Լրահոս
Օրվա լրահոսը

«Համազգեստի» պատիվը

Ապրիլ 24,2008 00:00

Անդրադարձ «Զգուշացեք սադրանքից» վերնագրով մամուլում տպագրված հրապարակումներին

Անկեղծ ասած, չէի էլ պատասխանի «առ այսօր հավատով եւ ճշտով գիտությանը ծառայած հայտնի գիտնականների» հեղինակած «Զգուշացեք սադրանքից» հոդվածին, քանի որ դրա բովանդակությունը լիովին արտացոլված է հենց վերնագրում: Սակայն մի շարք հանգամանքներ պարտավորեցնում են արձագանքել: Շատ եմ ափսոսում, որ այս ակնհայտ գիտական բլեֆի պատմության մեջ ներքաշվեցին ինչպես ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, այնպես էլ այդ բլեֆի շարքային կատարողները: Եթե ծրագրի կատարողներից շատերի ստիպողաբար ներքաշումը ինչ-որ չափով հասկանալի է, ապա փոքր-ինչ տարօրինակ է ՀՀ ԳԱԱ նախագահի միջամտությունը, որն անձամբ կապ չունի այդ բլեֆի հետ: Փաստորեն, ԳԱԱ նախագահի համար «համազգեստի պատիվը» ավելի կարեւոր է, քան գիտության շահերը: Ակնհայտ է, որ սպասում էի «պատասխանի»՝ դա մեր բոլորիս օրինական իրավունքն է:

Հետաքրքիր է այդ «պատասխանը», որը կազմված է երկու մասից.

ա) հնարավորության սահմաններում պետական նպատակային ծրագրի հիմնավորման փորձեր, որոնք հաստատում են իմ այն փաստարկը, որ պետբյուջեից գիտությանը հատկացվող գումարները փոշիացվում են՝ այս անգամ ոչ միայն «գիտության կոմբինատորներից», այլեւ՝ ՀՀ ԳԱԱ–ի նախագահության կողմից, որպես տվյալ ծրագրի համակարգողի,

բ) իմ անձի եւ գործունեության նկարագրությունը, որի հիմնական նպատակն է քաղաքական մատնության ենթատեքստով տեղափոխել խոսակցությունը գիտությանը հատկացվող բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության հարթությունից անձնական բնութագրերի հարթություն:

Իրենց «պատասխանով» մեր «գիտական այրերը» ընդամենը տեղեկացրել են հանրությանը, թե ինչքան վատ մարդ եմ ես: Ընդունենք, որ ես «ամենավատ մարդն եմ, ով երբեւէ ապրել է երկիր մոլորակի վրա»: Այս դեպքում նույնպես, հարցերը մնում են չպատասխանված՝ «ո՞վ կամ ո՞ր պետական կառույցն է ֆինանսավորել, այսինքն՝ քամուն տվել պետական միջոցները», «ովքե՞ր եւ ինչքա՞ն են ստացել այս «աշխատանքի» համար հատկացված հսկայական միջոցներից» եւ այլն…

Այժմ, այսպես կոչված, «հիմնավորման» մասին, որը տարակուսանք է առաջացնում իր պարզունակությամբ: Հայտնի է, որ պետական նպատակային ծրագրերը պետք է լուծեն պետության կարիքներին՝ սովորաբար, ռազմական կամ տնտեսական անվտանգությանը նպաստող որոշակի խնդիր: Այսինքն, հիմնականում լինելով կիրառական բնույթի, պետական նպատակային ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունների արդյունքը պետք է լինի որոշակի նյութական արժեք: Այս իմաստով արդեն «Հայաստանի բնական հումքից նոր նյութերի ստացում» վերնագրի մեջ բացակայում է որոշակի նպատակը, երբ օգտագործվում է անորոշ «նոր» բառը: Դա պետական գաղտնիք չէ կամ փակ թեմա, որի տակ սովոր են թաքնվել որոշ «հեղինակավոր գիտնականներ», հատկապես որ՝ ծրագիրը «իրականացվել է բաց եւ թափանցիկ»: Այս բառերը, իհարկե, շատ նորաձեւ են, սակայն ոչ տեղին: Նորաձեւությանը տուրք տալով՝ կարելի էր նաեւ նշել, որ պետական նպատակային ծրագիրը նաեւ հայրենասիրական-ազգայնական է, քանի որ «նոր հատկություններով օժտված նյութերը» պետք է ստացվեն Հայաստանի բնական հումքից: Եվ այն փաստը, որ միայն կոնֆերանսի որոշմամբ է կազմվել «կիրառական մշակումների մի ամբողջ փաթեթ», արդեն հիմք է հանդիսանում նոր հարցի՝ մի՞թե պետությունը մեծ գումարների շրջանակում պատվիրել է գիտաորոնողական գործունեություն՝ առանց որոշակի նպատակի, առանց իմանալու, թե ի՞նչ է ուզում եւ ինչի՞ համար… Զանգվածային հիմարեցման երեւույթ են հիշեցնում նաեւ հեղինակավոր ակադեմիկոսների մասնակի հիմնավորումները: Օրինակ, «հակավիրուսային եւ ճառագայթակայուն դեղամիջոցների ստեղծման ենթածրագրում, եթե անհրաժեշտություն առաջանա ստեղծել այդ նյութերը Հայաստանում, ապա դրանց ստեղծման աղբյուր կարող է հանդիսանալ ացետիլենը, որը հանդիսանում է կրաքարի վերամշակման արդյունք, որով հարուստ է Հայաստանի ընդերքը»: Սա արդեն այնքան էլ լուրջ չէ՝ ոչ միայն պետական նպատակային ծրագրի, այլեւ «հեղինակավոր ակադեմիկոսների» համար…:

Հիմա համառոտ՝ ՀՀ ԳԱԱ նախագահի օրհնությամբ մեր հեղինակությունների կողմից ինձ վերագրված մեղքերի մասին: Անկասկած, չեմ անդրադառնա «առ այսօր կերակրատաշտակից օգտվելով ձեռք գցած անձնական ունեցվածքին» եւ նմանատիպ այլ հարցերի: Դա բոլորին է հայտնի՝ ով՝ ով է, կամ ով ինչ կարողություն ունի: Բայց քանի որ մեղադրանքները նվիրված են նաեւ գիտության ոլորտի քաղաքականությանը, պարտավորված եմ զգում «արդարանալ» իմ ոչ հեղինակավոր գործընկերների առջեւ: Բայց նախ՝ եւս մի գլուխգործոցի մասին. «Երկարատեւ լռությունից հետո, համարելով, որ «հինը, հավանաբար, արդեն մոռացված է», ստվերից սկսեցին դուրս գալ անցյալ դարի վերջի քաջարի «բարեփոխիչները» եւ նրանց կողմից «կերակրվող» կամակատարները», որը, անկասկած, հետապնդում է քաղաքական մատնության նպատակ՝ «լավագույն» ժամանակների ոգով: Հավանաբար, «գիտության այրերն ու մայրերը» ուզում էին հիշեցնել կամ մատնանշել այսօրվա իշխանություններին, որ ես Լ. Տեր-Պետրոսյանի եւ Հ. Բագրատյանի օրոք եղել եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտության վարչության պետ: Մի՞թե ես երբեւէ հրաժարվել եմ այդ փաստից: Իսկ այն, որ ձեզանից մի քանիսն իրոք վայելել են առաջին նախագահի ակնհայտ հովանավորչությունը՝ հիշեք թեկուզ 1993-ը, մեղք չեմ համարում առաջին նախագահի համար, այլ՝ ընդամենը սխալներից մեկը: Ի հեճուկս «հեղինակավոր գիտնականների», ես հպարտանում եմ, որ աշխատել եմ այդ ժամանակաշրջանում եւ իմ լուման եմ ունեցել նորանկախ Հայաստանի ամենահաջողված բարեփոխումներից մեկի առաջընթացում, որը ճշմարտացիորեն նշել են հեղինակները, տապալվեց 1997-ի կեսերին: Այսինքն՝ այն ժամանակվանից, երբ պետբյուջեով գիտությանը հատկացված միջոցների բաշխումը սկսվեց իրականացվել ՀՀ ԿԳՆ-ի կողմից, ի դեմս այն ժամանակ մոտ 5 տարվա փոխնախարարի փորձառություն ունեցող Ա. Շահինյանի, որը մինչ այդ ավելի շատ մասնագիտացված էր ընդունելության քննություններով…

Ի դեպ, 1997-ին ՀՀ էկոնոմնախի գիտության վարչությունը «օրինապաշտ» Շահինյանին ժառանգություն է թողել 923 թեմա, գիտաշխատողի մեկ հաստիք՝ 9000 դրամ միջին աշխատավարձով, որը կազմում էր ընդամենը մեկ հաստիքին հատկացվող գումարների 62%-ը միայն: Առաջին հայացքից այս տվյալները կարող են եւ ոչինչ չասել, բայց պետք է հիշեցնեմ, որ այդ ժամանակվա՝ 1996 թ. երկրորդ կեսին փոխնախարարի աշխատավարձի չափը կազմում էր մոտ 7500 դրամ: Իմ կարծիքով, այս ցուցանիշները ցույց են տալիս նաեւ իշխանությունների վերաբերմունքը գիտությանն ու գիտաշխատողին՝ ընդհանրապես: Իսկ թե ինչ արդյունքների բերեց 1997-ից հետո «օրինականությունների» դարաշրջանը, թերեւս առանձին խոսակցության նյութ է…:

Եվ, վերջապես, չեմ կարող չանդրադառնալ ինչպես իմ գիտելիքների, այնպես էլ «հեղինակություններին չհարգելու» իմ բնավորության մասին մեր «գիտական այրերի» կարծիքին: Դուք չարաչար սխալվում եք՝ ես շատ եմ սիրում գիտական գործունեությունը եւ խորապես հարգում նրանց, ովքեր հասնում են իրական հաջողությունների այդ բնագավառում՝ իրենց տքնաջան աշխատանքի ու ոչ թե այս կամ այն կառույցի հովանավորչության շնորհիվ: Ինչպես եւ ամբողջ աշխարհում, ինձ համար նույնպես գիտության ոլորտում հեղինակություն են նրանք, ովքեր տալիս են գիտական մրցունակ արդյունք, որի միակ չափանիշը հղումների օբյեկտիվ ինդեքսն է, այլ ոչ թե տեղական մասշտաբի տարբեր տեսակի տիտղոսները: Ուսումնասիրելով միջազգային գիտական շրջանակներում երկու հղումների տվյալների ամենահայտնի շտեմարաններում («Thomson Scientific» եւ «SCOPUS») մեր «գիտական այրերի» հղումների ցուցանիշները, դժվար չէ պարզել, որ ընդդիմախոս «հեղինակությունները», որոնց չհարգելու պատճառով նրանք ինձ համար կանխատեսում էին «հատուցում», այնքան էլ հեղինակություն չեն: Նույնիսկ նրանք, որոնց ցուցանիշները պարզապես «զրո» չեն, էապես զիջում են իմ ցուցանիշներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել