Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրություններ»՝ ըստ Ռոբերտ Սահակյանցի

Ապրիլ 04,2008 00:00

Կամ մտորումներ ռասիզմի եւ բարոյախոսության մասին

Երբեք չէի մտածի, որ հոդված գրելու անհրաժեշտություն կառաջանա ինձ մոտ, բայց արձագանքելու այլ ձեւ չգտա, այնպես որ, ներողամիտ եղեք, գրում է ոչ թե գրողը, այլ ճարտարապետ – նկարիչը:

Պարզապես ուզում եմ պատասխանել այն պնդումներին, որոնք հնչեցին Ռ. Սահակյանցի հարցազրույցներում եւ որոնք վիրավորում են իմ արժանապատվությունը՝ որպես քաղաքացի: Սկսեմ ամենակարեւորից:

Ցանկացած մարդ կարող է յուրովի հասկանալ Նոր կտակարանը, բայց այդ աստիճան աղավաղել Հիսուսի խոսքերը եւ ասել, թե «Հիսուսը մեզ պատգամ է տվել սիրել միայն լավ մարդկանց», ոչ միայն անհեթեթություն է, այլ նաեւ այն, ինչի դեմ հաճախ ելույթ է ունենում հենց ինքը՝ Ռ. Սահակյանցը: Դա քաղքենիություն է եւ փարիսեցիություն: Հիսուսն ասել է ճիշտ հակառակը. «Սիրեցեք ձեր թշնամիներին…. աղոթք արեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար, որ որդի լինեք ձեր Հորը, որ երկնքում է, որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրավների վրա»:

Թույլ տամ ինձ եւս մեկ մեջբերում Կտակարանից. «Ձեզնից ով անմեղ է, թող առաջինը քար նետի այս կնոջ վրա»: Ահա թե ինչպես է Հիսուսը պատասխանում կեղծ բարոյախոսներին: Եվ վերջապես մի կարեւոր դրվագ: «Դու այսօր ինձ հետ դրախտում կլինես»,- ասում է Հիսուսը իր կողքին խաչված հանցագործին: Մի՞թե այս խոսքերը ապացույց չեն, որ պետք է սիրել իրոք բոլորին՝ ե՛ւ «մոլորվածներին», որոնք սխալ ընտրություն են արել, եւ՛ այլոց, եւ սիրել ոչ թե խոսքով, այլ սրտով: Խոսքն ամենեւին նրա մասին չէ, որ հանցագործը չպատժվի՝ դա օրենքի գործն է: Հարցը մոտեցման, եթե ուզում եք՝ աշխարհընկալման մասին է, հատկապես քրիստոնեական աշխարհընկալման մասին, որը երեւի հեռու է Ռ. Սահակյանցի աշխարհընկալումից, ով չի կարող սիրել նրանց, ովքեր «սխալ ընտրություն» են կատարել: Ավելին, նա շեշտեց, որ նրանք անբարոյական են, որովհետեւ չէին ընտրել այնպես, ինչպես ինքն է թույլատրելի համարում, ընդ որում՝ նշեց, որ նրանք ունեին այլընտրանք՝ ընտրել ցանկացածին 8-ից, այլ ոչ թե 9-ից:

Այո, ես ունեի ընտրություն եւ ընտրել եմ այնպես, ինչպես հարկ եմ համարել, այլ ոչ այնպես, ինչպես առաջարկվեց Ռ. Սահակյանցի կողմից: Եվ կարծում եմ, որ որեւէ մեկը իրավունք չունի իմ ընտրության կապակցությամբ քննարկել իմ բարոյականությունը եւ փառք Տիրոջը, որ դեռ չեն ընդունվել այն օրենքները, որոնք, ըստ Ռ. Սահակյանցի, պետք է ընտրության իրավունք տան, որովհետեւ այդ առաջարկով կստացվի հետեւյալը՝ եթե որեւէ մեկը կարդացել է Ջոյս. Բերդյաեւ, Պրուստ կամ Ֆոլկներ, բայց ստոր մի արարած է, ապա նրան, իհարկե, թույլատրվում է ընտրել, իսկ եթե չի կարդացել, բայց բարեկիրթ մարդ է, օրինակ՝ տաքսու վարորդ կամ հող մշակող գյուղացի, ապա նա չի կարող ընտրել: Դժվարանում եմ ձեւակերպել՝ սա ռասի՞զմ է, թե՞ ֆաշիզմ, բայց ռասիստ լինելու անկեղծ խոստովանությունը եթերից, կարծում եմ, շատ բան է ասում մարդու հայացքների մասին:

Միգուցե իմ մոտեցումները սուբյեկտիվ են, բայց ուզում եմ նշել, որ լավ էի վերաբերվում Ռ. Սահակյանցին եւ իր ստեղծագործություններին, մինչեւ իր այս վերջին հարցազրույցները: Համենայնդեպս, իմ սուբյեկտիվ մոտեցումը չի գերազանցում նրա պնդումներին, երբ վերագրում է թեկնածուներից մեկին այն, ինչը երբեք ոչ ոք չի լսել (Ղարաբաղի հանձնման մասին): Չէ՞ որ դա, մեղմ ասած, ճշմարտությանը չի համապատասխանում: Ենթադրություններ անել կարող ենք բոլորս, բայց ներկայացնել դա որպես ճշմարտություն եւ փաստ՝ ամենաքիչը տարօրինակ է:

Եվ վերջում զարմանալի մի պնդման մասին, որը վերաբերում է նրան, որ մեզ՝ հայերիս դաստիարակում են բարձր եւ հերոսական օրինակների վրա, իսկ հետագայում մենք տեսնելով չարության եւ դավաճանության որոշ դեպքեր, զարմանում ենք: Թույլ տվեք մի պարզ հարց տալ. այդ ո՞ր մի երկրում են երեխաներին եւ երիտասարդությանը սովորեցնում, որ չարիքը օրինաչափություն է եւ որ պետք չէ զարմանալ չարի եւ դավաճանության հետ առնչվելիս: Ո՞՝ր մի անգլիացին կամ գերմանացին չի զարմանում եւ վրդովվում, երբ հանդիպում է անարդարության կամ դավաճանության:

Մեր այդ վրդովմունքը շատ բնական երեւույթ է եւ, բարեբախտաբար, մենք դեռ չենք սովորել հանդուրժել դավաճաններին….

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել