Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՄՈՒԼԻՆ ՊԻՏԻ ՉՄԵՐԺԵԼ

Հունիս 03,2008 00:00

Սա Գալուստ Սահակյանի կարծիքն է

Տիգրան Սարգսյանի որոշումը՝ ձեւեր գտնել կանոնակարգելու ԶԼՄ-ների աշխատանքը, առիթ է տալիս մտածելու, որ վարչապետն իր բուն անելիքը թողած, փորձում է զբաղվել իր լիազորություններից դուրս հարցերով: Չի՞ նշանակում սա, որ «պարապ» է մնացել եւ ուզում է գոնե մամուլով զբաղվել:

Երեկ լրագրողներն այսպիսի հարցերով ձգտում էին հասկանալ, թե ՀՀԿ-ն, որպես իշխող կուսակցություն, քննարկե՞լ է այս հարցերը, կամ ինչո՞վ էր վատ, որ յոթ տարի շարունակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կանգնում էր տեսախցիկների առաջ եւ պատասխանում բոլոր լրագրողների հարցերին եւ ասում էր ոչ թե այն՝ ինչ ուզում էին լսել լրագրողները, այլ այն, ինչ ինքն էր ուզում այդ պահին ասել: Ի՞նչն է խանգարում Տիգրան Սարգսյանին՝ ազատ շփվել մամուլի հետ: Գ. Սահակյանը փորձեց բացատրել. «Մամուլը բազմազան է, բազմաժանր է, բազմաթիվ մարդիկ են, իրենց տեսակետն ունեն, էսպես չես կարող թելադրել, ես այդպես եմ կարծում, առավել եւս իմ աշխատանքը մամուլի հետ, կարծում եմ, այնպես է, ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված, մամուլին պիտի չմերժել, եթե հարցադրումներ ունի»: Լրագրողները հիշեցրին, որ վարչապետը փորձում է մերժել:

Գալուստ Սահակյանը, թե՝ «Չեմ կարծում»: «Առավոտը», հիշեցնելով Անդրանիկ Մարգարյան-մամուլ շփումների փորձը, հարցրեց՝ արդյո՞ք Տ. Սարգսյանը որպես վարչապետ որեւէ իրավասություն չունի, այդ պատճառով սկսել է մամուլի աշխատանքները կոորդինացնել: Ի պատասխան հնչեց. «Բայց օրենքին չի հակասում, չէ՞»: Նկատեցինք, որ շատ բան օրենքին չի հակասում, բայց նաեւ չի կարելի անել: Գ. Սահակյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր գործիչ ինքն է որոշում հրապարակային ինչ ձեւից օգտվել եւ ինչպես օգտվել, նաեւ տեղի եւ ժանրի առումով: Կարծում եմ, ես մամուլի հետ աշխատել եմ, երբեք չեմ հրաժարվել, երբեք չեմ ասել՝ ժամանակ չունեմ, ես այդպես եմ ճիշտ գտնում աշխատանքը, որովհետեւ քաղաքական գործչի միակ զենքը հրապարակայնությունն է, իսկ մամուլի աշխատողներին ես համարում եմ իմ կոլեգաները»: Վերջում էլ խոստացավ. «Տիգրան Սարգսյանը մամուլի հետ շփվելու շատ զորեղ միջավայր կստեղծի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել