Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ

Ապրիլ 04,2008 00:00

\"\"Ըստ Միխայիլ Բաղդասարովի, «Արմավիան» ջանք ու եռանդ չի խնայում՝ Հայաստանում ավիատոմսերի գնաճը կանխելու համար:

Նախորդ ամսվա ընթացքում միջազգային շուկայում ավիավառելիքը թանկացավ: Եթե հայկական ավիափոխադրողները տարեսկզբին 1 տոննա ավիավառելիքը ձեռք էին բերում 1050-1080 դոլարով, ապա այսօր՝ 1200-1250 դոլարով: Բացի ավիավառելիքից, վերջերս բարձրացել են նաեւ մետաղների, ինքնաթիռների պահեստամասերի եւ համապատասխանաբար՝ ավիամեքենաների գները: Հայաստանում ավիավառելիքի միակ ներկրողը, դժբախտաբար, մինչ օրս «Միկա լիմիթեդ» ընկերությունն է, որն անընդհատ օդանավակայանում ավիավառելիքի ճգնաժամ է ստեղծում ու այդպես էլ չի պատժվում: Օրերս, խոսելով ավիավառելիքի գների աճից, Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր, որ չնայած այդ թանկացումներին, «Արմավիան» չի բարձրացնում ավիատոմսերի գները, հանուն ուղեւորների՝ առայժմ մի կերպ զսպում է գնաճը: Այդ հայտարարությունից, բնականաբար, երեւում է, որ վաղ թե ուշ Հայաստանում ավիատոմսերի գները բարձրանալու են, ու դրա համար Բաղդասարովն արդեն գտել է տրամաբանական արդարացումը: Մինչ այդ «Արմավիայի» սեփականատերը հավաստիացնում է, որ վնասով չաշխատելու համար իր ընկերությունը ստիպված կիրառում է ծախսերի կրճատման մի շարք հնարքներ: Ավելին, Բաղդասարովի ասելով՝ Հայաստանում գործող մյուս ավիաընկերությունները մշտապես պահանջում են բարձրացնել գները, քանի որ օրեցօր ավիատոմսերի ինքնարժեքն աճում է, նվազում է ընկերությունների շահույթը, բայց նույնիսկ այսպիսի ճնշումների ներքո՝ Մ. Բաղդասարովը գերադասում է ցածր, նույնիսկ չնչին շահույթ ստանալ, բայց ոչ մի դեպքում ուղեւորներին հուսախաբ չանել:

Իհարկե, միամիտ ուղեւորները հնարավոր է հավատան ու գնահատեն Բաղդասարովի այսպիսի «անձնազոհությունը», մինչդեռ իրականում թե ինչի եւ ում հաշվին է «Միկա լիմիթեդի» սեփականատերն այդ «հերոսությունն» անում, ավելի քան ակնհայտ է:

Երեկ «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան «Առավոտի» հետ զրույցում ավիատոմսերի հնարավոր գնաճի մասին պարզաբանումներ տալիս վստահեցրեց, որ ոչ հիմա, ոչ էլ առաջիկայում իրենք չեն պատրաստվում թանկացնել տոմսերը, քանի որ հնարավորություն ունեն գնաճը զսպելու: Ն. Ավետիսովան նաեւ տեղեկացրեց, որ «Արմավիան» թանկացնելու փոխարեն որոշ չվերթերի գներ նույնիսկ էժանացրել է: Օրինակ, Երեւան-Ստամբուլ չվերթը նախկին 450 դոլարի փոխարեն դարձրել է 200 դոլար: Նկատենք, որ որքան էլ համաշխարհային շուկայում ավիավառելիքը թանկանա, «Արմավիան» այնքան հսկայական շահույթ է ստանում, որ լիովին կարող է տեղավորվել այդ եկամուտների մեջ: Դրանում համոզվելու համար բավական է պարզապես նշել, թե այդ ընկերությունը որքան «բարեխիղճ» է կատարում իր հարկային պարտավորությունները: Չնայած «Արմավիայի» պատասխանատուների տեղեկացմամբ՝ իրենց ընկերության հաճախորդների ու իրականացվող չվերթների քանակն անընդմեջ ավելանում է, ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում գնալով ավելի ու ավելի ցածր դիրքեր է գրավում: 2006-ին մեր ազգային փոխադրողը պետբյուջեին վճարել էր ընդամենը 330 մլն դրամ, իսկ 2007-ին՝ ավելի քիչ՝ 205 մլն դրամ, մինչդեռ տարեկան ցուցանիշներով անգամ մարզերի կորած-մոլորած մանր-մունր ձեռնարկությունները, փոքրիկ արտադրամասերն անհամեմատ ավելի շատ հարկ են վճարել: Ընդ որում, նշենք, որ 2006-ի համեմատ «Արմավիայի» ուղեւորներն ավելացել են շուրջ 21%-ով՝ հասնելով ավելի քան 570 հազարի: Անկախ նրանից, թե որքան հաջող են ընթանում իր գործերը՝ ամեն տարի Բաղդասարովը վճարած հարկերը 100 մլն դրամով նվազեցնում է: Ու հենց միայն դրա հաշվին նա լրիվ կարող էր իրեն «անձնազոհություններ» թույլ տալ ու ավիատոմսերը չթանկացնել:

Ինչ վերաբերում է նրան, որ այլ ավիաընկերություններ Բաղդասարովից պահանջում են տոմսերի գները բարձրացնել, իսկ նա, կաշվից դուրս գալով, զսպում է գնաճը՝ «Առավոտի» հետ զրույցում որեւէ ավիաընկերության պատասխանատու չհաստատեց տոմսերի գները բարձրացնելու իր մտադրությունը:

Բրիտանական «bmi» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության վաճառքի գծով տնօրեն Սիմոն Ավագյանը հավաստեց, որ իրենց ընկերության ավիատոմսերի գները չեն պատրաստվում թանկացնել: Նրա տեղեկացմամբ՝ իրենց գները կարգավորվում եւ կառավարվում են Լոնդոնից: Հարցին, թե «bmi»-ը օրերս դիմե՞լ է Միխայիլ Բաղդասարովին՝ տոմսերի գները բարձրացնելու խնդրանքով, պարոն Ավագյանը պատասխանեց. «Մենք նման առաջարկով չենք դիմել»:

«Չեխական ավիաուղիներից» եւս «Առավոտին» վստահեցրին, որ Հայաստանում իրենց ընկերության ներկայացուցիչը Բաղդասարովին անգամ չի ճանաչում ու նրան երբեւիցե որեւէ առաջարկով չի դիմել: Ինչ վերաբերում է ավիավառելիքի թանկացման պատճառով տոմսերի գնաճին, ընկերությունից հավաստիացրին, որ իրենց մոտ ավիատոմսերի թանկացում չի նախատեսվում:

Հիշեցնենք, որ ավիատոմսերի գները Հայաստանում թանկացան բոլորովին վերջերս՝ 2007-ի վերջին, երբ ավիաընկերությունները սկսեցին իրենց տոմսերի արժեքը դոլարի փոխարեն սահմանել եվրոյով: Այնպես որ, «Արմավիան», գները չբարձրացնելով, ոչ թե «լավություն» է անում մեզ, այլ պարզապես այդ քայլին դիմելու տեղ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել