Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ

Ապրիլ 04,2008 00:00 Share

\"\"Ըստ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի, դա է պնդելու Եվրոպայի խորհուրդը

– Ապրիլի 14-ից ԵԽԽՎ-ում կքննարկվեն հայաստանյան վերջին իրադարձությունները, ձեր կարծիքով՝ հատկապես ի՞նչն առիթ դարձավ այս քննարկման:

– ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարները դիմեցին բյուրոյին, որ անհրաժեշտ է հրատապ քննարկել Հայաստանի դեմոկրատական ինստիտուտների վիճակի հարցը՝ այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը խստացրեց երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքը: Մինչ այդ՝ այդպիսի որոշում չկար: Դա տրամաբանական է եւ հասկանալի, որովհետեւ այս օրենքի խստացմամբ ակնհայտորեն ոտնահարվում եւ խախտվում են այն սկզբունքները, որոնց վրա կառուցված է եվրոպական արժեհամակարգը:

– Ի՞նչ կարող է մեր երկրին սպառնալ՝ այդ քննարկման արդյունքում:

– Բնական է, դատապարտվելու է օրենքի այս տիպի փոփոխությունը, եւ, առնվազն, առաջարկելու են ետ բերել օրենքը, որպեսզի չմնան այն փոփոխությունները, որոնք հակասում են Մարդու իրավունքների հռչակագրին եւ մեր Սահմանադրությանը: Հնչելու են տարբեր կարծիքներ, հասկանալի է, որ Ադրբեջանը ակտիվորեն խոսելու է մեր դեմ, իհարկե, կընդունվի բանաձեւ, հիմա դժվար է կանխատեսել՝ ինչպիսին կլինի այն, բայց պարզ է, որ այնտեղ կլինեն մտահոգություններ: Չեմ կարծում, որ հավանական են պատժամիջոցներ, բայց այդպիսի քննարկումն ինքնին պետք է սթափեցնող լինի երկրի համար:

– Նման, ինչպես դուք եք ասում՝ «սթափեցնող» քննարկումներ եւ խիստ բանաձեւեր մեր երկրի հանդեպ եղել են 2003-ից սկսած, բայց, փաստորեն, որեւէ հետեւություն չենք արել, այսինքն՝ չենք սթափվել, ստացվում է, որ ԵԽԽՎ-ի առջեւ պարտավորությունները զուտ ձեւական բնույթ են կրում:

– Դա ավանդական հարցադրում է եւ վերաբերում է բոլոր այն անցումային երկրներին, որոնք դեռ հստակ, անշեղորեն չեն գնում դեպի ժողովրդավարություն, այդպիսի երկրները Եվրոպայի խորհրդում 3-ն են՝ Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Հայաստանը, մնացածների պարտավորությունների կատարման տոկոսը ավելի բարձր է: Իհարկե, մենք պետք է շատ լուրջ կողմնորոշվենք՝ մնալո՞ւ ենք այդ եռյակում, թե՞ գնալու ենք այն ուղիով, որն ամենաարդյունավետն ու նպատակահարմարն է:

Իսկ այն, ինչին մենք ականատես եղանք հետընտրական փուլում, ընդամենը նախկինում ձեւավորված համակարգի արտահայտություններն էին, որոնք, իմ գնահատմամբ, անխուսափելի էին, քանի որ մենք այդ համակարգի շրջանակներում ենք:

– Կարծես ամբողջ մեղքը բարդվում է նախկինների վրա, այսօր գործող իշխանությունը բոլորովին մեղք չունի՞:

– Խնդիրը դա չէ, իհարկե, միշտ էլ անձերը մեղք ունեն, ու միշտ էլ, երբ երկրում տեղի են ունենում իրադարձություններ, առավել եւս, որոնց արդյունքը մարդկային զոհեր են, միշտ էլ առաջինը մեղադրում են իշխանությանը, որովհետեւ ցանկացած պետություն պետք է մի կողմից ունենա բավարար ուժ՝ ներսում անկայունություն թույլ չտալու համար, եւ մյուս կողմից էլ պետք է կարողանա գործել արդյունավետ՝ նվազագույնի հասցնելու համար վնասը, որը կարող են մարդիկ կրել:

– Վենետիկի հանձնաժողովն արդեն ուղարկել է երթեր, ցույցեր անցկացնելու մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ իր «մտահոգիչ» գնահատականները, եւ այս ամսվա կեսերից Երեւանում քննարկումներ կլինեն այս հարցի շուրջ, բայց դա մեզ ի՞նչ է տալու, սահմանադրական փոփոխություններն էլ քննարկվեցին, բայց եղավ այն, ինչ եղավ:

– Այստեղ միայն մեկ քննարկում կարող է լինել՝ ինչքանով են նպատակահարմար այդ սահմանափակումները հանուն կայունության: Այնպես որ, առանց այդ մասնագետների էլ, կարծում եմ, ակնհայտ է՝ ինչ է պետք անել: Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների քննարկմանը վերաբերող ձեր ակնարկին, ես համամիտ չեմ, որովհետեւ առաջին ընթերցումով ներկայացվածը ոչ միայն նախորդ այլանդակ համակարգի պահպանումն էր, այլ նույնիսկ քայլ էր դեպի ետ, հենց եվրոպական կառույցի ճնշումները, Արեւմուտքի ճնշումները բերեցին նրան, որ իրավիճակը փոխվեց:

Հ. Գ. Երեկ Շավարշ Քոչարյանի ծննդյան 60-րդ տարեդարձն էր, «Առավոտը» սրտանց շնորհավորում է պարոն Քոչարյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել