Լրահոս
Օրվա լրահոսը

«Անբավարարները» հեշտությամբ՝ «երե՞ք»

Ապրիլ 22,2008 00:00

Մանկավարժական համալսարանի վճարովիից չեն հեռացնում

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի, ինչպես նաեւ ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետների տարբեր կուրսերի 67 ուսանող «անբավարար» էր ստացել հանրահաշիվ, երկրաչափություն, տոպոլոգիա եւ դիֆերենցիալ երկրաչափություն ու այլ առարկաների քննություններից: «Առավոտի» տեղեկություններով, հետագայում այդ ուսանողների գերակշիռ մեծամասնությունը հեշտությամբ դրական գնահատական է ստացել: Ըստ մեր աղբյուրների, քննություններն էլ բուհի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի «դաբրոյով» ընդունել է մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Լեւոն Արաբաջյանը: Ի դեպ, վերջինս ոչ թե այդ առարկաների, այլ ֆունկցիաների տեսության մասնագետ է: Կարգի համաձայն, եթե հիմնական դասախոսի փոխարեն քննությունն ընդունում է հանձնաժողովը, ապա այն պետք է ձեւավորվի ամբիոնների վարիչների կողմից, ինչը մանկավարժականի պարագայում չի արվել:

Բուհի ռեկտոր Ա. Ղուկասյանը հրաժարվեց «Առավոտի» հարցերին պատասխանել, նախատելով, որ մեզ միայն վատ բաներն են հետաքրքրում, «կլյաուզաներ» ենք գրում եւ այլն. «Մի քիչ լո՛ւրջ եղեք»: Ավելի ուշ ասաց, որ ինքը գործ չունի, թե ով ինչ է ստացել եւ ինչու, եւ եթե ուզում ենք՝ ուսանողներից հետաքրքրվենք, ու անջատեց հեռախոսը:

Պարզաբանում ստանալու ակնկալիքով հանդիպեցինք նաեւ Լ. Արաբաջյանին:

Նա հաստատեց, որ, իսկապես, 67 ուսանող անբավարար է ստացել, մեծամասնությունն էլ իրենց ֆակուլտետից է:

«Ինչ վերաբերում է առաջին կուրսեցիներին, ինֆորմատիկա բաժնում հանրահաշվից 15 անբավարար կար, մաթեմատիկայի բաժնում՝ 10, 14 հոգի էլ երկրաչափությունից է երկուս ստացել…»,- ասաց դեկանը: Նաեւ հավելեց, որ բուհից դուրս մնացող առաջին կուրսեցիները, ի տարբերություն այլ կուրսերի ուսանողների, չեն կարող վերականգնվել: Հետաքրքրվեցինք, թե «ծույլիկների» քանի՞ տոկոսն է իրենց քոլեջի շրջանավարտ: Նշենք, որ վերջիններս բուհ ընդունվում են հարցազրույցով, իսկ հարցազրույցը ինչ ասես ենթադրում է: Լ. Արաբաջյանը պատասխանեց, որ երեւի 46 առաջին կուրսեցուց 10-ն է մանկավարժականի քոլեջից եկել: Այնուհետեւ կրկին դառնալով անբավարար ստացածներին, դեկանն ասաց. «Ախր 60 ուսանողը մեր ֆակուլտետի առկա բաժնի 1/4-ն է, բոլորին ո՞նց էդպես հեշտուհանգիստ դուրս թողնենք, նրանց վարձերից է գոյանում դասախոսների աշխատավարձը: Դրա համար էլ որոշեցինք լրացուցիչ քննություն կազմակերպել, բայց այնպես, որ հիմնական դասախոսը չմասնակցի: Քանի որ ամբիոնի վարիչը հիմնական դասախոսն էր, նա չմասնակցեց քննությանը»: «Առավոտի» հարցին՝ իսկ ինչո՞ւ նույն ամբիոնի այլ դասախոսների չընդգրկեցին, Լ. Արաբաջյանն արդարացավ, որ դիմել են, դասախոսներն էլ հրաժարվել են: Դա եւս հասկանալի է, որովհետեւ նրանց հակառակ քայլը էթիկայի խախտում կդիտվեր կոլեգաների կողմից:

Պարզեցինք, որ մանկավարժականում զիջել են ինֆորմատիկայի բաժնի 4 ուսանողի, որ Ջավախքից են: «Այնտեղ լարված իրավիճակ է կադրերի հետ կապված»,- ասաց Արաբաջյանը ու հավելեց, որ 3 հոգու էլ ներկայացրել են հեռացման՝ 2-ը չորրորդ, 1-ը՝ երկրորդ կուրսից:

Մեր տեղեկություններով, «ներված» ուսանողները սկսել են ավելի շատ բացակայել, որովհետեւ վստահ են՝ վճարովիից դուրս չեն թողնում: Ասում են, նրանցից շատերը տարրական վարժություններ չեն կարողանում լուծել, օրինակ՝ կարող են ասել, որ եռանկյունու էջերի քառակուսիների գումարը հավասար է ներքնաձիգի կեսին եւ այլն:

Փաստենք, որ նորընտիր նախագահ եւ վարչապետ Սարգսյանները հայտարարում են, թե հետաքրքրված են բուհական կոռուպցիայով, մնում է խոսքը գործ դառնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել