Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՑՈ՞ՒՅՑ

Ապրիլ 24,2008 00:00

Լրագրող Գայանե Առուստամյանը հայտարարություն էր տարածել, որ ամսի 23-ին, ժամը 14-16-ը Մատենադարանի մոտ է հրավիրում մարգինալ արվեստագետներին, ROCK սուբկուլտուրայի համակիրներին, ազատատենչ քաղաքացիներին եւ մոտոսիրահարներին՝ մասնակցելու «Ռոքն ընդդեմ մարդասպանի» կարգախոսով ակցիային: Ակցիան նվիրված էր Ցեղասպանության զոհերի հիշատակին: Քանի որ քաղաքապետարանը իրազեկումը չէր ընդունել, կազմակերպիչները որոշել էին ակցիայի մասշտաբները փոքրացնել, որովհետեւ մինչեւ 100 մարդ օրենքով թույլատրվում է հավաքվել առանց իրազեկման: Չնայած լրագրողի հրավերին հազիվ տասը մարդ էր արձագանքել, բայց ոստիկանները «դեպքի վայր» էին եկել մարտական տրամադրությամբ:

Մինչ այդ, վաղ առավոտյան Գայանե Առուստամյանի տուն էին այցելել Մաշտոցի ոստիկանապետի տեղակալ Գինոյանը, թաղային ոստիկան Լեւոն Մադաթյանը եւ ոստիկանության հետաքննության բաժանմունքի պետ Ալթունյանը: Լրագրողին ասել են, որ եկել են իրեն մեքենայով անվնաս հասցնելու ոստիկանական բաժանմունք, որպեսզի իր հետ այնտեղ զրուցի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը: Չնայած ոստիկանները երդվել են՝ «երեխեքիս արեւ՝ անվնաս կտանենք», լրագրողը հրաժարվել է առանց ծանուցագրի ներկայանալ ոստիկանություն: Ավելի ուշ, Աղասի Կիրակոսյանը Գ. Առուստամյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ եթե նա հայտնվի Մատենադարանի մոտակայքում եւ կազմակերպի իր միջոցառումը՝ պատասխան կտա օրենքի ամենայն խստությամբ:

Մատենադարանի մոտ կայացած ակցիայի մասնակիցները պահել էին «Ապրիլի 24. 1915. Էնվեր, Թալեաթ, Ջեմալ: Մարտի 1. Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արթուր Բաղդասարյան», «Ինչ արժե 10 մարդու կյանքը», «Ինչպես կարող ենք կանխել մարդասպանությունները» մակագրություններով պաստառներ: Նրանք ասում են, որ իրենց համար ոչ մի տարբերություն չկա՝ երեք մարդ կազմակերպել են 1.5 մլն հայերի ցեղասպանություն, թե երեք մարդ կազմակերպել են 10 մարդու սպանություն. «Ամեն անպատիժ սպանություն կարող է ցեղասպանության վերածվել»: Երեք ոստիկաններ խլեցին պլակատները՝ դրանք բռնած երկու կանանց՝ Գայանե Առուստամյանի եւ Լալա Ասլիկյանի ձեռքերից ու կտոր-կտոր արեցին, ասելով՝ «անօրինական ցույց» է: Ոստիկանների եւ ակցիայի կազմակերպիչ ու մասնակից 5-6 կանանց միջեւ 40-45 րոպե տեւած լեզվակռիվն ավարտվեց առանց լուրջ միջադեպերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930