Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵԼՈՒ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Օգոստոս 01,2008 00:00

\"\"Նկատի ունենալով «մարտի 1»-ի գործով կալանավորման որոշումները՝ կանխատեսում է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

– «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահին ուղարկված Ձեր առաջին նամակում չափազանց կարեւոր էիք համարել, որ հանձնաժողովն իր աշխատանքները սկսի մարտի 1-ի առավոտվա դեպքերի համակողմանի ուսումնասիրությունից: Սակայն պարզվեց, որ այս առումով փաստական շատ քիչ նյութ կա՝ միայն ոստիկանության ուղարկած տեսաերիզը: Այս պայմաններում որքանո՞վ է հնարավոր Ձեր խորհրդի իրականացումը:

– Կարծում եմ, որ միայն նյութերով չի պայմանավորված: Կան նաեւ այդ ժամանակվա պաշտոնյաներ, որոնց կարելի է հրավիրել հանձնաժողով ու զրուցել նրանց հետ: Բայց չէի ցանկանա առաջ ընկնելով որեւէ բան ասել, քանի որ հնարավոր է՝ հանձնաժողովը հրավիրի նաեւ նրանց: Եվ նրանց նույնիսկ չգալն արդեն ինչ-որ բան կնշանակի: Համոզված եմ, որ հնարավոր է վերականգնել ընդհանուր պատկերը, թե ինչ է կատարվել առավոտյան:

– Որքանո՞վ եք արդյունավետ համարում հանձնաժողովի ընտրած գործելակերպը, երբ առավել անդրադառնում են «մարտի 1»-ի հետեւանքներին՝ կալանավորվածների հետ հանդիպումներ եւ այլն:

– Կարծում եմ, ինքը՝ երեւույթը նախ պիտի գնահատվեր, հասկացվեր՝ նույնիսկ մեր պետական շինարարության տեսակետից: Հետո նոր՝ ընդհանուրից անցնեին մասնավոր դեպքերին: Անմիջապես մասնավոր դեպքերին անցնելը, թե մի դեպքում իրավապահները ճիշտ են եղել, մյուս դեպքում ճիշտ չեն եղել, կարծում եմ, կարող է խճճել իրավիճակը:

– Սամվել Նիկոյանին ուղարկված Ձեր երկրորդ նամակը վերաբերում էր «մարտի 1»-ի գործով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններին, դրանց վերաբերյալ դատարանների որոշումներին եւ այլն: Հանձնաժողովը կհասցնի՞ քննության առնել նաեւ այս ամենը, հաշվի առնելով, որ արդեն հոկտեմբերին պիտի ներկայացնի եզրակացություն:

– Հանձնաժողովի մեթոդաբանությունը եւ գործունեությունն ինչ-որ տեղ կարող են համընկնել, մեկ այլ տեղ՝ չհամընկնել իմ մոտեցումներին: Բայց համոզված եմ, որ ամեն մարդ պիտի անի այն, ինչ կախված է իրենից: Տվյալ դեպքում՝ ինչ նյութեր ունեի կալանքի հետ կապված՝ ուղարկեցի: Ու ոչ միայն նյութեր եմ ուղարկել, այլ նաեւ՝ դրանց իմ վերլուծությունը եւ գնահատականը, թե համաձայն չեմ, որ այդ դեպքերի վերաբերյալ կալանք է կիրառվել, նաեւ այն, թե ինչ սխալներ են թույլ տրվել: Ընդ որում՝ այս կապակցությամբ մեջբերել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Հիմա մնացածը, թե հանձնաժողովը մինչեւ հոկտեմբեր դրանցով ինչպես կզբաղվի… դեռ 2-3 ամիս կա, չէի ուզենա առաջ ընկնել: Կարող եմ ասել, որ ինչ նյութ ունենանք, որը, կարծում եմ, իրենց պետք կգա՝ էլի կուղարկեմ:

– Այդ նյութերի Ձեր դիտարկումներում նշել եք, որ կալանքի միջնորդություններում չեն մասնավորեցրել անձի կոնկրետ գործողությունները, նաեւ չեն պատճառաբանել, թե ինչ հիմքեր ունեն եզրահանգելու, որ մեղադրյալը կարող է թաքնվել նախաքննությունից եւ այլն: Մեջբերել եք ՄԻԵԴ որոշումներ, որոնցով կոնվենցիայի խախտում են համարվում նման գործողությունները: Ըստ այդմ՝ եթե այս գործերը հասնեն Ստրասբուրգ, Հայաստանն էլի պարտվելու է: Ուրեմն, ինչո՞ւ հաշվի չեն առնում Ձեր այս նախազգուշացումները:

– Արդեն սովոր ենք, որ հաշվի չեն առնում: Ասենք, մենք նշում էինք, որ սեփականության իրավունքի տեսակետից երկրում իրավիճակն անմխիթար է, 5 տարվա մեջ դատարաններում որեւէ քաղաքացի չի շահել, բայց մեզ վրա ուշադրություն չէին դարձնում: Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հենց առաջին՝ Ճղրյանի գործով, կառավարությունն անմիջապես պատրաստակամություն հայտնեց հաշտություն կնքելու: Իսկ դա արվում է, երբ համոզված ես, որ չունես շահելու հնարավորություն:

Մենք խոսում էինք արդար դատաքննության մասին, որ այստեղ խնդիրներ ունենք: Ուշադրություն չէին դարձնում: Բայց ստացանք Միքայել Հարությունյանի գործը, երբ ՄԻԵԴ-ին գրել էին, թե ճիշտ է՝ խոշտանգումներն ապացուցվել են, բայց դա արվել է արդարության համար: Սա արդեն միջնադարյան ինչ-որ մի բան է:

Մենք խոսում էինք, որ խոսքի ազատությունը երկրում անմխիթար վիճակում է: Բանի տեղ չէին դնում: «Ա1+»-ով էլ պարտվեցինք:

Եվ ես հիմա առաջ ընկնելով կարող եմ ասել՝ այս գործերը եթե այս ձեւով շարունակեն ընթանալ՝ դրանց ճնշող մեծամասնության դեպքում մենք պարտվելու ենք Եվրոպական դատարանում: Այսօր արձանագրենք սա՝ օրը կգա, կհամոզվեն: Սա սովետական ժամանակաշրջանից եկած պրակտիկա է՝ համատարած կալանք պահանջելը եւ այն անմիջապես ընդունելը:

– ՀՀ ոստիկանապետին ու Հատուկ քննչական ծառայության պետին շուրջ մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էիք, որ Ձեզ դիմողները հայտնում են, որ «մարտի 1»-ի գործի շրջանակներում իրավապահ մարմինները ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների միջոցով իրենցից կորզում են կեղծ ցուցմունքներ՝ այլ անձանց վերաբերյալ: Ի՞նչ պատասխան ստացաք:

– Նման 4-5 դեպք ենք արդեն արձանագրել: Մի քաղաքացի, ասենք, նշել էր, որ ինքը տուն չի գնում, փախուստի մեջ է, եւ խնդրում էր, որ միջոցներ ձեռնարկենք՝ նրան պաշտպանենք, քանի որ իրեն ճնշում էին, որ ցուցմունք տա: Այսպիսի դեպքերը շատացել են, ու սա մտահոգություն է առաջացնում: Այս ամենը կա՛մ պիտի հիմնավորված հերքվի, կա՛մ… Բայց որեւէ բան չի արվում: Ոչ մի պատասխան, որեւէ խոսակցություն չկա:

– ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստում ԵԽԽՎ նախագահն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը զեկույցներ են ներկայացնելու Հայաստանի վերաբերյալ: Միտում տեսնո՞ւմ եք, որ իշխանությունը հասկացել է, թե ինչ է սպասվում մեր երկրին, եթե շարունակեն բանտերում պահել քաղաքական դրդապատճառներով կալանավորվածներին:

– Ես երկուսի հետ էլ հանդիպել եմ ու կարող եմ նշել, որ իրոք՝ նրանց դիրքորոշումը բավական կոշտ էր: ԵԽԽՎ նախագահն ինձ նույնիսկ ասաց՝ պրն Հարությունյան, իմ կոշտ դիրքորոշումից մի տարակուսեք. ես դիվանագետ չեմ, քաղաքական գործիչ եմ եւ ուղղակի եմ ասում՝ մարտի 1-ի հանձնաժողովից առանձին եթե փաստահավաք խումբ չստեղծվի ու քաղաքական դրդապատճառներով մարդիկ մնան կալանքի տակ՝ աղետալի են լինելու հետեւանքները: Հիմա թող իշխանությունը որոշի՝ ինչ են անելու եւ ինչպես: Որոշ մարդկանց վերջերս կալանքից ազատեցին, եւ դա դրական է: Բայց ԵԽԽՎ նախագահն ուղղակի ասաց, որ եթե նույնիսկ մեկն էլ մնա բանտում՝ ուրեմն, մեզ համար հարցը լուծված չէ: Ես համոզված եմ, որ քայլեր պիտի ձեռնարկենք՝ «մարտի 1»-ի հետեւանքները հաղթահարելու համար. սա մեր պետական շինարարության համար բախտորոշ իրավիճակ է: Ու նաեւ չհայտնվենք անհեթեթ իրավիճակում. շատ պոստսովետական երկրներ մեզնից ավելի ժողովրդավարական չեն, բայց նրանք կմնան Եվրոպայի խորհրդում, իսկ մեր նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն: Ճիշտ կլինի, որ այս իրավիճակում ճիշտ կողմնորոշվենք, մանավանդ որ՝ դա մեզ համար ենք անում: Մինչեւ այս խնդիրը չլուծվի՝ իրոք կառուցողական պետական շինարարության հետագա ընթացքի մասին խոսելը մի քիչ դժվար կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել