Լրահոս
Օրվա լրահոսը

Հ/կ-ները պահանջում են

Փետրվար 03,2009 00:00

Հունվարի 30-ին գումարվել է Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ընդլայնված նիստ, ուր ընդունված հայտարարությամբ մասնակիցները արձանագրել են «Այլեւս գաղտնիք չէ, որ վիրահայության դեմ ուղղված այս վտանգավոր իրավիճակը այսօրվա իրադարձությունների արդյունք չէ, այլ վրացական իշխանությունների կողմից դեռեւս 19-րդ դարի կեսերից սկիզբ առած, ծրագրավորած հակահայ գործողությունների շարունակություն: Այսօր այդ քաղաքականությունը նոր թափ ու ձեւ է ստացել: Այդ հրեշավոր ծրագրերի կանխումն այսօր մեր բոլորիս սրբազան պարտքն է: Այդպիսի անմարդկային գործողություններին հակազդելու միակ միջոցը մեր ժողովրդի միասնական ու վճռական գործողություններն են լինելու»:

Հայտարարության հեղինակները Վրաստանի իշխանության դեմ հարցեր են դնում. վերացնել հակահայ շեշտված քաղաքականությունը, որի արդյունքում կիրականացվեն ու կապահովվեն ներքոթվարկյալ գործողությունները, տեղական ինքնակառավարման մարմինների ազատ, թափանցիկ եւ արդար ընտրությունների կազմակերպում, ռեգիոնալ ծառայություններում բնակչության թվակազմին համապատասխան հայերի ներգրավում, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում պետանվտանգության ռեգիոնալ ծառայության կողքին ռեգիոնալ այլ ծառայությունների տեղակայում, պետության կողմից լուրջ ներդրումային քաղաքականության իրականացում, այն հաշվով, որ առաջիկա հնգամյակում տեղաբնիկների համար բացվի առնվազն քսան հազար աշխատատեղ, բնակչության էթնիկ կազմի արհեստական փոփոխմանն ուղղված եւ ըստ ազգային պատկանելության խտրական «վերաբնակեցման» գործընթացների դադարեցում, տարածաշրջանի բացարձակ մեծամասնության մայրենիին՝ հայոց լեզվին, պետական լեզվին՝ վրացերենին զուգահեռ տրվի տարածաշրջանային լեզվի կարգավիճակ, տեղական ինքնակառավարման մարմիններում գործավարությունը տեղաբնիկների մեծամասնության մայրենի լեզվով վարում…

«Որպես երկխոսության սկիզբ, երկրի իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազա՛տ արձակել անհիմն ձերբակալված Գրիգոր Մինասյանին ու Սերգեյ Հակոբջանյանին, համապատասխան պատժամիջոց կիրառելով նրանց անօրինական ձերբակալման համար մեղավոր ծառայողների նկատմամբ, եւ պետության հաշվին հատուցել նրանց կրած նյութական ու բարոյական վնասները: Եթե մեր բնակչության սույն առաջարկներն ու պահանջները ուշադրության չարժանացվեն ու գործնական քայլեր չիրականացվեն, ստիպված կլինենք մեր տարածաշրջանների կարգավիճակը լուծել հանրաքվեի ճանապարհով: Մեր գործն արդար է, մենք այլեւս նահանջելու տեղ չունենք»,- ամփոփում են հայտարարության հեղինակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել