Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ԺԻԳՈՒԼԻՆ» ՆՍՏԵԼ ԵՄ ԿԱՄԱՎՈՐ»

Ապրիլ 04,2008 00:00

\"\"Ըստ Լեւոն Բարսեղյանի, ոստիկանների՝ քաղաքական զբոսանքների դեմ ուղղված կատաղի պայքարը սկսվել է Գյումրիից:

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նկատի ունի մարտի 2-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահայտ դեպքերը, երբ ոստիկաններն առանց ճշտելու, թե գյումրեցիներն ինչից են վրդովված ու ինչու են հավաքվել Թատերական հրապարակին կից տարածքում, սկսել էին ցրել «անօրինական» հանրահավաքը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նույն օրը բերման էր ենթարկվել նաեւ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նա եկել էր հրապարակ՝ «զբոսնելու, ժողովրդի հետ զրուցելու ու իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար»: Սակայն, ինչպես Բարսեղյանն «Առավոտին» պատմեց, ոստիկաններից մեկը՝ Շիրակի մարզային ոստիկանության վարչության պետի տեղակալ Վազգեն Նիկոլայի Հարությունյանը հարձակվել էր իր վրա՝ օձիքից քաշելով բերման ենթարկել: Երեք ժամ անց «ժողովրդին հանրահավաքի կոչ անելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու» մեղադրանքով Լ. Բարսեղյանի դեմ վարչական գործ է հարուցվում: Դատական անդրանիկ լսումը նշանակվել է ապրիլի 11-ին՝ Շիրակի մարզի վարչական դատարանում:

«Ես զարմացա, որ ինձ մեղադրում են կոչեր անելու մեջ, իսկապե՞ս ես հասցրել եմ կոչեր անել: Ժողովուրդ ջան, ես հանրահավաք կազմակերպել էլ գիտեմ, բարեհաջող իրականացնել էլ գիտեմ, ի՞նչ հանրահավաք կարող է լինել՝ առանց պաստառների, առանց ձայնարկու սարքավորումների… ուրեմն դա կարող է լինել մարդկանց հավաք: Ես էդպես եմ հասկանում: Հանրահավաք ասվածը ունի իր կանոնները: Կան վկաներ, որոնք տեսել են, որ Թատերական հրապարակը փակ է եղել հանրության համար այդ ամբողջ ընթացքում: Ոստիկանները մարդկանց չեն թողել հրապարակ մտնել-անցնելու, իրենք էլ շարված են եղել հրապարակի եզրագծով, ինչպե՞ս ես կարող էի կոչել մարդկանց՝ հավաքվել հարթակի մոտ: Ինչ վերաբերում է ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելուն, պիտի ասեմ, որ ոստիկանների «Ժիգուլին» նստել եմ կամավոր, սպասել եմ մինչեւ նոր մարդ կգտնեն, որ ինձ հետ բերման ենթարկեն, չեն գտել, մեքենայից իջել եմ կամավոր: Ոստիկանությունում երեք ժամ հետո ինձ դեմ են տալիս բերման ենթարկելու մասին արձանագրությունը, որի մեջ տառացիորեն երկու-երեք անճոռնի ստեր են գրված, բացահայտ սուտ՝ սարքված երկու ոստիկանների ձեռքով»,- հավելում է լրագրողական կազմակերպության նախագահը:

Լեւոն Բարսեղյանն ակնարկում է Ոստիկանության Գյումրու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Հ. Քալաշյանի ու Խ. Պետրոսյանի մասին, որոնց ցուցմունքները շարադրվել են նույն բառերով: Ըստ այդ զեկուցագրերի. «Տեսանք Թատերական հրապարակ եկող Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին, որը սկսեց կոչեր անել քաղաքացիներին հավաքվել հարթակի մոտ՝ հանրահավաքը սկսելու նպատակով: Մեր կողմից նախազգուշացվեց չիրազեկված հանրահավաքը կազմակերպելու փորձը դադարեցնել, սակայն նա չենթարկվեց մեր օրինական պահանջներին, շարունակեց իր գործողությունները հանրահավաք սկսելու ուղղությամբ: Մեր կողմից Բարսեղյանը նորից նախազգուշացվեց, սակայն նա կրկին չենթարկվեց, այդ իսկ պատճառով վերջինս բերման ենթարկվեց ոստիկանության Գյումրու բաժին»: Քանի որ «Ասպարեզ» ակումբի նախագահի դեմ ոստիկանության Գյումրիի բաժնի հետաքննության բաժանմունքի պետ Գագիկ Բադոյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ բացառապես այս երկու զեկուցագրերի հիման վրա, անտեսելով Լեւոն Բարսեղյանի պարզաբանումները, վերջինս էլ իր հերթին հանդես է եկել հակընդդեմ հայցով, ուր մասնավորապես շարադրված է. «Հակընդդեմ պատասխանողի այն պնդումը, թե ոստիկանության աշխատակիցներն ինձ ներկայացրել են օրինական պահանջ, որին ես չեմ ենթարկվել, անհիմն է, քանի որ ոչ ոք, այդ թվում՝ ոստիկանության ամենաբարձր կոչումով աշխատակիցը լիազորություն կամ իրավունք չունի որեւէ անձի ներկայացնել պահանջ, որը չի բխում օրենքից: ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը որեւէ դրույթ չի պարունակում այն մասին, որ ոստիկանության աշխատակիցն իրավունք ունի քաղաքացուց պահանջել հեռանալ ընդհանուր օգտագործման տարածքից: Հետեւաբար իմ նկատմամբ ոստիկանության աշխատակիցների պահանջը Գյումրի քաղաքի Թատերական հրապարակից հեռանալու վերաբերյալ՝ ակնհայտ անօրինական է»: Ըստ Լեւոն Բարսեղյանի, եթե իր դեմ է այսպիսի գործ սարքվում, ապա այն մարդկանց նկատմամբ, ովքեր քսան տարվա լրագրողներ չեն, փաստաբան ընկերներ չունեն, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը չեն, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառուների խորհրդի անդամ չեն, ուրեմն նրանց դեմ կսարքեն ու կսարքեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել