Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Փետրվար 19,2009 00:00

\"\"Երեկ Սախալինում հանդիպեցին ՌԴ նախագահը եւ Ճապոնիայի վարչապետը: Տառո Ասոն դարձավ Ճապոնիայի կառավարության առաջին ղեկավարը, որը Սախալին է այցելել 2-րդ համաշխարհային պատերազմից հետո: Ըստ newsru.com-ի, Տոկիոյում հույս ունեն, որ 2 ղեկավարների հանդիպումը կխթանի Ճապոնիայի եւ Ռուսաստանի մերձեցմանը տնտեսական ոլորտում եւ կվերսկսվի երկխոսությունը Կուրիլյան կղզիների շուրջ: Ինչպես հայտնի է, ճապոնացիները վստահ են, որ դրանցից առնվազն 2-ը պատկանում է իրենց: «Մեր երկրների միջեւ տարածքային խնդիրը քաղաքական լուծում է պահանջում,- վստահ է Ճապոնիայի վարչապետը:- Այդ խնդիրը խոչընդոտում է մեր երկկողմ հարաբերություններին: Այն մոտեցումը, երբ Ռուսաստանը խոսում է 2 կղզիների մասին, իսկ մենք՝ 4, ոչ մի առաջընթացի չի բերել: Հենց այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական եղանակով եւ չդրվի պաշտոնյաների ուսերի վրա»: Ղեկավարները պայմանավորվել են արագացնել աշխատանքը տարածքային խնդիրների շուրջ՝ «օգտագործելով ստեղծագործական, ոչ շաբլոն նոր մոտեցումներ»:

Պաշտոնապես վարչապետ Ասոն Սախալին է ժամանել հեղուկ գազի արտադրության գործարանի բացման կապակցությամբ: Ձեռնարկության վերահսկիչ փաթեթը պատկանում է «Գազպրոմին», իսկ արտադրանքի մեծ մասը մատակարարելու է Ճապոնիան: Մոսկվան մտադիր է նաեւ 27%-ով ավելացնել գազի եւ 24%-ով՝ նավթի առաքումը Ճապոնիա, ինչպես նաեւ կառուցել նոր ռազմավարական նշանակություն ունեցող խողովակաշարեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել