Լրահոս
Օրվա լրահոսը

«Սվարովսկին կհանգստացնի նյարդերը»

Փետրվար 07,2008 00:00

\"\"Չեխ դիրիժորը համոզված է, որ իր հայաստանյան համերգը դրական կանդրադառնա նախընտրական թոհուբոհով ապրող հայերի վրա:

Չեխ լեգենդար դիրիժոր Հանս Վալթեր Սվարովսկու որդու՝ նույնպես ճանաչված Լեոշ Սվարովսկու՝ «Ա. Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 8-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկի հետ կայանալիք համերգը համընկնում է իր երկրի նախագահական ընտրություններին:

Տեղեկացնենք, որ Լ. Սվարովսկին, բացի իր հայրենիքում ծավալած գործունեությունից, աշխատել է Փարիզի, Մյունխենի, Բոննի, Հաագայի, Լյուքսեմբուրգի եւ այլ նվագախմբերի հետ, համագործակցել ականավոր երաժիշտներ Դ. Գերինգասի, Վ. Պիկայզենի, Ի. Օյստրախի եւ այլոց հետ: Նա ձայնագրություններ է իրականացրել հայտնի ֆիրմաներում, այդ թվում՝ Supraphon Records, Newpotr Classic, New Millenium Records BBC:

«Առավոտի» հետ հանդիպման սկզբում դիրիժորը հայտնեց, որ հայաստանյան այցի ժամանակ է միայն տեղեկացվել, որ փետրվարի 19-ին էլ մեր երկրում պետք է կայանան նախագահական ընտրություններ, հավելելով. «Հայտնեցին, որ Հայաստանում ողջ ժողովուրդն է ընտրում իր նախագահին, իսկ իմ հայրենիքում պառլամենտում ընդգրկված 5 կուսակցությունների քվեարկությունից է կախված, թե ով կդառնա Չեխիայի հաջորդ նախագահը: Իսկ Չեխիայում կա շուրջ 15 կուսակցություն»: Հետաքրքրությանը, թե դիրիժորն ինքը ո՞ր կուսակցության անդամ է եւ իր կարծիքով ո՞րն է ճիշտ, երբ ժողովո՞ւրդն է ընտրում երկրի ղեկավարին, թե՞ պառլամենտը, Լ. Սվարովսկին պատասխանեց. «Որեւէ կուսակցության անդամ չեմ եղել: Ինչ վերաբերում է նախագահ ընտրելուն, պատասխանս գուցե պարզունակ թվա, բայց մտածում եմ այսպես. Չեխիայի պառլամենտում ընդգրկված կուսակցությունների շարքերում են հարյուր հազարավոր իմ համերկրացիներ: Նրանցից յուրաքանչյուրը կուզենա ապրել ու աշխատել էլ ավելի լավ երկրում: Այսօր չեխ արվեստագետները, օրինակ, հպարտանում են, որ միայն մայրաքաղաքում գործում է վեց պետական սիմֆոնիկ նվագախումբ: Մի խոսքով, հասկացաք՝ ինչ եմ ուզում ասել»: Մեր զրուցակիցը հիացմունքով նշեց նաեւ, որ այս տարվա հունվարից Չեխիան այլեւս ընդգրկված է շենգենյան գոտու երկրների ցանկում. «Պետք է տեսնել յուրաքանչյուր չեխի ուրախությունը, որն արդեն կարող է ազատ տեղաշարժվել Եվրոպայի ցանկացած երկիր՝ բացառությամբ Մեծ Բրիտանիայի: Նույնը ցանկանում եմ նաեւ ձեզ՝ հայերիդ»: Սվարովսկու հետ հանդիպման առիթն օգտագործելով, չէինք կարող չհետաքրքրվել՝ ի՞նչ կապ թանկարժեք քարերով եւ բյուրեղապակով հռչակված Սվարովսկու հետ: Դիրիժորը հայտնեց հետեւյալը. «Կնոջս հետ այս կամ այն երկիր մեկնելիս օդանավակայանների մաքսատներում մանրակրկիտ ուսումնասիրում են նրա զարդերը, համոզված լինելով, որ դրանք Սվարովսկուց են… Ես ընդամենը նույն ազգանունն եմ կրում»: Քաղաքական թեմայից անցնելով մշակութայինին, դիրիժորը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ թեկուզեւ չգիտեր Հայաստանում նախագահական ընտրությունների մասին, սակայն կայանալիք համերգին, որին իր մասնակցությունն է բերելու նաեւ Գերմանիայում ուսանող շնորհալի ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, ինքը ընտրել է Դվորժակ, Շոստակովիչ, որոնց ստեղծագործությունների ունկնդրումը կհանգստացնի մարդկանց նյարդերը եւ նրանք կկարողանան ճիշտ ընտրություն կատարել: Տպավորված լինելով Ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստներից, Լ. Սվարովսկին նշեց, որ ինքն ուրախ է, որ հայ երաժիշտներին կհանդիպի նաեւ այս տարվա աշնանը, բայց ոչ Հայաստանում, արդեն՝ Ճապոնիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829