Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն ուզում որդնած ջուր խմել

Ապրիլ 11,2008 00:00

\"\"«Հայջրմուղկոյուղու» բաժանորդները պատրաստ են ավելի շատ վճարել, բայց «Երեւան ջրի» ջուրը խմել:

Օրերս «Երեւան ջուր» ընկերությունը հայտարարել էր, որ իրենցից ապօրինի ջրախողովակներով ջուր են գողանում: Ընկերության տնօրեն Սերժ Պոպոֆֆը խոստացել էր լրագրողներին մեկ առ մեկ ցույց տալ ապօրինի ջրագծերի տեղն ու ջրագողերին էլ հրապարակավ խայտառակ անել: Երեկ այդ նպատակով «Երեւան ջուրն» այց էր կազմակերպել Արարատի մարզի Գեղանիստ գյուղ: Ինչպես պարզվեց, Գեղանիստի բնակիչներն արդեն երկար տարիներ է՝ շուրջօրյա ջրամատակարարում ունեն: Նրանք խմելու ջուրն օգտագործում են նաեւ իրենց հողամասերը ջրելու համար՝ սպառած ջրի դիմաց վճարում կատարելով ոչ թե «Երեւան ջրին», այլ՝ «Հայջրմուղկոյուղուն», որը ստանձնած է եղել մարզին ջրամատակարարումով ապահովելու պարտականությունը: Թեեւ «Հայջրմուղկոյուղին» վերջերս սկսել է այդ ջրի համար «Երեւան ջրին» վճարել, սակայն փոխհատուցումը, ըստ էության, չնչին է եղել: Օրերս «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը նամակով դիմել է Սերժ Պոպոֆֆին՝ տեղեկացնելով, որ իրենք արդեն հնարավորություն ունեն իրենց ջուրը մատակարարել Գեղանիստին, ուստի «Երեւան ջուրը» կարող է ապօրինի ջրամիացումներն անջատել:

Երեկ, երբ «Երեւան ջրի» մասնագետները փորձում էին ապամոնտաժել այդ խողովակները, գեղանիստցիները մեծ աղմուկ բարձրացրին: Նրանց խոսքերով՝ «Հայջրմուղկոյուղին» միայն 4 ժամ է ջուր տալիս, այն էլ՝ որդոտ, բլոճոտ, ցեխոտ ու նեխած ջուր: Մենք հասկանում ենք, որ այդ ջուրը նախատեսված է մայրաքաղաքի բնակիչների, մասնավորապես՝ Մալաթիա-Սեբաստիայի եւ մոտակա տարածքների համար, բայց մեզ էստեղ էս ջուրն է պահում, եթե անջատեն՝ կթողնենք-կգնանք: Թող մեզ ջուր մատակարարի «Երեւան ջուրը», մենք նրա հետ պայմանագիր կկնքենք, մանավանդ որ, մեր ուժերով արդեն խողովակները բերել-հասցրել ենք մեր տուն»: Գեղանիստցիները «Հայջրմուղկոյուղու» հետ ընդհանրապես գործ չէին ուզում ունենալ, քանի որ, նրանց խոսքերով՝ «Էս 10 տարի է՝ մեզ խաբում են, նորմալ ջուր չեն տալիս, ամբողջ օրը ջուր ենք կրում: Պատրաստ ենք թեկուզ ավելի թանկ վճարել, բայց նորմալ ջուր խմել»:

«Հայջրմուղկոյուղու» տեխնիկական տնօրեն Կամո Աղաբաբյանը հաստատեց, որ իրենք չեն կարողանում լավ որակի ջուր մատակարարել. «Մենք խորքային ջրեր ենք հանում, որպեսզի ջուր մատակարարենք, երբ այն մնում է խողովակի մեջ՝ նեխում է: Մենք չենք կարող այնպիսի պայմաններ ապահովել, ինչպես «Երեւան ջուրը»: Ուստի խնդրին միայն մեկ լուծում կա՝ այս տարածքներում ջուր թող մատակարարի «Երեւան ջուրը»: Սերժ Պոպոֆֆի խոսքերով՝ «Մեր նպատակն ամենեւին էլ գյուղացիներին ջրից զրկելը չէ: «Հայջրմուղկոյուղին» մեզ ասել է՝ անջատեք, մենք նրանց ջուր կտանք: Մենք ունենք մեր պայմանագիրը եւ մեր պարտականությունը կատարելու համար պետք է ապօրինի միացումներն անջատենք: Մենք պարտավորվել ենք Երեւանը ջրով ապահովել»: «Առավոտի» այն հարցին, թե սպառած ջրի համար «Հայջրմուղկոյուղին» «Երեւան ջրին» գումար վճարե՞լ է, Ս. Պոպոֆֆը պատասխանեց. «Երկու տարի է, ինչ այստեղ ենք, ամենաքիչը 250 միլիոն դրամ ենք ծախսել էլեկտրաէներգիայի վրա: Երբ ես սկսեցի այս մասին բարձրաձայնել, նրանք ընդամենը 8 միլիոն դրամ վճարեցին: Ես գիտեմ, որ մնացած գումարը չեմ էլ ստանալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել