Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱ»-ն Եվրոդատարան չի հասնի

Հունիս 25,2008 00:00

\"\"Ասում է «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը

Մինչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասին մտածելը, հեռուստաընկերությունը փորձում է անձամբ «դաս տալ» իրեն վատություն արած «կամակատարներին»: Վերջերս Գյումրիի հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանի մութ գործարքներից մեկը բացահայտելուց հետո՝ «ԳԱԼԱ»-ն ձեռնամուխ եղավ նրա պաշտոնանկմանը հասնելու գործին: Զիլֆիմյանի «շեֆերն» էլ, կարծես, դեմ չէին նրանից ազատվելուն, եւ Զիլֆիմյանին Գյումրիից տեղափոխեցին Ապարան՝ անկախ լրատվական ալիքի տեսադաշտից հարյուրավոր կիլոմետր հեռու: Երեկ «Առավոտի» հետ հարցազրույցում «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը վստահեցրեց, որ նույն բախտին են արժանացնելու նաեւ մյուս «կամակատարներին» եւ առաջին հերթին՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, ում, ի դեպ, պատրաստվում են դատի տալ «ԳԱԼԱ»-ի անունից կեղծ փաստաթղթեր սարքելու ու հարկայինին ներկայացնելու համար: «Առավոտը» հետաքրքրվեց, թե հեռուստաընկերության «սեւ ցուցակում» կա՞ն, արդյոք, Գյումրիի քաղաքապետն ու ավագանին, եւ ի՞նչ կարող էին անել վերջիններս, եթե հարցը վերեւներից այդպես խիստ էր դրված:

– «ԳԱԼԱ»-ն փակելը միանշանակ վերեւների հրահանգն էր՝ իջեցված Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից, բայց մանկլավիկները՝ սկսած դատավորներից մինչեւ ԴԱՀԿ-ի աշխատակիցները, փորձեցին ավելի կաթոլիկ լինել, քան Հռոմի պապն էր: Եթե ես լինեի քաղաքապետ (իհարկե՝ հեռու ինձանից) չէի կատարի էդ հրահանգը: Էս դեպքում քաղաքապետը կարող էր խուսափել, վերջում ասին, չէ՞, քաղաքապետին ո՞վ էր խնդրել հեռուստաաշտարակի համար խառնվել: Քաղաքապետը չգիտի՞, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: «ԳԱԼԱ»-ն չի եթերազրկվի ու կտուժեն էն մարդիկ, ովքեր հլու-հնազանդ են եղել, ովքեր փորձել են վատություն անել: Զիլֆիմյան Մարտինն էլ դրա վառ օրինակն է: Ինչ վերաբերում է մեր ավագանուն, ոչինչ չեմ ուզում ասել, որովհետեւ մեր ավագանին մեղք է, շատ փոքր կառույց է, քաղաքապետի կցորդն է, նույնիսկ ոչ թե քաղաքապետարանի: Եղած-չեղած մի հաշիվ է, նրանք ոչ մի բան չեն փոխի մեր քաղաքում:

– Վերջին շրջանում «ԳԱԼԱ»-ին անհանգստացնողներ գրեթե չկան, գովազդատուները կարծես վերադառնում են: Ինչո՞վ է պայմանավորված սա՝ Ռոբերտ Քոչարյանի հեռանալո՞վ: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը, հեռուստաընկերությանը հանգիստ թողնելով, չի ցանկանում իմիտացիա ստեղծել, թե ինքը ազատ խոսքի կողմնակից է:

– Իմ թիկունքին ժողովուրդն է կանգնած, հենց նա հարկադրեց իշխանություններին հաշվի նստել իր հետ ու չփակել «ԳԱԼԱ»-ն: Իշխանություններն էլ հասկացան, որ զոռբայությամբ բան դուրս չի գա: Հեռուստամարաթոնի արդյունքներից հետո կտրուկ փոփոխություն նկատվեց իշխանության վարքագծում, գուցե գործի գլուխ նոր վարչախումբն էր, չգիտեմ: Իհարկե, մեծ հաճույքով կվնասեին «Չապ» ՍՊԸ-ին պատկանող օճառի գործարանը, բայց տեսնելով, որ գործարանը դեռ չի աշխատում, սկսեցին ստուդիայից: Հիմա իմ բիզնեսն էլ է վնասված: Ես հնդիկների հետ պայմանագիր էի կնքել օճառի եւ լվացող միջոցների հոսքագիծ Հայաստան ներմուծելու համար: Բայց հարկայինի օպերլիազորները ժամանեցին եւ ես հասկացա, որ «ԳԱԼԱ»-ի գովազդատուներին մեկ օրում փախցնելով՝ նույնը կբերեն գործարանի գլխին, ի՞նչը կխանգարեր նրանց հրահանգել բոլոր խանութներին՝ իմ արտադրանքը չվաճառել: Դրա համար ես գիտակցաբար ներդրումներ չկատարեցի: Նաեւ վստահ եմ, որ էդ հոսքագիծը մինչեւ օրս ես տեղ չէի հասցնի, որովհետեւ մաքսայինը մեծ խոչընդոտներ կստեղծեր ինձ համար:

– Այս պահին «ԳԱԼԱ»-ի գործերը վճռաբեկ դատարանում են: «Ա1+»-ի Եվրոդատարանում տարած հաղթանակը դատավորներին դաս կլինի՞ «ԳԱԼԱ»-ի նկատմամբ արդար վճիռ կայացնելու, թե՞ ստիպված կլինեք հարցերը նորից լուծել Եվրոդատարանով:

– «ԳԱԼԱ»-ին չեն թողնի, որ Եվրոդատարան հասնի: «ԳԱԼԱ»-ի դեպքը նպաստեց, որ «Ա1+»-ի հարցը Եվրոդատարանում բնականոն ընթացք ստանա: Կարծում եմ, որ «Ա1+»-ի վերաբերյալ ԵԴ-ի որոշումն իր հերթին կօգնի «ԳԱԼԱ»-ին: Մենք 100 հազար դոլարի, այսինքն՝ 30 միլիոն դրամի վնաս ենք կրել՝ չհաշված բարոյական վնասները, 7 ամիս շարունակ: Չեմ կարծում, որ իշխանությունները գումարի ահռելի լինելը չեն գիտակցի ու կառաջարկեն մեզ հարցերը լուծել Եվրոդատարանով:

Հ. Գ.- Օրերս Գյումրի կատարած այցի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը անդրադառնալով «Ա1+»-ի՝ Եվրոդատարանում տարած հաղթանակին, ասաց. «Ա1+»-ը մեկ անգամ եւս անուղղակի ապացուցեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում Հայաստանում խոսքի ազատության ոչ լիարժեք լինելու մասին բարձրացրած խնդիրը շատ ակտուալ է երկրի համար: Ցանկալի է, որ նման խնդիրները լուծվեն ազգային ինստիտուտների, ոչ թե Եվրոպական դատարանի միջոցով: Եթե դատարանները ճիշտ գործեն՝ ոչ միայն խնդիրները արդարացի կլուծենք, այլեւ կապահովենք ներդաշնակությունը: Իսկ այս դեպքը Հայաստանի միջազգային վարկանիշի համար, բնականաբար, լավ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30