Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիցցա դի Ռոմայի» գանձապահը՝ կանանց գաղութում

Մարտ 25,2008 00:00

Սուքիասյանների հետ գործ ունեցողներին կալանավորում են

Հարկային պետական ծառայության քննչական բաժնի աշխատակիցները մարտի 21-ին ձերբակալել են Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Պիցցա դի Ռոմայի» երկու գանձապահներին՝ Անուշ Ղավալյանին եւ Սիրուն Դիմաքսյանին՝ «Պիցցա դի Ռոմա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Սաֆարյանին աջակցելու մեղադրանքով: Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվել էր նախորդ տարի՝ հոկտեմբերի 22-ին: Հարկայինը կատարած ստուգումների արդյունքում արձանագրել էր, որ Գ. Սաֆարյանը խուսափել է հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարումից եւ պետությանը հասցրել է 1 միլիոն 900 հազար դրամի վնաս: Որպեսզի հարկայինի աշխատակիցները կարողանային այս ամենը հիմնավորել, սկսեցին ամիսներ շարունակ՝ հավաքարարից ու աման լվացողից սկսած մինչեւ դռնապան, մեկ առ մեկ հարցաքննել «Պիցցա դի Ռոմայի» տասնյակ աշխատակիցների: Սակայն հարցաքննության ընթացքում Գ. Սաֆարյանի ձերբակալությունը հիմնավորող որեւէ էական բան չհայտնաբերելով՝ հարկայինի քննիչներն անցան ավելի կոնկրետ գործողությունների: Մարտի 21-ին հարկայինի ավագ քննիչ Արշակ Գասպարյանը ծանուցագիր է ուղարկել «Պիցցա դի Ռոմայի» գանձապահներին՝ պահանջելով ներկայանալ քննչական բաժանմունք՝ ցուցմունք տալու: Երբ վերջիններս ներկայացել են հարցաքննության, Ա. Գասպարյանը տեղում հայտնել է, որ նրանք ոչ թե վկա են, այլ կասկածյալներ եւ ձերբակալել է նրանց: Անազատության մեջ գտնվող 36-ամյա Անուշ Ղավալյանը իր փաստաբանին էր փոխանցել մի գրություն, որտեղ նշել էր. «Մինչեւ հարցաքննությունը սկսելը՝ քննիչ Արշակ Գասպարյանը տեղեկացրեց, որ եթե ես ինձ նորմալ դրսեւորեմ, ճիշտ ցուցմունք տամ ու լավ մտածեմ, որովհետեւ շատ մեղք եմ, նա ինձ չի ձերբակալի, այլ կթողնի, որ ես ազատ գնամ տուն: Երբ սկսեցի ցուցմունքներ տալ, նա հավանաբար հասկացավ, որ հարցաքննությունը չի ընթանում իր կողմից նախօրոք մշակված սցենարով, նա կրկին սպառնաց, որ «ճիշտ» ցուցմունքներ տամ, թե չէ կձերբակալի ինձ: Երբ ասացի, որ ասում եմ այն, ինչ իրականում կա, նա ասաց՝ դո՛ւ գիտես, քեզ նախօրոք զգուշացրի»: Ա. Ղավալյանի փաստաբան Դիանա Գրիգորյանի տեղեկացմամբ, Անուշի ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով, մասնավորապես՝ նրան կանչել են որպես վկա, սակայն ձերբակալել են որպես կասկածյալ, մինչդեռ նրան ուղարկած ծանուցագրում նախապես պետք է այդ մասին նշվեր: Բացի այդ, ըստ Դ. Գրիգորյանի, ձերբակալությունը տեղի է ունեցել առանց համապատասխան որոշման եւ հանցագործության մասնակից լինելու մասին որեւէ ապացույց չի ներկայացվել: Ըստ փաստաբանի, կանանց մեկուսարանում պահելու միջոցով, քննիչները փորձում են նախօրոք մտածած սցենար իրականացնել, այսինքն՝ նրանց վրա հոգեբանական ճնշում գործադրել այնքան ժամանակ, մինչեւ կանանց նյարդերը տեղի կտան ու նրանք կանեն այն, ինչ ցանկանում են: Դ. Գրիգորյանի խոսքերով՝ «Քննիչ Արշակ Գասպարյանը առաջնորդվում է՝ եթե աշխատում ես «Պիցցա դի Ռոմայում», ուրեմն հանցագործ ես սկզբունքով»: Նշենք, որ, ըստ օրենքի, ձերբակալությունից հետո 72 ժամվա ընթացքում ձերբակալված անձը պետք է կամ ազատ արձակվի, կամ դատական կարգով նրան մեղադրանք առաջադրվի: Այդ 72 ժամը Ա. Ղավալյանի համար լրանում էր երեկ՝ ժամը 12-ին, իսկ Ս. Դիմաքսյանի համար՝ ժամը 14 անց 20-ին: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Ա. Ղավալյանի գործով 2 ժամից ավելի դռնփակ դատավարություն ընթացավ: «Պիցցա դի Ռոմայի» տնօրեն Գ. Սաֆարյանին օժանդակելու մեղադրանքով, դատարանի վճռով Անուշ Ղավալյանը դատապարտվեց 20 օրվա ազատազրկման եւ տեղափոխվեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Նշենք նաեւ, որ Ա. Ղավալյանը միայնակ մայր է, ունի 2 երեխա, որոնցից մեկն անչափահաս է, իսկ մյուսը՝ ուսանողուհի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31