Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդելու փոխարեն՝ աչք են փակում

Սեպտեմբեր 06,2008 00:00

\"\"Ապօրինի եւ վթարային կիսակառույց շենքի սեփականատիրոջը ոչ պատասխանատվության են ենթարկում, ոչ էլ շենքն են քանդում:

Տարիներ առաջ Բուզանդի 49 հասցեում կառուցած ապօրինի 6 հարկանի կիսակառույց շենքը «Ստրոյսարդգրուպ» շինարարական ընկերության համար դարձել է իսկական պատուհաս: Ընկերությունն այդ շենքի հարեւանությամբ շինարարություն իրականացնելու ընթացքում պարզել է, որ 6 հարկանի շենքն ընդամենը 50-60 սանտիմետրանոց բետոնե հիմքի վրա է կառուցված, ընդ որում՝ առանց մետաղյա կոնստրուկցիաների, իսկ քաղաքաշինական նորմերով բարձրահարկ շենք կառուցելու համար պահանջվում է առնվազն 5-6 մետր խորությամբ հիմք փորել:

«Ստրոյսարդգրուպը» ծրագրել է այդ շենքի հարեւանությամբ բարձրահարկ բնակելի շենք կառուցել, սակայն ընկերության պատասխանատուների խոսքերով՝ շինարարությունը սկսելու դեպքում վթարային շենքը կփլվի, առիթ հանդիսանալով դժբախտ դեպքերի. «Վախենում ենք մեր շենքի հիմքը փորելուց: Իսկ եթե փլվի՝ դրա պատասխանատվությունն ո՞վ է կրելու: Մենք բազմիցս դիմել ենք քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն, որ այդ շենքի սեյսմակայունությունը ստուգեն եւ գրավոր մեզ պատասխանեն, որպեսզի մենք հետագայում պատասխանատվություն չկրենք: Բայց ոչ ոք պատասխան չի տալիս, իրար վրայից ցրում են»,- մեզ հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Մերուժան Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ, քաղաքաշինության նախարարությունից իրենց գրավոր պատասխանել են, որ Բուզանդի 49 հասցեում կառուցված կիսկառույցի սեփականատիրոջից պահանջել են համապատասխան փաստաթղթեր, որոնք ստանալուց հետո կուսումնասիրեն եւ լրացուցիչ կպատասխանեն: Իսկ մինչ նախարարությունը սպասում է փաստաթղթերին, «Ստրոյսարդգրուպը», շինարարությունը չսկսելու պատճառով, նյութական վնասներ է կրում, քանի որ պատվիրատուի հետ պայմանագիր ունեն, ըստ որի՝ սեղմ ժամկետում պետք է նոր շենքը պատրաստ լինի: Ընկերության տնօրենի պատմելով՝ շենքի սեփականատիրոջը փնտրելու ընթացքում պարզել են, որ այդ շենքն ընդհանրապես որեւէ գերատեսչությունում գրանցված չէ, այսինքն՝ անօրինական է. «Կադաստրի տրամադրած տվյալներով, այդ հասցեում բարձրահարկ շենք չկա գրանցած, միայն մի քանի փոքրիկ սեփական տներ են, որոնք այդ շենքի սեփականատերը գնել էր ժամանակին»:

Ընկերության տնօրենը քաղաքաշինության նախարարությանն ու քաղաքապետարանին անգամ առաջարկել է իր ֆինանսական միջոցներով օգնել, որպեսզի վերջիններս սեյսմակայունությունը ստուգեն ու համապատասխան եզրակացություն տան: Սակայն նրա դիմումները մնում են անպատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել