Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ապրիլ 15,2008 00:00

Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցական հանդիպումներ է սկսել քառակողմ քաղաքական կոալիցիայում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ: Այս մասին պաշտոնական տեղեկություն է հաղորդել ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: Ըստ այդմ, շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Սակայն, ըստ մեր աղբյուրների, արդեն իսկ ձեւավորված է նոր կառավարությունը, որի կազմում հատուկ անակնկալներ չեն լինելու: ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն պահպանելու են նախկին կոալիցիայում ունեցած նախարարական պորտֆելները, իրենց ուժային կառույցների ղեկավարները եւս մնալու են անփոփոխ, համենայնդեպս՝ այս փուլում: ՕԵԿ-ին տրվելու է երկու նախարարական պորտֆել, նորաստեղծ՝ գիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ կապի ու տրանսպորտի նախարարությունները: Մեկ այլ նորաստեղծ՝ սփյուռքի նախարարությունը Հանրապետականը կվերցնի իրեն, եւ նախարար կդառնա Հանրապետական կին պատգամավորներից Հրանուշ Հակոբյանը: Արտաքին գործերի նախարար կդառնա, ինչպես եւ կանխատեսել էինք դեռ մեկ ամիս առաջ, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը: Պաշտպանության նախարար կդառնա Սեյրան Օհանյանը, իսկ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական: Ըստ որոշ պնդումների՝ միացվելու են հարկային եւ մաքսային ծառայությունները, սակայն ասվում է նաեւ, որ առայժմ այս կառույցները մի կարճ ընթացք դեռ կգործեն առանձին-առանձին: Կոալիցիոն կուսակցությունների ներսում արդեն սկսվել են մեծ ու փոքրիկ պաշտոնների բաժանման շուրջ «բազարները»: Մարզպետների, փոխնախարարների, նաեւ որոշակի վարչությունների, անգամ բաժինների պետերի պաշտոնները ստանալու ախորժակով շատ «գաղափարական» գործիչներ կուսակցությունների ղեկավարների հետ «սկզբունքային» խոսակցություններ են վարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել