Լրահոս
Օրվա լրահոսը

Իգիթյանը գովեց իշխանություններին

Մայիս 15,2008 00:00

Մյուս արվեստագետներն էլ՝ ապագա մշակութային ալիքը

«Հայելի» ակումբի երեկվա հյուրը արվեստաբան Հենրիկ Իգիթյանն էր, թեման՝ առաջիկայում ստեղծվելիք մշակութային հեռուստաալիքը: Նրա համոզմամբ, եթե որեւէ նոր բան է ստեղծվում, նախ եւ առաջ պետք է մտածել, թե ով է ղեկավարելու տվյալ կառույցը: «Դիտում եմ ռուսական «Կուլտուրա» ալիքը, որովհետեւ այնտեղ Շվիդկոյ կա, նրա ինտելեկտն ու տակտը ինձ շատ են դուր գալիս… Իմ կարծիքով, վատ տեսակի արվեստ չկա, կան վատ կատարողներ: Հաճախ ասում են՝ զուռնա-դուդո՞ւկ եք սիրում: Եթե սիրում եմ դասական երաժշտություն, ջազ, ուրեմն իրավունք չունե՞մ զուռնա- դուդուկ էլ սիրելու, կամ չասելու, որ Արամ Ասատրյանի երգն ինձ վրա ազդեց… Չէ՞ որ մարդ եմ, ունեմ զգացմունքներ: Եթե Ասատրյանին լսեմ, Մոցարտին պակա՞ս եմ սիրելու»,- նշեց բանախոսը: Մշակութային հիմնախնդիրներին դառնալով էլ ասաց. «Ես այսօրվա ղեկավարությունից դժգոհողներից մեկն եմ»: Նա մեկնաբանելով իր դժգոհության պատճառը՝ ասաց, որ արդեն երկար տարիներ պայքարում է թանգարանի շենք կառուցելու համար. «Կազինոների, բենզինի ու հյուրանոցների երկիր դարձանք, բայց մի մշակութային հիմնարկություն, մի շենք այդպես էլ չկառուցվեց»: Նրա համոզմամբ, եթե լիներ մեկը, որ մշակույթ սիրեր այնպես, ինչպես Ռ. Քոչարյանն է սպորտը սիրում, կամ Սերժ Սարգսյանը՝ շախմատը, ամեն ինչ լավ կլիներ. «Պետությունը պետք է ծայրից ծայր հովանավորի դասական արվեստը: Այսօր ոչ ոք չի հետաքրքրվում մշակույթով: Մեր ղեկավարներից ով վերջին անգամ հետաքրքրվել է մշակույթով, եղել է Կարեն Դեմիրճյանը: Հիմա մենք պետության համար գոյություն չունենք: Եթե Ծառուկյանի պես մի մարդ լիներ, որը թեկուզ կազինոյով կամ չգիտեմ ինչով է հարստացել, օգներ օպերան կամ կերպարվեստը ոտքի կանգներ, կասեի՝ փառք այդ մարդուն»: Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելուց հետո Իգիթյանը խոսեց այն մասին, թե ինչու է ձայնը տվել Ս. Սարգսյանին. «Ես չեմ թաքցնում, որ նախընտրեցի Սերժին, բայց դա արել եմ ոչ թե այն բանի համար, որ նրա «պախոդկան» կամ «պրիչոսկան» ինձ դուր է գալիս: Ես նրան ընտրեցի ինը թեկնածուներից, դիտարկելով նրա անցած ճանապարհը: Իսկ Ռոբերտի եւ Սերժի հետ ծանոթացել եմ Ղարաբաղում, այն տարիներին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ավտոմատը ձեռքին «Նաիրիտ» էր փակում: Առաջին անգամ սրտանց ձայնս տվել էի Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իսկ հիմա հարց եմ տալիս՝ մի մարդ, ով մեզ պահել է մթի ու սովի մեջ, արդյո՞ք բարոյական իրավունք ունի նորից հետ գալու»: Բոլոր իշխանությունների օրոք իշխանություններին գովերգող Հ. Իգիթյանը լրագրողների մասին էլ ասաց. «Այսօրվա ժուռնալիստները լկտի են: Գրել էին, թե Սերժ Սարգսյանի կոլեկցիան ես եմ հավաքել: Բայց ես ոչ գիտեմ, թե նա որտեղ է ապրում, ոչ էլ իմ ընկերն է, ոչ էլ ուզում եմ ընկերանամ: Ես ազատ մարդ եմ, իմ ընկերների ընկերն եմ»:

«Հայելի» ակումբում երեկ հյուրընկալվել էին նաեւ «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Արտավազդ Բայաթյանն ու ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Պրն Բայաթյանը հույս հայտնեց, որ ստեղծվելիք մշակութային հեռուստաալիքը՝ գովազդից եւ քաղաքականությունից զերծ, ուղղված կլինի բարձրարժեք արվեստի պրոպագանդմանը, նաեւ արվեստագետներին, քննադատներին արտահայտվելու հնարավորություն կտա:

«Հուսով եմ, որ դա կլինի միակ ալիքը, որը չեն բռնագրավի մեր «աստղերն» ու «աստղիկները»: Բոլոր հեռուստաալիքները թող իրենցը լինեն, իսկ այդ մեկը՝ մերը: Իհարկե, պետք է լինի նաեւ էստրադային երաժշտություն, բայց ոչ այն երաժշտությունը, ինչը կա այսօր շուկայում»,- իր հերթին հայտարարեց Էդ. Թոփչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել