Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՐՈՎՀԵՏԵՎ»

Մարտ 27,2008 00:00

Գերազանցապես այսպես էին պատասխանում ոստիկանները երեկ Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիներին, թե ինչու են իրենց բերման ենթարկում:

Հյուսիսային պողոտայում ժողովրդական զբոսանքների շրջանակներում մարտի 26-ը հայտարարվել էր գրքաթերթության օր: Մասնակիցներն իրենց հետ պիտի բերեին գիրք կամ թերթ, ժամը 18.30-ին ուղիղ շարքով կանգնեին Հյուսիսային պողոտայի երկայնքով ու 15 րոպեի ընթացքում բարձրաձայն կարդային իրենց գիրքը կամ թերթը: Սակայն արդեն 17.30-ին, երբ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ Հյուսիսային պողոտայում էինք՝ տեսանք, որ ոստիկանները ձեռքերը մտած՝ «վիլիս» են մտցնում մի տարեց կնոջ: Մինչ կհասնեինք նրանց՝ տեսանք, որ տարան նաեւ մի երիտասարդի: Իսկ հետո տեսանք, որ բարձրաստիճան ոստիկանը մատնացույց անելով հանգիստ կանգնած մի տարեց տղամարդու՝ ասաց. «Տարեք սրան»: «Ինչո՞ւ»,- հարցրեց տղամարդը: «Որովհետեւ»,- պատասխանեց ոստիկանը: «Է, տարեք»,- ուսերը թոթվեց տղամարդը: Ոստիկանը դարձավ ինձ ու հրահանգեց. «Գնա այստեղից, մի կանգնիր»: «Ինչո՞ւ»,- հարցրեցի: «Որովհետեւ»,- դարձյալ պատասխանեց: «Մատնանշեք օրենքի այն կետը, որով արգելում եք ինձ այստեղ կանգնել»,- առաջարկեցի նրան, որից ակնհայտորեն նյարդայնացավ: Շարունակությունը նույնն էր լինելու, սակայն ես ասացի, որ լրագրող եմ՝ բաց թողնելով հնարավորությունը դեպքի վայրից ռեպորտաժ պատրաստելու, թե ինչ շղթայով են անցնում բերման ենթարկվածները: Սակայն դատելով մեր հայրենի իշխանությունների գործելակերպից՝ այս հնարավորությունը եզակի չէ, եւ լրագրողները դեռ առիթներ կունենան ոստիկանության աշխատանքը «ներսից» լուսաբանելու:

Այդ զրույցից քիչ անց ոստիկաններից մեկը՝ «դուբինկան» ձեռքին, հարձակվեց «Ինտերնյուսի» օպերատորի վրա, որը նկարահանում էր կատարվողը: Փորձեցինք պատնեշել օպերատորին: Բարեբախտաբար, ներկա բարձրաստիճան ոստիկաններից մեկի միջամտությամբ օպերատորին հանգիստ թողեցին:

Այն, ինչ երեկ կատարվում էր Հյուսիսային պողոտայում՝ աբսուրդի թատրոն էր հիշեցնում: Ասենք, անցնում էին 3 աղջիկներ, որոնք դիտողություն արեցին, թե ինչու եք ձերբակալում եւ շարունակեցին ճանապարհը: Քիչ անց նրանց հետ բերեցին ու մտցնելով «վիլիս»՝ տարան: Նման մի դիտողություն էլ արեց հաշմանդամ, հենակներով մի տղամարդ՝ «Ինձ էլ տարեք, ամո՛թ ձեզ»: Սակայն այս միակ անգամ ոստիկանները չարձագանքեցին: Թեեւ դրանից հետո փորձում էին բերման ենթարկել ձեռնափայտով մի տարեց կնոջ:

«Ի՞նչ է, իրավունք չունե՞նք բակ դուրս գալու»,- բարձրաձայն աղաղակում էր մի կին, որը պողոտայում էր հայտնվել տնային շորերով: Ասաց, որ անունը Մելինե է եւ ապրում է այս տարածքում՝ «Ահա մեր պատշգամբը»: Պատմեց, որ ամուսինը՝ Նորիկ Նավասարդյանն ասել է. «Շան ձագի հետ մի քիչ ման գամ: Ու դուրս եկավ տնից: Մի քիչ հետո հարեւանուհիս ձայն տվեց, թե դուրս արի՝ ամուսնուդ նստեցրին մեքենա: Մոտեցել եմ՝ ոստիկաններն ասում են, թե ձեր ամուսինը միտինգ է անում: Ի՞նչ միտինգ՝ շան հետ միասին դուրս է եկել միտինգ անելո՞ւ: Ու ոչ մեկն ինձ որեւէ պատասխան չի տալիս»:

Երեկ ոստիկանները բերման ենթարկեցին շուրջ 50 հոգու: Այդ թվում՝ ոչ միայն այդ տարածքում պատահաբար հայտնված, իրոք զբոսնող կամ համերգ գնացող քաղաքացիների, այլ նաեւ հայտնի անձանց՝ ասենք, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին (նա փորձել էր միջամտել մեկ ուրիշի բերման ենթարկելուն, սակայն ոստիկանները բերման էին ենթարկել իրեն եւս), «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության անդամ Գագիկ Ներսիսյանին, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի որդուն՝ Արսեն Խառատյանին, որը երիտասարդական «Սկսել ա» շարժման մասնակից է, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հորը՝ Պավել Մարտիրոսյանին, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դուստրերին՝ Տաթեւիկ եւ Ռուզան Այվազյաններին… Բոլորին անհնար է թվարկել: Այսպիսով ձախողվեց գրքաթերթության ակցիան՝ որպես յուրօրինակ հաստատում Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկմանը, թե անցել են գիրք կարդալու ժամանակները:

Ոստիկանության Երեւանի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արտյոմ Բաբայանն ի վերջո «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին, որպես իրենց գործողությունների հիմնավորում, ասաց ավելին, քան միայն «որովհետեւ»-ն էր. «Հնարավո՞ր է, որ այս փողոցում լինի հանցագործ, որը գտնվում է հետախուզման մեջ: Հնարավոր է, չէ՞: Հնարավո՞ր է այս պայմաններում դա ճշտել: Անհնարին է, ճի՞շտ է: Դրա համար կան համապատասխան բաժիններ, տեղեր եւ կանոնակարգված աշխատանք»: Հարցին, թե ինչու են հենց Հյուսիսային պողոտայում որոնում կարգազանցներին՝ Բաբայանը արձագանքեց. «Իսկ ինչո՞ւ ոչ: Մենք ունենք նման տեղեկություններ, որ նման կարգի մարդիկ միգուցե այստեղ հանցագործություն կատարեն»: Հարցին՝ ընտրությունն ինչպե՞ս են կատարում՝ դեմքին նայելո՞վ են որոշում, թե՞ ինչպես՝ Արտյոմ Բաբայանը պատասխանեց. «Դրա համար մենք պրոֆեսիոնալներ ենք»:

Մինչեւ ուշ երեկո բերման ենթարկվածների հարազատները պաշարել էին Կենտրոնի ոստիկանության շենքը: Ո՛չ նրանց էր որեւէ պարզաբանում տրվում, թե ինչ կարգավիճակով են այնտեղ տարվել այդ մարդիկ, ո՛չ էլ «Ժառանգության» պատգամավորներին թույլ տվեցին մուտք գործել ոստիկանություն:

Այնուամենայնիվ, ավելի ուշ՝ հետո հայտնի դարձավ, որ մեր «պրոֆեսիոնալների» կողմից բերման ենթարկվածներին ազատ են արձակում: Ժամը 23-ի սահմաններում Կենտրոնի ոստիկանությունում մնացել էին ընդամենը 7 հոգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել