Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՂՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

Հուլիս 28,2007 00:00

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Հայելի» ակումբում բավականին անակնկալ հայտարարություն է արել՝ ասելով, որ ինքը չի մտածում նախագահի ընտրության մասին:

Իհարկե, ավելի ուշ մանրամասնել է. «Ժառանգությունը» հիմա ունի մեկ խնդիր, եւ մենք նախապատրաստվում ենք պատգամավորական այս ընտրությանը»,- ասել է պատգամավորը՝ նկատի ունենալով օգոստոսի 25-ին թիվ 15 ընտրատարածքում կայանալիք ընտրությունները: Ըստ «Ժառանգության» ղեկավարի, մյուս հարցերը կքննարկվեն աշնանը. «Մնացածը մենք բնականոն ընթացքով կքննենք ուշ աշնանը, երբ կունենանք մեր հերթական համագումարը եւ կորոշենք, թե ինչպես ենք մոտենում նախագահական ընտրությունների հարցին: Իհարկե, կարելի է ամենալայն համագործակցության հեռանկարը ակնկալել, քիչ բան բացառել»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը ի պատասխան լրագրողի հարցի՝ արդյոք «Ժառանգությունը» պատրա՞ստ է գործակցել ՀՅԴ-ի հետ: Հիշեցնենք, որ նույն օրը, մեկ ժամվա տարբերությամբ տեղի ունեցած մեկ այլ ասուլիսի ժամանակ, Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ իր հերթին չբացառեց «Ժառանգություն»-Դաշնակցություն համագործակցությունը նախագահական ընտրություններում: «Կարեւորը, որ այս անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունենա ռեալ, իրական, համակարգային այլընտրանք»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ընդդիմության միասնական թեկնածուների հավանական անունների մասին Րաֆֆի Հովհաննիսյանը այս կարծիքին է. «Շրջանառության մեջ դրված բոլոր անուններն էլ արժանի են հարգանքի: Նրանք ներկա եւ նախկին պետական գործիչներ են, որոնք կարող են շատ լուրջ այլընտրանք ներկայացնել ՀՀ ընտրողների համար: Սակայն ներկա դրությամբ, առանձին վերցրած, որեւէ մեկ անուն չի կարող ներկայացնել այդ համալիր այլընտրանքը, որը կարող է հաջողության գրավական լինել առաջիկա ընտրություններում: Մինչ այդ անհրաժեշտ է համաներում, անհրաժեշտ է լուրջ վերլուծություն: Այն, ինչը, որքան գիտեմ, մինչ օրս տեղի չի ունեցել»: Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ առանց անցյալի սխալների լուրջ վերլուծության՝ անհնար է հաջողություն ակնկալել նախագահի ընտրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել