Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՏՈՄՍԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ապրիլ 15,2008 00:00

\"\"Բժշկուհուն աշխատանքից հեռացնում են՝ հանրահավաքի մասնակիցներին մասնագիտական օգնություն ցույց տալու համար:

Հանրապետական կուսակցությունը ընտրություններից հետո սկսել է «մաքրել» իր շարքերը: Այդ «մաքրությունը» մինչ օրս շարունակվում է: Կուսակցության բոլոր այն անդամները, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներին, առավել եւս՝ մասնակցել կամ այդ օրերին ելույթ են ունեցել Թատերական հրապարակում՝ կա՛մ հեռացվում են աշխատանքից, կա՛մ էլ հալածանքների են ենթարկվում:

Օրերս Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բուժամբուլատորիայի բժշկուհի Լաուրա Գասպարյանին ասել են, որ նա ազատվում է աշխատանքից: Բժշկուհուն գործազուրկ թողնելու «պարտականությունն» իր վրա է վերցրել գյուղապետ Սամվել Վարդանյանը, որը Լ. Գասպարյանին անձամբ է սպառնացել հեռացնել աշխատանքից: Բանն այն է, որ բժշկուհին մեկն է եղել այն հանրապետականներից, որը հանրահավաքի ժամանակ հրապարակավ պատռել է Հանրապետական կուսակցության իր տոմսը: «Ես ոչ մի քաղաքական կոչ չեմ արել, պարզապես տոմսս պատռել եմ՝ ի բողոք կառավարության անտարբերության: Այդ ժամանակ հացադուլ հայտարարած մարդկանց մեր իշխանությունը ոչ մի բուժօգնություն չէր տրամադրում, երբ վանաձորցի մի մարդ, ի ցույց բողոքի կարեց իր բերանը, մեր ղեկավարներն անգամ այդ ժամանակ բուժօգնություն չտրամադրեցին: Դա արդեն գագաթնակետն էր»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց բժշկուհին: Տեսնելով, որ վտանգված է հանրահավաքի ժամանակ բողոքի դուրս եկած մարդկանց առողջությունը, նա իր՝ բուժաշխատողի պարտքն է համարել ստեղծել բժիշկների կամավորական խումբ, որպեսզի կարողանան օգնել հանրահավաքի մասնակիցներին, մասնավորապես՝ հացադուլավորներին. «Ես նախեւառաջ բժշկի երդում եմ տվել եւ անկախ իմ կուսակցական պատկանելությունից, պարտավոր եմ օգնել մարդկանց, ես կուսակցական երդում չեմ տվել: Ինձ ուղղակի խնդրել են մտնել հանրապետականի շարքեր, ես էլ չեմ մերժել, բացի այդ, մի քանի տարի առաջ եմ հանրապետական դարձել»:

Մի քանի օր առաջ՝ ապրիլի 11-ին, կուսակցական նիստի ժամանակ քվեարկությամբ որոշում է կայացվել Լ. Գասպարյանին հեռացնել կուսակցությունից: Այդ նիստից հետո գյուղապետն էլ, հավանաբար փորձելով ապացուցել հանրապետականներին իր հավատարմությունը, հայտարարել է, որ իրեն Լաուրայի նման աշխատող պետք չէ. «Դու նաեւ աշխատանքից ես հեռացված»: Թեեւ ապրիլի 12-ին տիկին Լաուրան կրկին աշխատանքի է գնացել, սակայն մտահոգություն ունի, որ գյուղապետի հայտարարությունը հենց այնպես չի արված եւ մոտ օրերս այդ սպառնալիքը կիրականացնեն:

Նշենք, որ մինչ օրս բժշկուհու աշխատանքից բոլորը շատ գոհ են եղել: Անգամ գյուղապետի հայտարարությունից հետո բուժամբուլատորիայի տնօրեն Նարինե Գրիգորյանը Լ. Գասպարյանին ասել է, որ նրան աշխատանքից հեռացնելու ոչ մի հիմք չունեն: Ըստ օրենքի, մարզային բուժհիմնարկները վերահսկվում են մարզպետարանների կողմից, իսկ գյուղապետն իրավունք ունի աշխատանքի ընդունել կամ ազատել միայն բուժհիմնարկի տնօրենին, այլ ոչ թե շարքային աշխատակցին:

Երեկ այցելեցինք Փարաքար՝ զրուցելու ՀՀԿ անդամների հետ: Նիստին ներկա եղած գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանը հերքեց, որ Լաուրային աշխատանքից հեռացնելու հայտարարություն է արվել: Իսկ դպրոցի ուսուցչուհի Սեդա Եփրեմյանն ասաց. «Ես անձամբ նման բան չեմ լսել, կարող է այդ պահին ընկերներով զրուցելիս ենք եղել, կամ այդ պահին ուշադիր չեմ եղել»: Հաշվի առնելով, որ Ս. Եփրեմյանի ամուսինը գյուղապետարանում է աշխատում, ուստի նրա ներկայացրած «անուշադրությունը» պատահական չէ. նա գյուղապետին դեմ չէր կարող խոսել: Մինչդեռ նույն դպրոցի մի շարք այլ ուսուցչուհիներ, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաստատեցին. «Նիստի ժամանակ, երբ որոշում կայացվեց Լաուրային հեռացնել կուսակցությունից, նա հայտարարեց, որ ամաչում է իր բժիշկ-կուսակից այն ընկերներից, ովքեր իրենց պատգամավորական ու կուսակցական փափուկ աթոռը վեր դասեցին Հիպոկրատի երդումից: Այդ ժամանակ գյուղապետն էլ ասաց՝ ես էլ չեմ թողնի, որ իմ հովանու ներքո գործող հիմնարկում քեզ նման մարդ աշխատի»:

Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանն «Առավոտի» հետ զրույցում հերքեց, որ ինքը սպառնացել է Լաուրա Գասպարյանին հեռացնել աշխատանքից. «Ես միայն ասել եմ, որ ամաչում եմ նման աշխատակից ունենալուց: Մենք նրան միայն հեռացրել ենք կուսակցության շարքերից: Կուսակցական տոմսը հո սովորական տուալետի թո՞ւղթ չի, որ նա ինչ ուզի՝ անի: Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին մեր գյուղում 1400 մարդ է քվեարկել, իսկ Սերժ Սարգսյանի օգտին՝ 1200, այն էլ՝ ես հիվանդ պառկած էի, թե չէ հնարավոր էր, որ այլ կերպ լիներ: Հիմա մենք հո այդ 1400-ին աշխատանքից չե՞նք հեռացնելու կամ հետապնդելու»: Մեր այն դիտարկմանը, որ, ըստ Լաուրա Գասպարյանի, ինքը կուսակցությանն անդամակցել է ինչ-որ մեկի խնդրանքով, գյուղապետն ասաց. «Մենք ոչ մեկին չենք կարող ստիպել մտնել մեր շարքերը: Մարդը պետք է անկետա լրացնի, պետք է լուսանկարվի, այդ ամենը ստիպելով կլինի՞»:

Ուշագրավ է, որ գյուղապետը Լաուրա Գասպարյանի հետ բարեկամական կապեր ունի, բայց նույնիսկ այդ հանգամանքը չի խանգարում հանրապետական գյուղապետին գործազուրկ թողնել իր արյունակցին՝ հանուն կուսակցության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել