Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԱԿԱՆ «ԱՐԾԱԹ» ԵՎ «ԲՐՈՆԶ»

Ապրիլ 01,2009 00:00

Երեկ Վիլնյուսում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

\"\"Յոթ քաշային կարգերում չեմպիոնի եւ մրցանակակիրների կոչման համար պայքարելու հայտ ներկայացրել էին երեք տասնյակից ավելի երկրների ազգային ֆեդերացիաներ: Սպասվում էր, որ պայքարը լինելու էր անակնկալներով լի: Մրցավայր մեկնած մարզական լրագրող Կարեն Գիլոյանի հաղորդած տեղեկատվության համաձայն՝ առաջին սենսացիոն անակնկալը Լիտվայի մայրաքաղաքում գրանցվել է մինչեւ պայքարն սկսվելը: Եվ դրա հեղինակը Մակեդոնիան է, որի ազգային հավաքականը բժշկական ստուգման արարողությունից հետո ամբողջական կազմով որակազրկվել է:

Երեկ՝ մեկնարկային օրը, մրցագորգը տրամադրվել էր մինչեւ 55, 66, 84 եւ 120 կիլոգրամ քաշային ազատ ոճային ըմբիշներին: Հայաստանի մարզական դրոշի պատիվն ըստ քաշերի հերթականության պաշտպանում էին Միհրան Ջաբուրյանը, Ժիրայր Հովհաննիսյանը, Հարություն Ենոքյանը եւ Ռուսլան Բասիեւը:

Մեկնարկը, որքան էլ այն ծանր էր, մեր հավաքականի համար հաջող էր: Մեր բոլոր մասնակիցները հաջողությամբ հաղթահարեցին նախնական փուլը: Բայց կորստից խուսափել, այնուամենայնիվ, հնարավոր չեղավ, այն էլ՝ արդեն մեդալների համար պայքարի սկզբում: 84 կգ քաշային Հարություն Ենոքյանը եւ Միհրան Ջաբուրյանը՝ 55 կգ, արդեն բրոնզե մեդալի իրավունք նվաճելու պայքարի որոշիչ փուլում տանուլ տվեցին մրցակիցներին եւ մնացին դատարկաձեռն: Նրանց փոխարեն հաջող հանդես եկան մեր մյուս երկու ըմբիշները: 66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանն արդեն 1/2 եզրափակիչում առավել քան վստահ հաղթանակ տարավ մոլդովացի մրցակցի նկատմամբ՝ Հայաստանի համար նվաճելով թեկուզ բրոնզե, բայց առաջին մեդալը: Նույն օրը Ժիրայրից մեկ քայլ ավելի առաջ գնաց լեգեոներական Ռուսլան Բասիեւը, որը մտնելով եզրափակիչ՝ իր համար ապահովել էր առնվազն արծաթե մեդալ: Ափսոս, Ռուսլանը վճռորոշ գոտեմարտում տանուլ տվեց Ալի Իսաեւին ու բավարարվեց «արծաթով»:

Այսօր ազատ ոճայիններն ավարտում են պայքարը: Մրցագորգ մտնելու են Արթուր Առաքելյանը՝ 60 կգ քաշային կարգ, Սուրեն Մարկոսյանը՝ 74 եւ Էդգար Ենոքյանը՝ 96:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել