Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ» UCOM-ԻՑ

Դեկտեմբեր 18,2007 00:00

Վերջերս Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ տվեց հայաստանյան ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններից մեկին օգտագործել 5,7 գեգահերց ռադիոհաճախականությունը՝ տասը տարի ժամկետով անլար ինտերնետի մատակարարում ապահովելու համար: Այդ ընկերությունն իր ծառայությունները հաճախորդներին սկսելու է մատուցել արդեն 2008 թվականի փետրվարից ՅՈՒՔՕՄ (UCOM) անվան ներքո: Ի դեպ, այդ մասին են ազդարարում նաեւ Երեւանի տարբեր վայրերում տեղադրված մեծ պաստառները: Ըստ UCOM-ի տնօրեն Ալեքսանդր Եսայանի, իրենց ընկերությունը մտադիր է Երեւանում ռադիոմոդեմային ցանցի ստեղծման համար ներդնել 1,5 միլիոն դոլար: Իսկ UCOM -ի գործունեության հիմնական ուղղությունը, բնականաբար, լինելու է բաժանորդներին որակյալ ինտերնետ կապով ապահովումը, ինչը ներառում է բաժանորդների արագ համակցումն ինտերնետ ցանցին, անխափան, հուսալի, որակյալ կապ, մոբիլություն եւ այլն: «UCOM-ի օգնությամբ կորպորատիվ հաճախորդները հնարավորություն կունենան իրենց տարբեր ձեռնարկությունների կամ գրասենյակների ներքին ցանցերը համակցել, այսինքն՝ հաստատել ներքին կապ տարբեր գրասենյակների միջեւ: Բացի այդ, շատ մոտ ապագայում տրամադրվող ծառայություններին կավելանա նաեւ ինտերնետի միջոցով ֆիքսված հեռախոսակապից օգտվելու ծառայությունը (ընդ որում, նույնատիպ ծառայություն մատուցողներից անհամեմատ էժան գներով)»,- հավաստիացնում է պարոն Եսայանը, որը մյուս հիմնադիրների հետ տեղեկատվական տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում ավելի քան տասը տարի հաջող աշխատելու փորձ ունի:

Անդրադառնալով մեզանում անլար ինտերնետային տեխնոլոգիաների եւ մասնավորապես իրենց ընկերության կողմից մատուցվող ծառայություններին, UCOM-ի տնօրենը նշեց, որ անլար ինտերնետի պարագայում համակցումը UCOM-ի դեպքում կատարվում է 5,7 գեգահերց ռադիոհաճախականության տիրույթում, ընդ որում՝ այդ հաճախականությունն օգտագործելու իրավունք ունի միայն UCOM -ը, ինչն էլ հնարավորություն է տալիս ընկերությանը ինտերնետին համակցման բարձր արագություններ ստանալ: Մեր ընկերությունն ունի Երեւանում տեղակայված բազային կայաններ, որոնք աշխատում են նշված ռադիոհաճախականության տիրույթում: Իսկ բաժանորդի համակցումն իրականացվում է բաժանորդի մոտ տեղադրված հատուկ սարքավորման միջոցով: Ինտերնետ կապով ապահովելու այս մեթոդը հնարավորություն կտա ինտերնետ ծառայությունը հասանելի դարձնել մայրաքաղաքի մոտ 95 տոկոս տարածքում: Սա աննախադեպ բարձր ցուցանիշ է: Իսկ հետագայում առայժմ անհասանելի վայրերն ինտերնետին հասանելի դարձնելու համար նախատեսում ենք նոր բազային կայաններ տեղադրել:

Բնականաբար՝ հարց է առաջանում, իսկ որո՞նք են անլար ինտերնետի առավելությունները նույնատիպ ծառայություն մատուցելու այլ եղանակների համեմատ: Ըստ Ա. Եսայանի, մի շարք առավելություններ կան՝ նախ եւ առաջ «աշխարհագրական տեսանկյունից» հասանելիությունն ու մատչելիությունը, համակցման աննախադեպ արագությունը եւ, իհարկե, կապի բարձր որակը: «Եթե կարճ բնութագրեմ մեր ընկերության կողմից տրամադրվող տեխնոլոգիայի առավելությունները՝ այսօր մեզ մոտ գործող անլար ինտերնետ կապի այլ ծառայությունների համեմատ, ապա դա, անկասկած, արագ եւ էժան միացումն է, անխափան կապը եւ արագությունը (ավելի քան 30 մեգաբիթ վայրկյանում)»,- հավելեց UCOM-ի տնօրենը: Մի հատկանշական երեւույթի մասին էլ պատմեց UCOM-ի տնօրենը. քանի որ անլար ինտերնետը դա համեմատաբար նոր տեխնոլոգիական խոսք է ինտերնետ կապի մատուցման ոլորտում, ապա արդեն այսօր նկատելի է, որ UCOM-ի կողմից մատուցվող ծառայության նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նախ եւ առաջ առաջատար արտասահմանյան ընկերությունները եւ կազմակերպությունները: Ոմանք անգամ արդեն իսկ պայմանագրեր են կնքել UCOM-ի հետ՝ մոտ ապագայում համապատասխան ինտերնետ ծառայություններ ստանալու նպատակով:

Իսկ ինչ վերաբերում է մատուցվող ծառայությունների գներին, ապա, ըստ պարոն Եսայանի, ամեն ինչ համեմատության մեջ պետք է դիտարկել, եւ ըստ նրա՝ մատուցվող բարձրորակ ծառայության պարագայում առաջարկվելու են միջին սակագներ, եւ գնի ու որակի հարաբերակցությունում, UCOM-ին հաջողվել է թերեւս գտնել «ոսկե միջինը»: Նախատեսվում է նաեւ ճկուն գնային մոտեցումներ հաճախորդների տարբեր խմբերի համար, օրինակ՝ զեղչեր կսահմանվեն խոշոր կորպորատիվ հաճախորդների համար եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել