Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Ապրիլ 04,2008 00:00

\"\"Սոչիում անցկացված ֆուտբոլի «Դագոմիս-Դինամո» պատանեկան մրցաշարում գերազանց հանդես եկավ Երեւանի «Փյունիկ» ակումբի մինչեւ 1995 թվականը ծնված պատանիների թիմը (գլխավոր մարզիչ՝ Սուրեն Չախալյան, մարզիչ՝ Պատրիկ Պապյան)՝ նվաճելով հաղթողի կոչումը:

«Դինամո» ակումբի հիմնադրման 85-ամյակին նվիրված այդ մրցաշարին, որտեղ հանդես եկավ 16 թիմ, մասնակցելու հրավեր ստացվել էր Մոսկվայի «Դինամոյից»: Նախնական փուլում ակումբները բաժանվել էին չորս ենթախմբերի: «Փյունիկը» նախ 4:0 խոշոր հաշվով առավելության հասավ տեղի «Սոչ-Նաց Պարկի» նկատմամբ, այնուհետեւ պարտության մատնեց «Կազան-Ռուբինի» իր հասակակիցներին եւ խմբային մրցաշարն ավարտեց 1-ին տեղում՝ նվազագույն 1:0 հաշվով հաղթելով «Ռոստով-Նիկային»: Կիսաեզրափակիչում Սուրեն Չախալյանի սաները համառ պայքարից հետո ասպարեզից դուրս մղեցին նաեւ Ռուսաստանի Դաշնության 2006 թվականի չեմպիոն եւ անցած տարվա երկրորդ մրցանակակիր Մոսկվայի «Դինամոյին»՝ 2:1, ու վճռորոշ հանդիպումում գլխավոր մրցանակը վիճարկեցին Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով եւ հաղթողին որոշելու համար նշանակվեց 11 մետրանոցների հարվածաշար: Այստեղ ավելի դիպուկ գտնվեցին հայաստանցի պատանիները՝ 5:4: Հաղթական գոլը խփեց թիմի ավագ Համլետ Ասոյանը:

Մեր ֆուտբոլիստները Սոչիում արժանացան նաեւ հատուկ մրցանակների: Մասնավորապես, Ռոբերտ Շանոյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Ալեքսանդր Հովհաննիսյանին տրվեց «Հանդիսատեսի հմայք» մրցանակը:

Սուրեն Չախալյանի խոսքերով, այս մրցաշարը պատանի ֆուտբոլիստների համար շատ կարեւոր էր մրցափորձի ձեռքբերման առումով: «Միայն այսպես է հնարավոր վարպետությունը զարգացնել, կամք, հաղթողի հոգեբանություն, թիմի զգացողություն ձեռք բերել»,- վստահեցնում է գլխավոր մարզիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել