Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվիրատուն ճնշել է, որ ինձ դատեք»

Մայիս 20,2008 00:00

Դատարանում մեղադրողին ասաց «ամբաստանյալ» Խաչիկ Գասպարյանը

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ) քննության դրվեց ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ, 41-ամյա Խաչիկ Գասպարյանի քրեական գործը: Նա մեղադրվում է «Մարտի 1-ի» գործով. նրան մեղադրանք է առաջադրվել Քրօրի 316 հոդվածի առաջին մասի՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատարանում Խ. Գասպարյանը, վերապատմելով նախաքննական մարմնին տված ցուցմունքները, հայտնեց, որ մարտի 1-ի առավոտյան, լսելով Ազատության հրապարակում կատարվածի մասին, Մասիվից, ուր այդ օրերին գիշերել է ծանոթ կնոջ տանը, շտապել է Արշակունյաց պողոտա՝ այնտեղ կայանած սեփական մեքենան վերցնելու նպատակով ու անակնկալի է եկել: «Ոստիկաններին թվաց, թե ես Սասուն Միքայելյանն եմ, հարձակվեցին ինձ վրա ու սկսեցին դաժանաբար ծեծել: Ես ուշաթափվեցի էլեկտրաշոկի գործադրումից եւ էլ բան չեմ հիշում: Ինձ տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին: Զգացի, որ գլխիցս եւ ականջիցս արյուն է գալիս: Ուղեղի ցնցում եմ ստացել, որը վկայել են բժիշկները: Հետո տարան ոստիկանության Էրեբունու բաժին: Առաջին օգնությունը տրվել է ժամը 15:30, երկրորդ օգնությունը՝ ժամը 18:00: Նույնիսկ իմ ամուսնական մատանին են գողացել: «Կարոտ» ֆիլմի Առաքելն էի դարձել: Ես անմեղ եմ եւ այս դատերը շինծու են»,- դատարանում ասաց Արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի եւ ԼՂ իշխանությունների կողմից թվով 8 շքանշանների, բազմաթիվ պատվոգրերի արժանացած «ամբաստանյալը»: Որդուն լսելուց հետո, ազատամարտիկի 58-ամյա մայրը՝ Հռիփսիմե Գասպարյանը նկատեց. «Պատերազմի ժամանակ թուրքերը բալիս հաշմանդամ դարձրին, մարտի 1-ին էլ՝ հայերը»: Ըստ Խ. Գասպարյանի, ինքը եւ մյուս երկրապահները, ընդգծելով Սասուն Միքայելյանի անունը, ցույցերին մասնակցել են, բայց հանցագործություն չեն արել, միայն «հետապնդվում ենք մեր քաղաքական հայացքների համար»:

Դատարանում ցուցմունք տվեցին նաեւ դատակոչված 5 վկաներից Հայկ Սարգսյանը եւ ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ Ժորա Համբարձումյանը: Վերջինս հայտնեց, որ ինքը Խ. Գասպարյանին տեսել է բաժնում՝ առավոտյան ժամը 7.30-ի սահմաններում, անմիջապես ե՛ւ նրա, ե՛ւ այլ բերված վիրավորների համար շտապօգնություն է կանչել, մինչդեռ իր նախաքննական ցուցմունքում նույն ժամն է նշել նաեւ ազատամարտիկին Արշակունյաց պողոտայից Կենտրոնի բաժին տարած վկա Արմեն Խաչատրյանը: Խ. Գասպարյանի պաշտպան Ամալյա Ավագյանի գնահատմամբ՝ վկաների սուտ ցուցմունքների հիման վրա ուղղակի «գործ են սարքում»:

Պաշտպանը հանդես եկավ երկու միջնորդությամբ. նախ, որպեսզի իր պաշտպանյալին ճանաչեն տուժող, քանի որ կրել է նյութական, առողջական եւ բարոյական վնասներ, ապա՝ այդ օրը ոստիկանության բաժիններում Խ. Գասպարյանի հետ գտնված մարդկանց՝ Աշոտ Մանուկյան, Սարգիս Պարունակյան, Միսակ Հովակիմյան, Վարդան Մկրտչյան եւ այլք, որոնց բոլորին էլ նույն հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել, բերել դատարան եւ հարցաքննել՝ որպես վկաներ: Դատավոր Գագիկ Ավետիսյանը երկու միջնորդությունն էլ մերժեց՝ առաջին միջնորդությունը խոստանալով քննարկել, որն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ երկրորդ միջնորդությունը համարեց անհիմն:

Մեղադրող Աշոտ Նադոյանը Խ. Գասպարյանին մեղսագրվածը համարեց հիմնավոր եւ պահանջեց ազատամարտիկին դատապարտել 2 տարի 6 ամիս պատժաչափով: Դատական լեփ-լեցուն դահլիճը բացասաբար արձագանքեց մեղադրողի պահանջին, իսկ «ամբաստանյալի» մայրը ուշաթափվեց, որին ուշքի բերել հաջողվեց միայն շտապօգնության աշխատակիցների ջանքերով: Ա. Նադոյանը, չդիմանալով ճնշմանը, արագորեն ծլկեց դահլիճից: Պաշտպան Ա. Ավագյանը երկու օր ժամանակ պահանջեց, որպեսզի նախապատրաստի իր պաշտպանական ճառը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել