Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջ՝ բուհական «դուքաններին»

Մարտ 07,2009 00:00

Նախագահի վերահսկողական ծառայությունը դեռեւս անցյալ տարի ուսումնասիրություններ էր անցկացրել ոչ պետական բուհերում՝ արձանագրելով բազմաթիվ խախտումներ: ԿԳՆ Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա, նախարարի համապատասխան հրամաններով, 2009 թ. մարտի 2-ից դրանց մի մասի գործունեությունը կասեցվեց: Ըստ lragir.am-ի, երեկ «Հայելի» ակումբում արտոնազրկված համալսարանների ներկայացուցիչները պարզաբանում էին պահանջում Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանից:

Երեւանի ապրանքագիտության տեխնոլոգիական համալսարանի ղեկավար Առնոս Հովհաննիսյանի պնդմամբ, Հայաստանում մասնավոր բուհեր, որպես այդպիսիք, վաղուց չկան, կան ՍՊԸ-ներ, որոնք օրենքի համաձայն ստացել են լիցենզիա, այդ թվում՝ բարձրագույն կրթություն իրականացնելու: Ըստ Հովհաննիսյանի, ամբողջ խնդիրն այդ ուսումնական հաստատությունների համալսարան կոչվելն է, եթե դրանք անվանվեին, օրինակ, «կրթական օջախներ», ապա այսօր իրենք նման խնդրի առջեւ չէին կանգնի:

Ելույթի ընթացքում Հովհաննիսյանը կոչ արեց պատժել օրինախախտներին, որոնք, նրա կարծիքով, ԿԳ նախարարը եւ փոխնախարարն են, ովքեր կատարելով վերեւից տրվող հրահանգը, պարզապես շրջանցել են օրենքը: «Օրենքի համաձայն, ուսանողները մինչ բուհի լուծարումը պետք է տեղափոխվեին այլ բուհ, այնինչ, այսօր նրանք հայտնվել են բարդ կացության մեջ, դադարեցվել են դասապրոցեսները, իսկ ապագայի վերաբերյալ պատկերացումներն էլ աղոտ են»,- ասում է Առնոս Հովհաննիսյանը:

«Վիլյամ Սարոյան» համալսարանի փոխտնօրեն Հարություն Արզումանյանն էլ ասում է, որ մայիս ամսին տեղի ունեցած ստուգումները որեւէ լուրջ թերացում չեն մատնանշել, սակայն փետրվարի 26-ին տեղի ունեցած նիստի ընթացքում առանց նախազգուշացման, գաղտնի քվեարկությամբ հայտարարվել է բուհի կասեցման մասին, այնինչ, օրենքի համաձայն, բուհին տրվում է վեց ամիս ժամանակ՝ թերությունները շտկելու համար:

ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը կատարվածի վերաբերյալ ունի իր դիրքորոշումը. «Ոչ պետական բուհերը վաղուց վերածվել էին դուքանների, կար երկսենյակ մի շինություն, որտեղ ռեկտորը քարտուղարուհու հետ միասին զբաղված էին դիպլոմներ գրելով»: Ավագյանի համոզմամբ, գործող մի շարք բուհեր չունեն համապատասխան ուսումնական պլան, գիտահետազոտական տարածքներ, պրոֆեսորադասախոսական կազմ, իսկ բուհի ուսանողներն էլ պարզապես մրցունակ չեն ոչ երկրի ներսում եւ ոչ էլ դրանից դուրս: Ավագյանի խոսքով, ոչ պետական բուհերի լուծարման գործընթացը շարունակվում է, եւ սեպտեմբեր ամսին կլուծարվի եւս 17 ոչ պետական բուհ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել