Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը զավթել են

Ապրիլ 15,2008 00:00

\"\"Շտապօգնությունը, հրշեջ մեքենաներն ու տաքսի ծառայությունները բնակիչներին պետք է 100 մետր հեռավորությունից սպասարկեն:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Մանուկյան 2 շենքի բնակիչներն արդեն 10 օր զրկված են իրենց շենք տանող միակ ավտոճանապարհից: Ավտոճանապարհի հարեւանությամբ գործող տաքսի ծառայության տնօրենն օրերս ճանապարհի եզրով երկաթյա ձողեր եւ ցանկապատ է տեղադրել, ինչի հետեւանքով ճանապարհը մոտ 1-5 մետր նեղացել է եւ այդտեղով երթեւեկելն անհնար է դարձել: Բացի այն, որ այդ շենքը գազիֆիկացված է եւ որեւէ վթար լինելու դեպքում ոչ մի տեխնիկա չի կարող շենքին մոտենալ, տասնյակ բնակիչներ իրենց ավտոմեքենաները ստիպված են լինում 100 մետր հեռավորության վրա բացօթյա կանգնեցնել՝ չնայած շենքին կից ավտոտնակներ ունեն: «Եթե մի դեպք պատահի՝ ո՞վ պիտի պատասխան տա, իհարկե, բնակիչները կտուժեն, իսկ ովքեր անվտանգության նորմերը չեն պահպանել՝ անպատիժ կմնան»,- «Առավոտին» դժգոհեցին Մանուկյան 2 շենքի բնակիչները: Նրանց խոսքերով՝ շենքում ծանր հիվանդ կա, սակայն երբ շտապօգնությունից իմանում են, որ մեքենան շենքից մոտ 100 մետր հեռու պետք է կանգնի՝ դժկամությամբ են գալիս. «Նոր վիրահատված մեր հարեւանը օրերս հիվանդանոցից տուն պետք է գա, նրան ստիպված 100 մետր պատգարակով պիտի բերեն, քանի որ քայլել չի կարողանում: Բա ամոթ չի՞»: Արամ Գրիգորյանը ստիպված մեքենան շենքից 70 մետր հեռու է կանգնեցնում. «Ոտքս բուժելու համար ամեն օր բժշկի եմ գնում, այն ցավում է, ես չեմ կարողանում ամեն անգամ 70 մետր քայլել: Ինչո՞ւ պետք է ոմանց անպատասխանատվության համար տուժեմ»:

Ճանապարհի մյուս կողմում, հենց եզրին՝ Սեբաստիայի 96 հասցեում սեփական տուն է, որի պարիսպներն արդեն մի քանի տարի է՝ ինչ կառուցված են: Բնակիչների խոսքերով՝ «Տաքսի սերվիսի տնօրենը՝ Թաթոսը, վստահեցնում է՝ որ ինքը ճանապարհն օրինական է «զավթել», խնդիրը իբր թե սեփական տանտիրոջ հետ պետք է պարզենք: 2 մետրի համար կռիվ է անում, իսկ ինքը անվտանգության կանոնները խախտելով, մեր քթի տակ բենզալցակայան է կառուցել, մենք ոչ մի տեղ չենք բողոքել»:

Մեր հարցերին տաքսի ծառայության տնօրենը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե քաղաքում չէ, սակայն իր աշխատակիցների միջոցով մեզ տրամադրեց տարածքի սեփականության վկայականը: Սեբաստիայի 96 տան սեփականատեր Գյուլում Պողոսյանը տարածքի համար նույնպես վկայական ուներ: 2 սեփականատերերի վկայականների առկայության դեպքում էլ հնարավոր չէր պարզել, թե ճանապարհի զավթած հատվածը ո՞ր մեկի հողատարածքում է, քանի որ միայն մասնագիտական չափումներից հետո դա պարզ կլիներ:

«1956 թվականից այստեղ ենք բնակվում: Իսկ իրենք 90-ականներին են եկել բենզալցակայան ու տաքսի են բացել, ամեն գիշեր աղմուկ-աղաղակ են անում, մեզ խանգարում են՝ մենք չենք բողոքում, ի՞նքն է բողոքում: Ինչ է թե թաղապետարանում մեջք ունի, էդպես արխային է»,- դժգոհեց տիկին Պողոսյանի որդին:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային առաջին բաժնի պետ Տիգրան Մնացականյանը հաստատեց, որ ճանապարհն այնպես է փակվել, որ որեւէ մեքենա չի կարող անցնել. «Մի քանի օր առաջ մեր աշխատակիցները եղել են տեղում: Մենք այդ երկու սեփականատերերի վկայականները վերցրել ենք, որպեսզի ուղարկենք ճարտարապետական վարչություն: Պետք է գեոդեզիական չափումներ, սահմանների ճշտում կատարվեն, որպեսզի պարզվի, թե ու՞մ կողմից է հողազավթում կատարվել»: Մեր հարցին, եթե պարզվի, որ 2 սեփականատերերի տարածքներն օրինական են եւ հողազավթում չի եղել, ճանապարհի հարցն ինչպե՞ս պետք է լուծվի, պարոն Մնացականյանն ասաց. «Իհարկե, դժվարություններ կառաջանան, բայց մյուս կողմից էլ մենք չենք կարող մարդկանց իրավունքները խախտել»: Պարոն Մնացականյանը «Առավոտին» վստահեցրեց, որ 2 օրից հստակ կպատասխանի, թե ով է օրինախախտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել