Երազում են պետ դառնալ
Մայիսի 30-ին լրանում է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ, ՀՀԿ անդամ Օնիկ Վաթյանի 65-ամյակը: Իսկ դա նշանակում է, որ պարոն Վաթյանը շուտով հրաժեշտ կտա իր զբաղեցրած պաշտոնին: Չնայած մարդը դեռ աշխատում է, սակայն «Առավոտի» տեղեկություններով՝ արդեն նրա «տեղի» վրա բազմաթիվ աչքեր կան: Այդ պաշտոնին հավակնում են Օ. Վաթյանի երկու տեղակալները՝ անկուսակցական Արմինե Վարդանյանն ու ՀՀԿ-ական Սիլվա Աչոյանը, թիվ 43 եւ 11 դպրոցների ՀՀԿ-ական տնօրեններ Ռուզան Մուրադյանն ու Ռուզան Ազիզյանը, թիվ 59-ի տնօրեն, կարկառուն ԲՀԿ-ական Սամվել Ադամյանը (մականունը՝ Զակոնիչ), նաեւ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ, մեծ լծակներ ունեցող Իշխան Զաքարյանի տիկինը՝ թիվ 62 դպրոցի տնօրեն Գայանե Սողոմոնյանը: Վերջինս, որ համատեղության կարգով դասավանդում է նաեւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, երազում էր դառնալ կա՛մ այդ ֆակուլտետի դեկան, կա՛մ քաղաքապետարանի կրթության վարչության պետ, իսկ դպրոցի իր պաշտոնը ժառանգել քրոջը՝ նույն դպրոցի ուսուցչուհի Մարինային: Երեկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան է ընտրվել նախկին փոխդեկան Նաղաշ Մարտիրոսյանը, այնպես որ՝ մնում է վարչության պետի պաշտոնը:
Գ. Հ.
«Հավատի արթնացում»՝ «Հայ-Արտում»
Ապրիլի 2-ին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ սուրբգրային նկարների ցուցահանդես, որի խորագիրն էր` «Հավատի արթնացում»: Այն կգործի մինչեւ ապրիլի 25-ը: Ներկայացված էր Հին ու Նոր կտակարանների թեմաներով 50 նկար, որոնց հեղինակն է 23-ամյա նկարիչ Ալեքսանդր Նեֆեդովը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Թեհրանի Հայոց առաջնորդարանի առաջարկով, նպատակն էր՝ կրոնական թեման ներկայացնել արվեստի միջոցով: Հեղինակը համագործակցում է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական կազմակերպության հետ: Նա նշեց, որ սա իր առաջին անհատական ցուցահանդեսն է, ինչը պարտավորեցնող է: «Հայ Միասնության Խաչի» փոխտնօրեն Եվա Միքայելյանն էլ տեղեկացրեց, որ հոկտեմբերին Ալեքսանդրի ցուցահանդեսը «կայցելի» Թեհրան:
Ա. ՂԱԶԱՐՅԱՆ
Մերժեցին արձանը
Ըստ «Ռիա-Նովոստիի», Մոսկվայի քաղաքապետարանը օրերս արգելել է Լյուբլյանսկում տեղադրել ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի սյուրռեալիստական արձանը: Անցյալ տարվա սեպտեմբերին ժամանակակից արվեստի ART4.RU մասնավոր թանգարանը լավագույն քանդակի մրցույթ էր հայտարարել եւ հաղթող էր ճանաչվել նկարիչ Դմիտրի Կավարգան: Նրա նախագիծը բիոմորֆ սեւ հրեշ է, որ խորհրդանշում էր փլուզում ու քաոս: Գեղխորհուրդը քանդակը համարել է «շտապողականության արդյունք», նաեւ հայտնել, որ ցանկալի է հուշարձան տեղադրել մարդու մահվանից 10 տարի անց: Ավելի վաղ հուշարձանի տեղադրման հետ կապված «Բորիս Ելցին» հիմնադրամի կայքում բողոքել էր նաեւ Ռուսաստանի նախկին նախագահի ընտանիքը, թե իրենք դեմ են, որ քանդակը տեղադրվի՝ «որտեղ պատահի»: ART4.RU-ի ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ Բ. Ելցինի հուշարձանն իրենց «ամենազիլ» նախագծերից է, իսկ ընտրված տեղը՝ իրենց կարծիքով, ամենահարմարը:
Ռեկտորից դժգոհ են
ՌԴ կուլտուրայի եւ կինեմատոգրաֆիայի գծով գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, օրերս հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի կոլեկտիվի հետ: Պատճառը բուհում ծագած կոնֆլիկտն է, կադրերի անհարկի կրճատումն ու 15 մլն ռուբլու չափով դրամական չարաշահումները: Նշենք, որ ռեկտոր Ալեքսանդր Չայկովսկին աշխատանքից ազատել է 3 պրոռեկտորներին: Կոնսերվատորիայում ստեղծված իրավիճակի, ստուգումների եւ համապատասխան վերլուծության արդյունքները կքննարկվեն մայիսի 15-ին: Շվիդկոյը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ բուհի բարոյահոգեբանական մթնոլորտն իրոք անհանգստացնող է: «Վերջին տարիներին կոնսերվատորիայում շատ գործ է արվել ե՛ւ տնտեսական, ե՛ւ ստեղծագործական առումով, բայց մյուս կողմից էլ, այս վիճակում, երաժշտական բուհն այլեւս չի կարող աշխատել: Ես կոլեկտիվին հիշեցրի, որ կոնսերվատորիան հիմնադրվել է երեխաներին երաժշտություն ուսուցանելու եւ ոչ թե միմյանց դեմ վարկաբեկիչ նամակներ գրելու համար»,- հայտարարել է Շվիդկոյը ու հավաստիացրել, որ ռեկտորն առայժմ հրաժեշտ չի տա պաշտոնին, քանի որ առաջիկայում ընդունելության քննություններ են:
Փառատոնը մեկնարկեց
Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Թավջութակի առաջին հանրապետական փառատոնի շրջանակում կայացավ համերգ: Փառատոնի տնօրեն Արման Պադարյանը «Արմինֆոյին» հայտնել է, որ համերգին մասնակցել են թավջութակահար Արամ Թալալյանը եւ «Նարեկացի» կամերային նվագախումբը, ինչպես նաեւ դիրիժոր Զավեն Վարդանյանը: Համերգի ծրագրում ներառված էին Մարտին Իսրայելյանի եւ Էդուարդ Հայրապետյանի թավջութակի եւ լարային գործիքների համար գրված կոնցերտները:
Թավջութակի հանրապետական փառատոնը կշարունակվի մինչեւ մայիսի 4-ը: Համերգներ եւ վարպետության դասեր կանցկացվեն Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Ստեփանակերտում, Աբովյանում եւ Չարենցավանում:


















































