Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կա Արամ Կարապետյանի «փալասի տակ»

Դեկտեմբեր 04,2007 00:00

«Նոր ժամանակների» նախագահը սպառնում է նոր բացահայտումներով

«Այս ընտրություններին մասնակցելու թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ քաղաքական բոլոր հիմքերն ունեմ՝ Աստծու առաջից սկսած, մինչեւ օրենք: Ես աշխատել եմ եւ եղել եմ այստեղ. «դեմ» որոշում կայացնելը կլինի քաղաքական, որը կլինի ընտրությունների թաղելը մեր երկրում: Անկախ ընտրություններին իմ մասնակցությունից, ես համոզված եմ, որ դրանք հիմք են հանդիսանալու այս իշխանությունը փոխելու: Եթե վաղը քաղաքական որոշումով մեզ զրկեն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, մենք կդառնանք ազգային հեղափոխության թեկնածու»,- երեկ դատարանում հայտարարեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ հետաձգեց Արամ Կարապետյանի հայցի լսումն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության, որը չի տրամադրել տեղեկանք 10 տարի Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը նախ հայտարարեց, որ դատական նիստը չի ձայնագրվի համակարգի խափանման պատճառով: Ապա նիստի ընթացքում պարզվեց, որ ոստիկանությունը միայն երեկ է տեղեկացվել դատական նիստի մասին, եւ ներկայացուցիչներ` Իրավական ապահովման բաժնի պետի տեղակալ Հովհաննես Գրիգորյանը եւ նույն բաժնի աշխատակից Վալերի Գրիգորյանը չեն հասցրել պատրաստվել: Այս հիմնավորմամբ նիստն ընդհատվեց: Ակնկալվում է, որ ոստիկանության ներկայացուցիչներն այսօր դատարան կներկայանան համապատասխան փաստաթղթերով, եւ Արամ Կարապետյանի ճակատագիրը կվճռվի: Մինչ այդ, վերջինս միջնորդեց, որ ոստիկանությունը դատարանին ներկայացնի մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաեւ այն փաստաթղթերը, որոնք 2003 թվականին ԿԸՀ-ի կողմից տրամադրվել են ՆԺԿ ղեկավարին եւ որոնց հիման վրա այդ ժամանակ նա մասնակցել է նախագահական մրցարշավին:

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Սերժ Սարգսյանի հեգնական արտահայտությանը՝ «Բա դու լինես՝ չես վախենա՞ Արամ Կարապետյանից: Բա հանկարծ որ Փարաքարը փակեց, ո՞նց է լինելու», ՆԺԿ ղեկավարն ասաց. «Ես չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց գիտեմ, որ նորմալ հասարակություններում հեգնանքը, կատակը, անեկդոտ պատմելը համարվում են ցածր վարմունքի տեր մարդկանց տոն: Ես գտնում եմ, որ պետական-քաղաքական գործիչը, որը ձգտում է ինչ-որ պաշտոնի, ուղղակի պատասխաններ պիտի տա: Գիտեք՝ «դհոլ», հետո՝ «դհոլի» հետ պայմանավորվել, երկրորդ «դհոլ», անասնակեր… մի քիչ վայել չէ: Ես կարծում եմ, որ մարդիկ պիտի հասկանան, որ հինգ հազար տարեկան ազգի մեջ… այսինքն, ինչպես հասկանան, եթե չգիտեն»:

Ի դեպ, քաղաքացի Հրաչյա Սարգսյանը, ով դիմել էր Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն` փաստաթղթեր ստանալու համար, Ա. Կարապետյանի կուսակիցն է: ՆԺԿ-ում, սակայն, առայժմ չցանկացան մեկնաբանել քայլի նպատակը: «Եթե որեւէ մեկը կարծում ա, թե մեր փալասի տակ շատ բան չկա՝ սխալվում ա»,- հայտարարեց Ա. Կարապետյանը՝ խոստանալով, որ այսօրվա դատական նիստի ընթացքում լուրջ բացահայտումներ է անելու մի շարք պաշտոնյաների, այդ թվում նաեւ Վիզաների եւ անձնագրային վարչության պետ Ալվինա Զաքարյանի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել