Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱԿԱՆ «ԲԵՍՊՐԵԴԵԼԻ» ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Ապրիլ 11,2008 00:00

«Գրում է Ձեզ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ, 85-ամյա Արտաշես Աբրահամյանը: Իմ որդուն՝ Լեւոն Աբրահամյանին, որը Աֆղանստանի պատերազմի մասնակից է, ԱԱԾ փոխգնդապետ եւ կյանքը չի խնայել մեր պետության համար, մեկ մարդու («Բիլլ» մականունով) ցուցմունքով 2003 թ. ձերբակալել են՝ իբր Ձեր՝ այն ժամանակ դեռ պաշտպանության նախարարի հանդեպ մահափորձ նախապատրաստելու համար: Լեւոնին ազատազրկեցին 6 (վեց) տարով (ՀՀ Քրօրի 35, 305 հոդվածներով), որից արդեն շուրջ 5 (հինգ) տարի է, ինչ կրում է իր պատիժը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Իմ խնդրանքն է Ձեզ՝ օգնել մեզ՝ ծերերիս (կինս էլ պատերազմի մասնակից է, 84 տարեկան, հիշողությունը կորցրած ծանր հիվանդ է), վերականգնել արդարությունը:Որդուս հասնում է ե՛ւ վաղաժամկետ պայմանական ազատում, ե՛ւ բաց ռեժիմ, բայց քանի անգամ դիմել է՝ մերժել են: Ստիպված ես դիմեցի Ձեզ՝ վարչապետ Սերժ Սարգսյանին: Ես հասկացա մի բան՝ իմ նամակները Ձեզ չեն էլ հասել (Ձեր աշխատողները դրանք ուղարկել են նրանց, ովքեր խուսափում են շարժվել օրենքով՝ դրանով Ձեզ արջի ծառայություն մատուցելով): Վերջում ստացա պատասխան, որ բաց ռեժիմ կկիրառվի, եթե քրեակատարողական հիմնարկի պետը որդուս ներկայացնի, բայց նա էլ էր ձգձգում, առանց պատճառի: Դիմել եմ նաեւ նախկին նախագահին՝ պրն Ռ. Քոչարյանին, եւ քրեակատարողական վարչությունից ստացել հետեւյալ պատասխանը. «…ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ՏԵՍԱԿՆԵՐԻ եւ ԼՐԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ հրամանով «Վարդաշեն»’ քրեակատարողական հիմնարկում ԲԱՑ ՏԻՊԻ դատապարտյալներ պահելու համար նախատեսված լրակազմը ՀԱՄԱԼՐՎԱԾ Է, այդ իսկ պատճառով Ձեր խնդրանքը բավարարել հնարավոր չէ…»: (Վարչության պետ՝ արդարադատության գեներալ-մայոր Ա.Մարտիրոսյան, 7 նոյեմբեր, 2007 թ., մուտք թիվ Ք-Ա-169, ելք թիվ 40/3-3622):Ա. Մարտիրոսյանի պատասխանը անհեթեթ է, քանի որ ես տեղյակ եմ, որ այսօրվա դրությամբ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 12-ից ավելի դատապարտյալների նկատմամբ կիրառվել է բաց ռեժիմ: Սա նշանակում է, որ օրենքը չի գործում միայն իմ որդու նկատմամբ, քանի որ շոշափվում է Ձեր անունը, եւ հասկացնել են տալիս, որ անհրաժեշտ է Ձեր «դաբրոն»:Դուք ասում եք, որ երկրում պետք է լինի օրենքի գերիշխանություն, եւ օրենքի առջեւ բոլորը պետք է հավասար լինեն, սակայն իրականությունն այլ է վկայում: Չինովնիկների կողմից կատարվում է, այսպես կոչված, իրավական «բեսպրեդել»: Վերջերս ուղիղ եթերում Ձեր կողմից տրված ասուլիսում, քաղաքացիների հարց ու պատասխանի ժամանակ էլեկտրոնային տարբերակով Ձեզ էի հղել այս հարցը: Եթերում խոսք էր տրվել մեկ շաբաթվա ընթացքում պատասխանել եթերում տեղ չգտած հարցերին, սակայն արդեն երկար ժամանակ է, ինչ պատասխան չեմ ստացել:Որդիս անմեղ է: Խնդրում եմ կիրառել վաղաժամկետ պայմանական ազատում կամ հետագա կալանքը բաց ռեժիմով կրելու պայմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել