը թե ինչպես է մարզվում՝ որեւէ տեղեկություն չունենք: Այսօր մենք մեր առջեւ նպատակ ենք դրել՝ Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու առավելագույն քանակության ուղեգրեր նվաճել: Բոլորին է հայտնի, որ Հակադոպինգային ծառայության համաշխարհային գործակալությունը՝ ՎԱԴԱ-ն, ամեն վայրկյան ցանկացած երկիր այցելելու եւ իր ընտրությամբ մարզիկների դոպինգ-ստուգում անցկացնելու իրավունք ունի: Այնպես որ, մեր այս քայլը հարկադրական է: Ֆեդերացիան չի կարող մեկ ծանրորդի համար, որքան էլ նա շնորհալի լինի, անցած այս ընթացքում իր կատարած աշխատանքը վտանգել»:

Իտալիայի դեսպանության հերթական կամայականությունը

Հայաստանում Իտալիայի դեսպանատունը մեր հանրապետության բասկետբոլի մինեւ 16 տարեկան աղջիկների հավաքականին չի թույլատրել մեկնել Իտալիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության «B» դիվիզիոնի մրցաշարին, որտեղ մարզիչ Էդիկ Վարդանյանի սաներն այսօր ուժերը պետք է չափեին Գերմանիայի իրենց հասակակիցների հետ:

Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան խորապես հիասթափված է նման որոշումից, քանի որ երկարատեւ ընդմիջումից հետո հայ բասկետբոլիստուհիները վերջապես հնարավորություն ունեին դուրս գալ միջազգային ասպարեզ:

Երեկ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը կատարվածի մասին «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հրավեր մեզ ուղարկել էին Իտալիայի բասկետբոլի ֆեդերացիան եւ մրցաշարի կազմկոմիտեն: Դրան տեղյակ էին նաեւ միջազգային ու Եվրոպայի ֆեդերացիաները: Մենք հավաքականի անդամների անձնագրերը սահմանված կարգով ժամանակին ներկայացրել էինք դեսպանատուն ու նրանք առանց որեւէ խնդրի ընդունել էին: Մեկնելուց մեկ օր առաջ, երբ գնացինք վիզաները ստանալու, ասացին, որ մեզ մերժել են: Ես պահանջեցի գրավոր հիմնավորել պատճառը, որպեսզի բողոք ներկայացնենք համապատասխան ատյաններ: Հրաժարվեցին: Նույնիսկ բասկետբոլի Իտալիայի, եվրոպական ֆեդերացիաների եւ մրցաշարի կազմկոմիտեի միջամտությունը չօգնեց: Դեսպանատունը մնաց անդրդվելի՝ ընդամենն ավելացնելով, որ մարզուհիների անձնագրերն իրենց վստահություն չեն ներշնչում»:

Սա առաջին դեպքը չէ, որ Իտալիայի դեսպանությունը կամայականորեն, առանց լուրջ հիմնավորումների, մերժում է Հայաստանի քաղաքացիներին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը: Անցած տարի «Առավոտն» այս թեմային անդրադարձել է «Երգիր, որ «վիզա» տանք» (25.05.2006թ.) հոդվածում, երբ արտասահման մեկնող երգչախմբի բոլոր անդամներին երգացրել են, հետո բոլորին էլ մերժել: Կամ Սան Մարինո մեկնող ֆուտբոլի երիտասարդական հավաքականին միանգամից մերժել են ու միայն կողմնակի միջամտությունից հետո վերանայել իրենց որոշումը: Բայց, ինչպես երեւում է, Իտալիայի դեսպանատունն ավելի է առաջ գնացել եւ արդեն չի հարգում իր իսկ երկիրը, որն ինքն է մեր բասկետբոլիստուհիներին հրավեր ուղարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031