Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»

Ապրիլ 04,2008 00:00

Մարտի 1-ի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատելով այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն անտեսեցին միջազգային հանրության հորդորները՝ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ ասաց. «Սա մարտահրավեր էր ամբողջ քաղաքակիրթ աշխարհին»:

Հիշեցնենք ընդամենը մի քանիսն այդ հորդորներից: Փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր Սլովակիայի ԱԳ նախարար, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշին: Եվ ըստ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության՝ «ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը բարձր է գնահատել այս օրերին իշխանությունների կողմից դրսեւորվող զսպվածությունը»:

Փետրվարի 26-ին Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր ԵԱՀԿ-ի գործող նախագահ Իլկա Կաներվային: Դարձյալ ըստ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության՝ «ԵԱՀԿ-ի գործող նախագահը գնահատելի է համարել այս օրերին իշխանությունների կողմից դրսեւորվող զսպվածությունն ու պատասխանատու պահվածքը: Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ իշխանություններն առաջիկայում եւս հանդես կբերեն ողջախոհություն եւ կգործեն քաղաքակիրթ երկրներում ընդունված մեթոդներով»:

Փետրվարի 28-ին հրապարակվեց ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության հայտարարությունը. «Մենք ողջունում ենք ե՛ւ Հայաստանի իշխանություններին, ե՛ւ ընդդիմությանը՝ երկու առաջատար թեկնածուների օգտին լայնածավալ քաղաքական հանրահավաքների շրջանակներում բռնության ցանկացած փորձից հաջողությամբ խուսափելու համար: Հանրահավաքների ազատ անցկացման իրավունքի այս խաղաղ կենսագործումը՝ մարդկանց մեծաթիվ խմբերի արդյունավետ, ոչ բռնի կառավարման հետ մեկտեղ, նշանակալի նվաճում է եւ ժողովրդավարական առաջընթացի նշան: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին երաշխավորել այս խաղաղ իրավիճակի շարունակումը»:

Իսկ մարտի 1-ի առավոտյան «Արմինֆո»-ն տարածեց ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության մշտական խորհրդի քաղաքական խորհրդական Սեմ Լյոշլիի հայտարարությունը. «Մենք հիացած ենք երկրի մայրաքաղաքում զանգվածային հանրահավաքների եւ երթերի անցկացման ընթացքում ցանկացած միջադեպերից խուսափելու եւ բռնությունից ձեռնպահ մնալու Հայաստանի ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության ձգտմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել