Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ՏԱՆՋԱՄԱՀ ԱՐԵՑ ՏՈՊԱԼՈՎԻՆ

Մարտ 01,2008 00:00

Շախմատի բարձրագույն՝ 21-րդ կարգի միջազգային գերմրցաշարի մասնակից աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները Մորելիայից տեղափոխվեցին Իսպանիայի Լինարես քաղաք եւ վերսկսեցին մրցապայքարը:

Այստեղ մեկնարկային տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին տուրում հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Շախմատասերները հիշում են, որ բառացիորեն մի քանի օր առաջ Մեքսիկայում Տոպալովը բավականին հեշտությամբ առավելության հասավ Արոնյանի նկատմամբ: Այնպես որ, «Morelia/Linares 2008» մրցաշարի շրջանակներում նրանց երկրորդ դիմակայությունը բավականին մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որից Լեւոնը պատվով դուրս եկավ:

Լինարեսում կազմակերպիչները տուրերի սկիզբը ինչ-ինչ պատճառներով հետաձգել են կես ժամով, սակայն դա, ըստ էության, չէր կարող ազդել շախմատիստների մրցելույթների վրա, քանի որ նրանք բոլորն էլ գտնվել են հավասար պայմաններում: Այս դիտարկումն անում ենք, հաշվի առնելով Տոպալովի եւ նրա թիմի ղեկավար, իր սկանդալային հայտարարություններով աչքի ընկնող Սիլիվիո Դանաիլովի հետագա հնարավոր հայտարարությունները:

Խաղալով սպիտակ խաղաքարերով, հայ գրոսմայստերը պարտիայի ընթացքում հետեւողականորեն մեծացրեց ճնշումը մրցակցի դիրքերի վրա: Ճիշտ է, ըստ մասնագետների վերլուծության, դա այնքան էլ հեշտ չստացվեց: Սկզբնախաղից հետո խաղատախտակի վրա գրեթե հավասար իրադրություն էր, սակայն հայաստանցին ճշգրիտ գործողություններով Տոպալովին հարկադրեց կոպիտ սխալներ գործել, որոնք հետագայում նրա համար ճակատագրական նշանակություն ունեցան, եւ շուրջ վեց ժամ տեւած համառ դիմադրությունից հետո բուլղարացին 65-րդ քայլում սպիտակ դրոշ բարձրացրեց: Մասնավորապես, գրոսմայստեր Կոնստանտին Լանդան նշում է. «Արոնյանը Լինարեսում Տոպալովին տանջամահ արեց»: Այս հաղթանակով Լեւոնը ոչ միայն «վրեժխնդիր» եղավ Մորելիայում կրած պարտության դիմաց, այլեւ մրցաշարային աղյուսակում զգալիորեն բարելավեց դիրքերը: Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Անանդ-Շիրով՝ 1:0, Իվանչուկ-Կարլսեն՝ 0:1, Ռաջաբով-Լեկո՝ 1/2:

Խաղացված ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 5,5 միավոր

2. Լեւոն Արոնյան (Հայաստան) 4,5

3. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 4,5

4. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 4,0

5. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) 4,0

6. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 3,5

7. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 3,0

8. Պետեր Լեկո (Հունգարիա) 3,0

Երեկ կայացավ իններորդ տուրը, որում զույգեր կազմել էին Արոնյանն ու Անանդը, Տոպալովն ու Ռաջաբովը, Կարլսենն ու Շիրովը, Իվանչուկն ու Լեկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել